«Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարության երեկվա նիստի սկզբում վկա Արմեն Գասպարյանը չէր ներկայացել։ Դատավոր Ուզունյանը հայտարարեց, թե վկայի հայրը տեղեկացրել է, որ որդին «Էրեբունի» հիվանդանոցի նյարդաբանական բաժանմունքում է։ Մեծ դժվարությամբ կապվել էին հիվանդանոցի հետ եւ պահանջել վկայի առողջական վիճակի մասին բժշկական տեղեկանք։
Հայտարարվեց ընդմիջում, որից հետո տեղեկանքի փոխարեն դատարան ներկայացավ ինքըՙ Արմեն Գասպարյանը։
Նա ասաց, որ հոգեկան վիճակը չի ներում ցուցմունքը շարունակել։ Եվ դատարան էր ներկայացելՙ խուսափելու տպավորություն չթողնելու համար։
Իրավիճակի տարօրինակության ու վկայի կողմից բացատրություն չտալու պատճառով որոշվեց դատարան կանչել բուժող բժշկին եւ հիշատակված բաժանմունքի վարիչինՙ Արմեն Գասպարյանի առողջական վիճակի մասին տեղեկություններ իմանալու համար։
Երկրորդ ընդմիջումից հետո դատարան եկան վարիչ Վարդան Խաչեյանն ու մի բժշկուհի։ Պրն Խաչեյանն ասաց, որ նոյեմբերի 21-ից Արմեն Գասպարյանը հիվանդանոցում էՙ ստացիոնար բուժման նպատակով։ Իսկ հիվանդանոց է տեղափոխվելՙ գերհոգնածության, նյարդային վիճակից եւ բարձր ճնշումից ունեցած գանգատներով։ Ախտորոշումը հետեւյալն էր. նեւրոտիկ, հիստերիկ սուր ռեակցիաՙ պայմանավորված իրավիճակով։
Նյարդաբանական բաժանմունքի վարիչը չբացառեց նոպայի կրկնությունը, քանի որ դա պայմանավորված է իրավիճակով։
Ըստ պրն Խաչեյանի, երեկ վկան ի վիճակի էր ցուցմունք տալու։ Բայց Արմեն Գասպարյանին շտապօգնության մեքենայով կրկին տարան հիվանդանոց։
Հաջորդ դատական նիստին վկան կհարցաքննվի, եթե առողջականը ների։ Եթե ոչ, հնարավոր է, որ դատարան ներկայանա տուժող Ֆրունզե Խառատյանը։
Ա. Հ.