ՍՏԱՄԲՈՒԼ, 25 ՆՈՅԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ «Հայ մասնագետները ԴԱՎ-ի դեղամիջոց են հայտնաբերել։ Եթե կազմակերպվի ամեն տարի հարյուր հազարավոր մարդկանց մահվան պատճառ հանդիսացող ԴԱՎ հիվանդության դեմ հայ մասնագետների մշակած հրաշագործ դեղամիջոցի սերիական արտադրություն, դարի չարիքը կանցնի պատմությանը», այսպես է «Արմենիկում» դեղամիջոցի մասին գրում թուրքական «Աքշամ» օրաթերթը։ Թուրք լրագրողը վկայակոչում է Kanal 6-ի թղթակից Գյունայ Դեղերիլիին, որն այցելել է Երեւանի «Արմենիկում» կենտրոն, զրուցել այստեղ բուժվող հիվանդների հետ, որոնց անունները չեն նշվում։ Լրագրողի տվյալնելով, կենտրոնում ապաքինման կուրս է անցել նաեւ Թուրքիայի քաղաքացի, որի մոտ Ստամբուլի համալսարանի բժշկական ֆակուլտետում հայտնաբերվել էին 400 հազար ՎԻՉ վարակներ։ Դրանց թիվը ներկայումս նվազել է 100 հազարի։ Թուրք լրագրողը ՀՀ Ազգային անվտանգության նախարարությանը կից գործող հիվանդանոցը անվտանգության արտակարգ միջոցառումների պատճառով նմանեցնում է տիեզերական կայանի։ Դեղերիլիի հավաստմամբ, ընդհանուր առմամբ 152 հիվանդներ են ապաքինվել կենտրոնում, որոնց թվում են Ուկրաինայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի քաղաքացիներ։
Լրագրողը նշում է, որ դեղը միանգամայն բնական բաղադրություն ունի, հիվանդին տրվում է նախ 5, ապաՙ 3 չափաբաժիններով։ Այն արդյունավետ է նաեւ հեպատիտ B եւ հեպատիտ C հիվանդությունների ապաքինման համար։ «Դեղի բանաձեւը հայ բժիշկներն առայժմ գաղտնի են պահում։ Միջազգային բժշկական շրջանակներում ընդունելություն գտնելու պարագայում, հայերը կսկսեն դեղի լայն արտադրություն», նշում է թերթը։