«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#214, 2002-11-22 | #215, 2002-11-23 | #216, 2002-11-26


ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ԵՐԲԵՔ ՉԻ ՔԱՋԱԼԵՐԵԼ ԱԴՐԲԵՋԱՆ-ՂԱՐԱԲԱՂ ԵՐԿԿՈՂՄ ՇՓՈՒՄՆԵՐԸ

Հայաստանը բանակցություններում կարո՞ղ է լավագույնս պաշտպանել ղարաբաղյան կողմի շահերը

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր¬Պետրոսյանը «Պատերազմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածի «Առասպելներ եւ հանելուկներ» գլխում գրում է. «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ. Հայաստանը միայն մեկ անգամ է ճնշում բանեցրել Ղարաբաղի վրաՙ 1993 թվականին նրան համոզելով մասնակցել Մինսկի խմբի բանակցություններին, եւ այդ մասնակցությունն իրեն լիովին արդարացրել է։ Ո՛չ այսօր, ո՛չ վաղը Հայաստանը մտադիր չէ ճնշում գործադրել ԼՂ-ի վրա, Ղարաբաղի անունից որոշումներ է ընդունում միայն նրա ղեկավարությունը, բնականաբար, կրելով դրա պատասխանատվությունը ոչ միայն Ղարաբաղի բնակչության, այլեւ ողջ հայ ժողովրդի առջեւ։ Դա չի նշանակում, անշուշտ, որ Հայաստանը հրաժարվում է խորհրդակցել Ղարաբաղի իշխանությունների հետ եւ նրանց համոզել այն հարցերում, որոնք ճիշտ եւ նպատակահարմար է համարում։ Բայց միեւնույն է, վերջնական որոշումը մնում է Ղարաբաղի իշխանություններին»։

Որպեսզի ղարաբաղյան կողմին համոզի, ճնշում բանեցնի Ստեփանակերտի վրա, հարգարժան Տեր¬Պետրոսյանն անձամբ մեկնեց Ղարաբաղ։ Դա 1993 թ. գարնանն էր, եւ 1988 թ. սկսված ղարաբաղյան շարժումից հետո Հայաստանի առաջին նախագահն առաջին անգամ մեկնեց Ստեփանակերտ։ Ղարաբաղյան կողմը համաձայնեց մասնակցել Մինսկի խորհրդաժողովի բանակցություններին, սակայն, մեր տպավորությամբ, Ստեփանակերտից եվրոպական մայրաքաղաքներ մեկնող պատվիրակությունը լոկ ֆիզիկական ներկայություն էր ապահովում։ Որպես սկզբունք, Լեռնային Ղարաբաղի պատվիրակության անվան տակ հասկացվում էր նաեւ Ղարաբաղի ադրբեջանական համայնքը, որը ներկայացվում էր թմրամոլ Նիզամի Բահմանովի մակարդակով։ Այսպես, 1993 թ. օգոստոսի 9¬13-ը Հռոմում կայացած խորհրդակցություններին մասնակցում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ 9 պետությունների, Հայաստանի, Ադրբեջանի ներկայացուցիչները, ինչպես նաեւ ղարաբաղյան կողմնՙ Արկադի Ղուկասյանի եւ Նիզամի Բահմանովի ներկայությամբ։

Անշուշտ, ղարաբաղյան կողմը նպատակահարմար չէր գտնում մասնակցել Մինսկի խմբի բանակցություններինՙ ելնելով հետեւյալ փաստարկներից։ Նախ, ինչպես նշեցինք, ղարաբաղյան կողմ ասելով հասկացվում էր նաեւ Ղարաբաղի ադրբեջանական համայնքը, ինչը ղարաբաղցիների համար անընդունելի էր, երկրորդՙ Մինսկի խմբի փաստաթղթերում տեղ չէին գտնում Ստեփանակերտի առաջարկությունները։ Այն ժամանակ ԼՂՀ ՊՊԿ ղեկավար Ռոբերտ Քոչարյանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման, երկարաժամկետ խաղաղության հասնելու ամենակարճ ճանապարհ էր տեսնում միջազգային հանրության ակտիվ աջակցությունն Ադրբեջանի եւ Ղարաբաղի երկկողմ բանակցություններին։ Մինչդեռ Մինսկի խումբը ե՛ւ այն տարիներին, ե՛ւ այսօր չի պաշտպանում Ադրբեջան-Ղարաբաղ երկկողմ շփումների գաղափարը։

Անդրկովկասում ընդհանրապես եւ ղարաբաղյան հակամարտության հարցում մասնավորապես, ռուսական դիվանագիտական, միջնորդական ակտիվությունն ակնհայտ դժգոհություն էր պատճառում ԱՄՆ-ին եւ Եվրոպային, այսինքնՙ Մինսկի խորհրդաժողովի «ճարտարապետներին», ովքեր հայերին եւ ադրբեջանցիներին հաշտեցնելու անհագ «ցանկություն» ունեին։ Տպավորություն էր ստեղծվում, որ Ղարաբաղի իշխանությունները եւ Ռուսաստանը հոռետեսորեն են վերաբերվում Մինսկի խորհրդաժողովի աշխատանքներին։ Անշուշտ, ղարաբաղյան հարցի միջազգայնացումը, ինչն իրականություն դարձավ նաեւ Հայաստանի ջանքերով, չէր բխում Ռուսաստանի կովկասյան քաղաքականության շահերից։ Թերեւս, Կովկասում իր ազդեցության շրջանակը փոքրանալու մտավախությունն էր պատճառը, որ Մոսկվան ձեռնամուխ եղավ Բաքու-Ստեփանակերտ անմիջական շփումներ կազմակերպելու գործին։

