ԱՄՆ դեսպանն ամփոփում է իր պաշտոնավարման մեկ տարին
«Մեկ տարի առաջ հենց այս օրը ժամանեցի Երեւան։ Հիշում եմ, որ ձյուն էր գալիս ու շատ դժվար էր մեքենան վարել», երեկ հրավիրած իր մամլո ասուլիսում նշեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը։ Իսկ երեկ ոչ միայն ձյուն չէր գալիս, այլեւ իր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում, Ջ. Օրդուեյի դիտարկմամբ, բավականին մեծ առաջընթաց է գրանցվել մեր երկրում։
Դեսպանը նշեց, թե հայ-ամերիկյան փոխգործակցության առաքելություն ունենալով, ինքն այդ մեկ տարվա համար երեք ոլորտ է առանձնացնում։ Նախ պրն Օրդուեյը նշեց ռազմական համագործակցությունըՙ հավաստիացնելով, որ այդ ոլորտում, մասնավորապես կապի համակարգում գործակցությունը զարգանում է այնպես, ինչպես ծրագրվել էր։
Երկրորդ բնագավառը, որտեղ համագործակցությունը որոշակի հաջողություն է գրանցել, ըստ Ջ. Օրդուեյի, տնտեսությունն է։ Ըստ նրա, համատեղ ջանքերով երկու կողմերը փորձում են խթանել գործարարությունը մեր երկրում։ Հիշեցրեց ԱՄՆ օգնությունն աղետի գոտու վերականգնման գործում, մասնավորապես, բնակարանաշինության մեջ։ Աղետի գոտու 3000 բնակիչ ամերիկյան կողմի աջակցությամբ ապահովվել է բնակարաններով։
Գալով առավել ընդհանուր գնահատականներիՙ պրն Օրդուեյը նշեց, թե հարկային վարչարարության դեռեւս ոչ բարենպաստ վիճակը, կոռուպցիան շարունակում են դժվարություններ առաջացնել տնտեսության զարգացման ճանապարհին։ «Կարծում եմՙ անցյալ տարին այս ամենի առումով քննարկումների, ուղիների որոնման շրջան եղավ։ Եվ հիմա մոտենում է գործնական քայլեր ձեռնարկելու ժամանակը»։ ԱՄՆ դեսպանը քանիցս կարեւորեց հատկապես Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը մեր երկրիՙ հնարավորինս արագ անդամակցության խնդիրը, որն, ի դեպ, քննարկվում էր երեկ այդ կազմակերպության կենտրոնական գրասենյակումՙ Ժնեւում։
Որպես Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացման երրորդ ուղղություն պրն Օրդուեյն առանձնացրեց քաղաքացիական հասարակության, ժողովրդավարական արժեքների կայացման ոլորտը, որ լայնածավալ է եւ ներառում է կրթականից մինչեւ, ասենք, հասարակական կազմակերպությունների գործունեությունը խթանող ծրագրեր։
Ջոն Օրդուեյն այստեղ ընդգծեց հատկապես «ընտրական գործընթացներին աջակցելու» խնդիրը։ «Կարծում եմՙ պատշաճ չի լինի ԱՄՆ-ի կամ մեկ այլ երկրի կողմից որեւէ թեկնածուի պաշտպանելու մասին խոսել։ Մենք որեւէ թեկնածության ո՛չ կողմ ենք արտահայտվում, ո՛չ էլ հակադրվում ենք։ Բայց կամենում ենք, որ կայանան արդար ու թափանցիկ ընտրություններ։ Եվ վստահ եմ, որ նման ընտրությունները հնարավոր են ձեր երկրում»։ Նշելով, թե այդ հնարավորության առկայությամբ, այնուամենայնիվ, դեռ շատ անելիք կաՙ իսկապես ազատ եւ արդար ընտրություններ ունենալու համար, դեսպանը հավաստեց իր երկրի պատրաստակամությունըՙ աջակցելու այդ գործընթացների ժողովրդավարացմանը։
Մասնավորապես, շեշտվեց աջակցությունը հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ «Բայց հասկանալի է, որ, ինչպիսի աջակցություն էլ լինի, ԿԸՀ-ն, ինչպես նաեւ տեղական ընտրական հանձնաժողովներն ու նրանց ղեկավարներն ունեն իրենց դերն այս գործընթացներում»։
Ամփոփելով Օրդուեյը վստահություն հայտնեց, թե Հայաստանը հետեւողականորեն գնում է դեպի ժողովրդավարություն եւ ազատական շուկա։ Պատասխանելով լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է համարում առաջընթաց ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում ընտրությունների այս շրջանում թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում, դեսպանը տեսակետ հայտնեց, որ այս շրջանում դժվար կլինի, թերեւս, գտնել լուծման ընդունելի տարբերակ, որ չդառնա քաղաքական շահարկումների առարկա։ «Այնուամենայնիվ, կարծում եմ, կարեւոր է եւ հնարավոր, որ կողմերը շարունակեն բանակցությունները, որպեսզի ընտրություններից հետո բանակցություններն առավել արագ ընթացք ստանան»։ Պրն Օրդուեյը խուսափեց նաեւ այս պահին ենթադրություն անել, թե նախագահական ընտրությունների արդյունքները երկու երկրներում ինչպես կազդեն բանակցային գործընթացի վրա։
Հայաստանյան լրագրողները հետաքրքրված էին նաեւ Թուրքիայում իսլամիստների հաղթանակի հետեւանքով հնարավոր փոփոխությունների վերաբերյալ ԱՄՆ տեսակետով։ «Թուրքիայի ընտրությունների արդյունքները որեւէ կերպ չեն փոխում մեր շահերն այս տարածաշրջանում, նաեւ մեր համագործակցությունն այդ պետության հետ։ Ինչպես եւ նախկինում, մեր նպաստը պիտի բերենք հայ-թուրքական երկխոսության խթանմանը»։
ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