Երբ թերթը դառնում է դատավոր
Օրեր առաջ (հոկտեմբերի վերջերին) իսկապես արտառոց դեպք արձանագրվեց թիվ 2 գիշերօթիկ դպրոցում։ Բնական է, մամուլն անմիջապես արձագանքեց, այդ թվում նաեւ «Ազգ» թերթը («Արտառոց դեպք գիշերօթիկում», 8 նոյեմբերի, 2002 թ.)։ Ըստ նախնական տվյալների, իսկապես արտառոց, դաժան դեպք է տեղի ունեցել, որի վերջնական գնահատականը կտան միայն իրավապահ մարմինները, հատկապեսՙ դատարանը։ Առայժմ հայտնի է, որ ձերբակալված է գիշերօթիկ դպրոցի երեկոյան դաստիարակ (ըստ կարգի, նա պաշտոնավարել է երեկոյան ժամերին, մինչեւ ժամը 9-ը) Ռուբեն Ղլիջյանը։ Մեր երկրի, մեր ժամանակների համար արտառոց այս դեպքին (չշտապենք որակել կատարվածը, որովհետեւ դրա իրավունքն ունեն միայն իրավապահ օրգանները), չգիտես ինչու, անչափ մեծ ոգեւորությամբ արձագանքեց «Հայկական ժամանակը»։ Ավելինՙ վերջին հոդվածում («Գիշերօթիկի տնօրենն ազատված է», 21-ը նոյեմբերի, 2002 թ.) ընդհանրացումներ են արված, նաեւՙ այս դեպքը կապվել է 163 դպրոցի տնօրեն Անահիտ Հովհաննիսյանի հետ։
Երեկ հանդիպեցինք Երեւանի փոխքաղաքապետ Ֆիրդուս Զաքարյանի, քաղաքապետարանի կրթության պետ Օնիկ Վաթյանի, պետի տեղակալ Ալեքսանդր Կուբանյանի եւ թիվ 163 դպրոցի տնօրեն Անահիտ Հովհաննիսյանի հետ։
Նշելով, որ «Հայկական ժամանակի» վերջին հրապարակումը առաջին հերթին վիրավորանք է իր հասցեին (իսկ թիվ 2 գիշերօթիկում կատարված դեպքի մասին կրկին հիշեցնելըՙ այսպես ասած «կծու համեմունք»), տիկին Անահիտն ասաց.
¬ Ինչքա՞ն կարելի է հանդուրժել լրագրող Լ. Բ.-ի վայրահաչությունը։ Նրա գրիչը սնվում է կյանքի աղտեղություններիցՙ հիմք դարձնելով սուտն ու բամբասանքը։ Ես դպրոցի տնօրենի պաշտոնում վերականգնվել եմ իմ արդարությունը, իրավացիությունը հաստատելով եւ աշխատելու իրավունքը պաշտպանելով։ Կա վճռաբեկ դատարանի վճիռը։ Այդ որոշումը բեկանման ենթակա չէ։ Էլ ի՞նչ թունավոր բամբասանք է տարածում այդ Լ. Բ.-ն։ Ի՞նչ կաշառքի մասին կարող է խոսք լինել, երբ վճռաբեկ դատարանի վճիռը պարտադիր կատարման ենթակա է, օրենքի պահանջ։ Ինձ ազատելու գործոնը մարդկային չարությունն է եղել։ Եվ հիմա, երբ ես երկու տարի դատարանների դռները ծեծելուց հետո վերջապես իմ սիրած աշխատանքին եմ, շնորհակալ եմ մեր քաղաքապետից եւ քաղաքապետարանի կրթության վարչության պետից։ Քիչ թե շատ մարդկային խիղճ, արժանապատվություն, ազգային հպարտություն ունեցող մարդիկ պիտի չկարդան Լ.Բ.-իՙ պատվերով գրած նյութերը։
Վրդովված էին նաեւ փոխքաղաքապետը, կրթության վարչության աշխատակիցները։
