Աշնանային այդ օրը օշականյան սրբավայրը լեփ-լեցուն էր Հայաստանի տարբեր վայրերից եւ սփյուռքից եկած հյուրերով, հավատացյալներով ու մտավորականներով։ Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու կողքին, ուր հանգչում է հայ գրերի մեծանուն ստեղծողը, բացվում էր մի նոր հաստատություն, որը կոչված էր դառնալու Հայ առաքելական եկեղեցու ծիրում գործող գիտամշակութային ու հոգեմտավոր կենտրոն։
Դեռ ավելի քան մեկ տասնամյակ առաջ Օշականի հինավուրց դպրոցը, որ կառուցվել էր անցյալ դարի սկզբներին, հանձնվեց եկեղեցու տնօրինությանը։ Այն Մաշտոցյան թանգարանի վերածելու Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի ցանկությունը հետագա իրադարձությունների պատճառով մնաց անկատար։ Դպրոցական շենքի հիմնովին վերակառուցման գործն իր լրումին հասավ երջանկահիշատակ Գարեգին Ա Հայրապետի օրոք, ամերիկահայ բարերար Ջիվան Կոբոյանի ներդրումներով, Արագածոտնի թեմի հիմնադիր առաջնորդ Նավասարդ եպս. Կճոյանի նվիրյալ ջանադրությամբ։ Լքված ու կիսավեր շենքը ստացավ նոր տեսք, նրա պատերի մեջ հանդերձավորվեցին դահլիճներ ու հարկաբաժիններ, տանիքը պսակվեց գմբեթով։ Սակայն թանգարան դարձնելու մտադրությունն անբավարար թվաց եւ որոշվեց նորահաստատ շինությունը դարձնել գիտամշակութային կենտրոն, որտեղ նորագույն ժամանակներում թերեւս առաջին անգամ հնարավորություն կտրվի միահյուսելու մեր ակադեմիական գիտության ու հոգեւոր-կրոնական մտքի աշխատանքը հայագիտության եւ մասնավորաբար մաշտոցագիտության զարգացման ասպարեզում։
Այդ իրադարձությունը կայացավ 1997 թ. հոկտեմբերի 28-ին։
Ուղիղ հինգ տարի գործում է մաշտոցագիտական այս հաստատությունը, եւ նրա կամարների տակ տեղի են ունեցել բազմաթիվ հիշարժան իրադարձություններ։ Երկրորդ հարկի սրահներում բացվեց Մեսրոպ Մաշտոցին, հայ գրին ու գրչությանը, հայ քրիստոնյա քաղաքակրթությանը նվիրված արվեստի գործերի մշտական ցուցադրություն։ Ստեղծվեց հայագիտական-աստվածաբանական հարուստ գրադարան։ Մեր մտավորականությունը, գիտական կրթական ու ստեղծագործական միությունները, ՀՀ կրթամշակութային գերատեսչությունները սիրով արձագանքեցին Գարեգին Ա կաթողիկոսի կոչին, որով Վեհափառը հրավիրում էր մասնակցելու նոր հոգեմտավոր կենտրոնի ստեղծմանը։ Եղան բազմաթիվ նշանակալից նվիրատվություններ, իրենց ծառայություններն ու աջակցությունն առաջարկեցին հայրենիքի ու սփյուռքի գիտնականները, նկարիչները, մշակութային ու կրոնական կազմակերպությունները, ՀՀ ԳԱԱ ակադեմիան։ Ստեղծվեց հաստատության գիտխորհուրդ, որի կազմի մեջ էին այնպիսի նշանավոր հայագետներ, ինչպիսիք էին ակադեմիկոսներ Գագիկ Սարգսյանը, Էդուարդ Ջրբաշյանը, Վաչե Նալբանդյանը, Լենդրուշ Խուրշուդյանը, Գրիգոր Խանջյանը, Վարդգես Միքայելյանը, դոկտորներ Պիոն Հակոբյանը, Բաբկեն Հարությունյանը, Արամ Քալանթարյանը, Պարույր Մուրադյանը եւ ուրիշներ։ Հաստատությանը, Գարեգին Ա կաթողիկոսի մտահղացմամբ, տրվեց «Դպրատուն» անվանումը, վերածնվեց հինավուրց մի բառ, որը կրում է բազմաբովանդակ խորհուրդ եւ վկայում մշակութային-գիտական ժառանգորդության շարունակականության մասին։
