Կառավարությունը շուտով խորհրդարանի քննարկմանը կներկայացնի հարկային վարչարարության բարեփոխումների նոր փաթեթ, որի հիմնական նպատակն է հստակեցում մտցնել մի շարք հարկային օրենքներում եւ վերջապես հարկային օրինազանցության, այսինքնՙ ստվերային տնտեսության դեմ պայքարի նոր լծակները ստեղծել։ Այս մասին երեկ հայտարարեց պետական եկամուտների փոխնախարար Արմեն Ալավերդյանը։ Նա հերքեց մամուլում տարածված այն տեղեկությունները, թե որոշ հարկատեսակների դրույքաչափեր բարձրանալու են։ «Հարկային բեռի բարձրացում, արտոնությունների նվազում չեն նախատեսվում», ընդգծեց փոխնախարարը։ Նա բացառեց նաեւ շահաբաժնի (դիվիդենտ) հարկումը, ասելով, որ այդ խնդիրն ընդհանրապես չի քննարկվել։
Արմեն Ալավերդյանը փոքր-ինչ հանգամանորեն անդրադարձավ փոքր եւ միջին ձեռնարկության հարկման հարցին։ Այստեղ հիմնականը պարզեցված հարկի էլ ավելի պարզեցումն է, ինչը փոխնախարարի հավաստմամբ, ներկայումս այնքան էլ պարզ չէ։ Այստեղ պետք է ունենանք հատուկ շրջանառության չափ եւ հարկվող տոկոսադրույք։
Հարկային դաշտի հստակեցմանն է ուղղված «Եկամտահարկի մասին» օրենքում փոփոխությունը, որտեղ նշվում է, որ տնտեսվարող սուբյեկտը եթե երեք ամսում չի վճարում եկամտահարկի նվազագույն չափը, լուծարվում է։ Սա հնարավորություն կտա ազատվել հազարավոր գրանցված, բայց իրականում չգործող ձեռնարկություններից։
Արմեն Ալավերդյանը, վկայակոչելով 2003 թ.-ի բյուջեում մուտքերի ավելացման խնդիրը, նշեց, որ այս փաթեթը կնպաստի դրան եւ որ մուտքերն ավելացվելու են միայն ստվերի հաշվին։
Արմեն Ալավերդյանը հայտնեց նաեւ, որ գազալցման կայաններից գանձվող հաստատագրված վճարի չափի ավելացումը չի վերաբերում բնակչությանը հեղուկ գազ վաճառող գազալցակայաններին։
Կենցաղային հեղուկ գազի վերջին օրերին արձանագրված թանկացումը, Ա. Ալավերդյանի հավաստմամբ, պայմանավորված է շուկայի վիճակով։
Ա. Մ.