«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#212, 2002-11-20 | #213, 2002-11-21 | #214, 2002-11-22


«ԱՇԽԱՐՀԸ ՏԵՍՆԵԼՈՒ ԲԵՐԿՐԱՆՔԸ»

Երեւանի 8-րդ հիվանդանոցի մանկական ակնաբուժական բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Ահարոն Գաբրիելյանը համոզված է, որ շատ փոքրիկներ, Մանկական փոխպատվաստումների համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի շնորհիվ կվերականգնեն իրենց տեսողական օրգանների խաթարված կենսագործունեությունը։

Հիմնադրամի ստեղծման պատմությունն առավել քան հուզիչ է։ ԱՄՆ Արիզոնայի նահանգի ոստիկանության պետ Մարկ Քրոքերը Հարավսլավիայում գործուղման ժամանակ հանդիպում է լյարդի ցիռոզով հիվանդ փոքրիկ Վերոնիկային։ Աղջկան փրկելու համար Մ. Կրոկերը հանգանակություն է կազմակերպում ԱՄՆ-ում եւ փոխպատվաստում կատարելու նպատակով աղջկան տեղափոխում Նահանգներ։ Սակայն տեղափոխությունը, ինչպես նաեւ անհրաժեշտ ֆինանսական միջոցների ձեռքբերման հապաղումը ճակատագրական են դառնում։ Հարավսլավացի աղջկա կյանքը փրկել չի հաջողվում։ Այդուհանդերձ, Վերոնիկայի ծնողները խնդրում են Մ. Կրոկերին շարունակել իր սկսած գործը։ Չէ որ աշխարհում իրենց սիրելի դստրիկի պես քանի-քանի՜սն ունեն նման աջակցության կարիք։ Ահա այսպես է Լոս Անջելեսում 1987 թ. ստեղծվում «Մանկական փոխպատվաստումների համաշխարհային հիմնադրամը»։ Եվ, թերեւս, ազգանվան «յան» վերջնածանցն էր պատճառը, որ հիմնադրամի փոխնախագահ Վալերի Մակ-Քեֆրի-Բունիաթյանը որոշում է, որ հիմնադրամը մասնաճյուղ բացի Հայաստանում։ «Երեւանի 8-րդ հիվանդանոցի ընտրությունը պատահական չի եղել,- ասում է հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Մ. Եգանյանը։ Հաշվի են առնվել բազմաթիվ գործոններ, որոնք առնչվում են բուժանձնակազմի մասնագիտական խնդիրներին եւ գիտական ներդրումներին, նորարարությանը մասնակից լինելու պրպտումներին եւ, ինչու չէ, նաեւ կոլեկտիվի բարոյա-հոգեբանական մթնոլորտին։ Ըստ էության, բաժանմունքն ապրում եւ աշխատում է ընտանիքին բնորոշ ջերմությամբ եւ նվիրումով»։

Հիվանդանոցի 40-ամյա պատմության էջերը զարդարում են այնպիսի անուններ, ինչպիսիք են Ե. Բլավատսկայան, Ի. Միրզա-Ավագյանը։ Այստեղ են կատարվել եղջերաթաղանթի առաջին փոխպատվաստումները։

1962 թ. 8-րդ հիվանդանոցում գործող ակնաբուժության ամբիոնը նաեւ կադրերի վերապատրաստման ամբիոն է։ Այստեղ ներդրվում եւ ուսումնասիրվում են բուժման նոր մեթոդներ եւ եղանակներ։ Բաժանմունքի մասնագետները մասնակցում են ակնաբուժության համաշխարհային գիտաժողովներին։ Ներկայումս այստեղ կիրառվում է գերբարձր հաճախականության ալիքների օգտագործմամբ եղջերաթաղանթի բուժում։ Բուժօգնության եւ զանազան վիրահատական միջամտությունների ցանկն այսուհետ ավելի կընդլայնվի, քանի որ Մանկական փոխպատվաստումների համաշխարհային հիմնադրամի հետ համագործակցությունը թույլ կտա իրականացնել տեսողական օրգանների ժամանակակից բարդ վիրահատություններ։

2002 թ. ապրիլին ԱԺ ընդունած «Մարդուն օրգաններ եւ հյուսվածքներ պատվաստելու մասին» օրենքը կկարգավորի դոնորի խնդիրը, իսկ հիմնադրամը անհրաժեշտ միջոցներ կհայթայթի դոնորական միջամտության կարիք ունեցող երեխաների համար։

Փոխպատվաստման վիրահատությունների միջին գները Ռուսաստանում կազմում են 600-1000 ԱՄՆ դոլար, իսկ ԱՄՆ-ումՙ 3000-10000 դոլար։ «Հայաստանում,¬ ասում է մանկական բաժանմունքի վարիչ Ահարոն Գաբրիելյանը,¬ նման հիմնադրամի աջակցությունը նշանակում է, որ այսուհետեւ դոնորի եւ ֆինանսական միջոցների հայթայթման խնդիր չի լինի։ Եվ բուժող անձնակազմը կարող է ձեռնամուխ լինել ամենաբարդ վիրահատությունների»։

Վիճակագրական տվյալները փաստում են, որ ազգաբնակչության 98 տոկոսը տարեկան առնվազն 2 անգամ դիմում է ակնաբույժին, իսկ 60 տոկոսն ակնաբույժի կարիք ունի։

Մանկական փոխպատվաստումների համաշխարհային հիմնադրամը ակնաբուժական բաժանմունքին կապահովի նաեւ առաջին անհրաժեշտության որոշ սարքավորումներով եւ ժամանակակից տեխնիկայով։

¬ Հիմնադրամի նորամուտը նախ եւ առաջ առնչվում է դոնորի խնդրին,¬ ասում Ահարոն Գաբրիելյանը։¬ Ճիշտ է, հայ մարդու համար հարազատի մահը չափազանց ծանր է եւ խանգարում ու դժվարացնում է հանգուցյալին որպես դոնորի դիտարկելը։ Սակայն, կարծում եմ, այս պարագայում ազգային մենթալիտետի հաղթահարման միակ ճանապարհը իրական գործերն են։ Չէ՞ որ մեր երեխաներին գունավոր եւ լուսաշող աշխարհը տեսնելու բերկրանքը վերադարձնելը նաեւ մեր երջանկությունն է։

ԱԶԳԱՆՈՒՇ ԲԱՐՍՈՒՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4