Հինգ տարվա ընթացքում այստեղ գումարվել են բազմաթիվ գիտաժողովներ, ընթերցումներ, գիտական հանդիպումներ, անցկացվել մշակութային ձեռնարկներ, տարաբնույթ հանդիսություններ։ Հիշատակելի է «Աստվածաշնչական Հայաստան» գիտաժողովը, որը հնարավորություն տվեց մեր գիտությանն արդեն անկաշկանդ ու անարգել անդրադառնալու «Գրքերի գրքին», նրա դերին հայ ժողովրդի հավաքական կերպարի կերտման գործում, մեր հայրենիքի անցյալի մասին սուրբգրային հիշատակություններին։ Գիտաժողովն իսկապես դարձավ նշանակալից իրադարձություն մեր գիտական կյանքում, եւ այդ մասին վկայեցին հայրենի ու օտար մամուլում տպագրված բազմաթիվ հրապարակումներն ու գնահատականները։
Ամեն տարի Ս. Թարգմանչաց տոնի օրերին Ս. Մեսրոպ Մաշտոց դպրատանը գումարվում են մաշտոցյան ընթերցումներ։ Դրանք ամեն անգամ ապացույց եւ վկայություն են դառնում մաշտոցագիտության նոր ձեռքբերումների ու նվաճումների։ Կարդացվել են հարյուրից ավելի գիտական զեկուցումներ երկրի առաջատար հայագետների կողմից, քննվել են Մաշտոցի կյանքին ու գործին, նրա ժամանակին, նրանով սկսված հայ քրիստոնեական քաղաքակրթությանը, գրի ու գրչության ծագման ու զարգացման պատմությանը վերաբերող բազմաթիվ հիմնահարցեր։
Մեր հանրության հիշողության մեջ մնում են նաեւ «Ավարայրի խորհուրդ», «Անիի հազարամյա փառքը» գիտական նստաշրջանները, որոնք նույնպես բազմաթիվ արձագանքներ ունեցան, վերարժեւորեցին մեր ստացած մշակութային ժառանգությունն այսօրվա հայացքով ու մտահոգություններով։
Ս. Մեսրոպ Մաշտոց դպրատունը գործում է Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հայրական հոգածության ներքո։ Վեհափառը գտնում է, որ մաշտոցյան այս օջախը քիչ գործ չի կատարել, բայց առավել մեծ են նրա անելիքները։ ՀՀ ԳԱ ակադեմիայի նախագահ Ֆադեյ Սարգսյանն այն համարում է մեր հայագիտությունը ներկայացնող գիտնականների արգասաբեր հավաքատեղի։ Եվ քանի որ արդեն մաշտոցյան չորրորդ ընթերցումներով մեկնարկել են հայ գրերի ստեղծման 1600-ամյա տոնակատարությունները, առաջիկա տարիներին դարձյալ կարեւոր անդրադարձներ կլինեն մեր վաղ պատմության այդ ոսկեղենիկ ժամանակներին։ Իսկապես որ անելիքները շատ են ու բազմազան։ Եվ հնգամյա դպրատունն ի զորու է կատարել իր առջեւ դրված խնդիրները։ Վեհափառի մաղթանքով նա ունի «մաշտոցյան օրհնությունըՙ որպես ներշնչումների անսպառ աղբյուր»։ Եվ հայագիտությունը դեռ սպասելիքներ ունի այս մաշտոցաշունչ օջախից։
ԱՐՏ. ՆԱԶԱՐՅԱՆ