Նախագահ Ելցինի հատուկ հանձնարարություններով դեսպան Վլադիմիր Կազիմիրովը Մոսկվայում կազմակերպեց Հեյդար Ալիեւ-Ռոբերտ Քոչարյան հանդիպումը, որը պահվեց գաղտնի։ «1993 թ. սեպտեմբերի 25-ին անցկացվեց առաջին փակ, գաղտնի հանդիպումն Ալիեւի եւ Քոչարյանի միջեւ», արդեն 2001 թ. մայիսին «Ազգին» ասում էր Կազիմիրովը։ Թե 93-ի աշնանը Ալիեւ-Քոչարյան գաղտնի քանի հանդիպում է եղել, մենք չունենք տեղեկություններ։ Հավանաբար նման մեկ հանդիպում էլ տեղի է ունեցել ղարաբաղա-ադրբեջանական սահմանին 93-ի հոկտեմբերին։ Այդ օրերին Քոչարյանն ամերիկյան «Քրիսչըն սայնս մոնիթոր» թերթին ասում էր. «Ալիեւը թյուր կարծիք ուներ, թե իր պարտության պատճառը ոչ թե Ղարաբաղում է, այլՙ Ռուսաստանում»։ Ապա թերթը պնդում էր, որ 1993 թ. աշնանը ղարաբաղյան ռազմաճակատում մեկամսյա զինադադարը պայմանավորված էր Ալիեւ-Քոչարյան գաղտնի հանդիպմամբ։

Կարեւորը Քոչարյան-Ալիեւ հանդիպումների թիվը չէր եւ ոչ էլ գաղտնիությունը։ Կարեւորն այն էր, որ 93-ի ամռան վերջերին-աշնանը սկիզբ էին դրվել Ադրբեջան-Ղարաբաղ ուղղակի բանակցություններին, ընդ որումՙ ոչ միայն ամենաբարձր մակարդակով։ Սեպտեմբերի 13-ին Մոսկվայում տեղի ունեցան Ադրբեջանի եւ ԼՂՀ ներկայացուցիչների բանակցություններ, որոնց արդյունքում Ռուսաստանի միջնորդությամբ կողմերը պայմանավորվեցին հակամարտության գոտում հրադադար պահպանել։ Ադրբեջանի ԳԽ փոխնախագահ Ջալիլովի եւ ԼՂՀ ԱԳ նախարար Ղուկասյանի այդ հանդիպումը նման բարձր մակարդակով առաջինն էր Ադրբեջան-Ղարաբաղ շփումներում։ Նույն տարվա սեպտեմբերի 23-ին ԼՂՀ Ասկերանի շրջանի սահմանագլխին տեղի ունեցավ Ադրբեջանի փոխվարչապետ Ա. Աբբասովի եւ ԼՂՀ իր պաշտոնակից Ժ. Պողոսյանի հանդիպումը։ Փաստորեն, Աբբասով-Պողոսյան հանդիպումը շարունակությունն էր Ջալիլով-Ղուկասյան հանդիպման։ Ապա երկու օր անց, ինչպես նշեցինք, տեղի ունեցավ Ալիեւ-Քոչարյան փակ, գաղտնի առաջին հանդիպումը։

1993 թ. հուլիսի վերջերին Մարտակերտում տեղի էր ունեցել երկկողմ մակարդակով եւս մեկ հանդիպում, ղարաբաղյան կողմիցՙ Արկադի Ղուկասյան եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյան, Ադրբեջանիցՙ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սաֆար Աբիեւ եւ ԱԳՆ ներկայացուցիչ Թոֆիկ Զուլֆուգարով։

Քոչարյան-Ալիեւ հանդիպումները, որոնք սկիզբ են առնում 1993 թ.-ից, շարունակվում են այսօր, այն տարբերությամբ, որ Քոչարյանն արդեն Հայաստանի նախագահն է։ Ժակ Շիրակի միջնորդությամբ 2001 թ. հունվարին տեղի ունեցած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ հանդիպման ավարտին Քոչարյանը նշեց, որ ինքը բանակցություններում փորձում է ներկայացնել նաեւ Ղարաբաղի շահերը։

Ղարաբաղյան բանակցություններում Ռոբերտ Քոչարյանին չվստահելու հիմքեր, թերեւս չկան։ Խնդիրն այն է, թե որքանո՞վ է արդարացված Հայաստանի նախագահիՙ բանակցություններում Ղարաբաղի եւ Հայաստանի շահերը ներկայացնելու նպատակահարմարությունը։ Արդյոք Քոչարյան-Ալիեւ հանդիպումներում ղարաբաղյան կարգավորման մեթոդաբանությունը չի՞ փոխվում եւ արդյոք կարգավորումը չի՞ տարվում Հայաստան-Ադրբեջան հարթություն։ Արդյոք ժամանակը չէ՞ վերադառնալու բանակցություններում Բաքու-Ստեփանակերտ ֆորմատին։

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4