«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#212, 2002-11-20 | #213, 2002-11-21 | #214, 2002-11-22


ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՈՒ

ՀՀ կառավարության եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գրասենյակի կողմից համատեղ իրականացվող «Սոցիալական մոնիտորինգի եւ վերլուծության համակարգի ստեղծում» ծրագրի շրջանակներում պատրաստվել եւ լույս է տեսել «Հայաստանի Հանրապետությունում սոցիալական ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների տեղեկատուն (ՀՀ մարզեր)»։ Ընդսմին, սոցիալական ոլորտ հասկացությունն այստեղ գործածված է ամենալայն իմաստովՙ ներառելով ըստ էության ՀԿ-ների ողջ բազմազանությունը։ Տեղեկատուի հրատարակումը նպատակ է ունեցել հանրությանը ներկայացնելու Հայաստանի մարզերում ակտիվ գործող հասարակական կազմակերպությունների ցանկը, նրանց գործունեության ուղղություններն ու այդ ՀԿ-ների կողմից իրականացվող հիմնական ծրագրերը։ Նրանց մասին տվյալները հավաքագրել ու ամփոփել են հանրապետության բոլոր մարզպետարանների ու Երեւանի քաղաքապետարանի սոցիալական մոնիտորինգի եւ վերլուծության ստորաբաժանումների աշխատակիցները։ Գործող ամենաշատ ՀԿ-ներ նշված են Շիրակի (թվով 114), Լոռու, Սյունիքի մարզերում եւ Երեւան քաղաքում, ամենաքիչըՙ Արմավիրում (8) եւ Կոտայքում (11)։

ՀԿ-ների դերն առանձնապես կարեւոր է հասարակության ինքնակազմակերպման, մեր երկրի ժողովրդավարացման ու քաղաքացիական հասարակության կայացման գործում։ Այս տեղեկատուն հասարակական կազմակերպություններին, պետական մարմիններին ու միջազգային կազմակերպություններին հնարավորություն կտա ճանաչելու երկրի տարածաշրջաններում տարբեր տեսակ խնդիրների լուծման հարցում հնարավոր գործընկերներին, տեղեկանալու նրանց գործունեության բնագավառների մասին ու դրա հիման վրա կառուցելու արդյունավետ համագործակցություն։

Տեղեկատուն լույս է ընծայել Գյումրու «Դպիր» հրատարակչությունը։

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4