Փոխքաղաքապետ Ֆիրդուս Զաքարյանը նշեց, որ դեպքն այնքան արտառոց ու անբարո է (խոսքը թիվ 2 գիշերօթիկում կատարվածի մասին է), որ պետք չէր ոչինչ ավելացնել։ «Եվ հետո այս ի՞նչ ոգեւորություն է, ավելացրեց Ֆիրդուս Զաքարյանը, այս ինչ մոլուցք է։ Մեկ մասնավոր դեպքի առիթով չի կարելի վարկաբեկել ոչ միայն քաղաքի մանկավարժներին ամբողջությամբ, այլեւ խոսել կաշառքների մասին»։
¬ Թիվ 2 գիշերօթիկում կատարված դեպքի մասին անմիջապես տեղեկացվել են իրավապահները, եւ Ռուբեն Ղլիջյանն այժմ կալանված է,¬ ասաց կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանը։¬ Իսկ թե իրականում ի՞նչ է կատարվել, ովքեր ի՞նչ մեղք ունենՙ կպարզվի միայն նախաքննությունից եւ դատաքննությունից հետո։ Զուտ պատվեր կատարող ժուռնալիստը պետք է հաշվի առներ ոչ միայն սենսացիոն նյութի կարեւորությունը, այլեւ մի փոքր մտածեր այն երեխաների մասին, որոնց, ի վերջո, վիրավորում է։ Չեմ ուզում ասել, որ մեր համակարգը զերծ է թերություններից, սակայն պետք չէ այսպիսի ուրախություն ապրել Հայաստանում կատարվող ամեն անցանկալի, անգամ զզվելի դեպքերի համար։ Մի՞թե այս աղջկա համար Հայաստանը հայրենիք չէ։
¬ Ես հաճույքով ընդունում եմ բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչներին, բացի Լ. Բ.-ից,¬ շարունակեց Օնիկ Վաթյանը։¬ Միեւնույն է, նա ամեն ինչ սեւ է ներկայացնելու, թունավոր է գրելու։
Վարչության պետի տեղակալ Ալեքսանդր Կուբանյանից փորձեցինք ճշտել, թե ազգակցական ինչպիսի կապեր կան իր եւ Ռուբեն Ղլիջյանի միջեւ, քանի որ «ՀԺ»-ի հոդվածում վերջինս ներկայացվել է որպես Ռուբեն Ղլիջյանի քեռի։
¬ Ոչ մի՛,¬ պատասխանեց Ալեքսանդր Կուբանյանը։¬ Ազատամարտիկ, երկրորդ կարգի հաշմանդամ, թատերական կրթություն ունեցող Ռուբեն Ղլիջյանը դիմել է քաղաքապետարանի կրթության վարչությունՙ իրեն աշխատանքի տեղավորելու համար։ Եվ քանի որ այսօր Երեւանի դպրոցներում զինղեկների, պատմության եւ ֆիզկուլտուրայի ուսուցիչների պահանջ կա, նրան առաջարկել ենք դիմել թիվ 2 գիշերօթիկ։
Այսօր աշխատանքից սեփական դիմումի համաձայն ազատված է թիվ 2 գիշերօթիկի տնօրեն Էդիկ Ղարիբյանը։ Օնիկ Վաթյանը պարզաբանեց, որ այժմ արդեն նախկին տնօրենին առաջարկվել է աշխատանք դպրոցում։
¬ Չգիտեմ, թե ի՞նչ է ցանկանում ասել «Հայկական ժամանակ» թերթը,¬ ասաց փոխքաղաքապետ Ֆիրդուս Զաքարյանը,¬ մի՞թե այս զազրելի փաստն ընդհանրացնելով, փորձում ենք այսպես պատկերել մերՙ հայկական ժամանակները։ Մի՞թե կարելի է այսքան մաղձոտ ու թունոտ լինել սեփական երկրի նկատմամբ։
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