«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#214, 2002-11-22 | #215, 2002-11-23 | #216, 2002-11-26


ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻ ԱՆՀԱՋՈՂ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ

Ավստրալիան ներկայացնող Ալեքսան Կարապետյանը 4-րդն էր

Վարշավայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում անհաջող հանդես եկան հայաստանցի երկու ներկայացուցիչներըՙ Տիգրան Քամալյանը (85 կգ) եւ Վիգեն Խաչատրյանը (77 կգ), որոնք առանձին վարժություններում չկարողացան բարձրացնել նախապես պատվիրված ծանրությունը եւ 0 ստացան։ Այժմ մեր գլխավոր հույսը գերծանր քաշային Աշոտ Դանիելյանն է, որն այսօր դուրս կգա մրցահարթակ։

Մինչեւ 77 կգ քաշային ծանրորդների մրցաշարի մեկնարկը հաջող էր 23-ամյա Վիգեն Խաչատրյանի համար։ Պոկում վարժության բոլոր 3 մոտեցումներն էլ ծանրաձողին արդյունավետ էին։ Հաջորդաբար հաղթահարելով 155, 160 եւ 162,5 կգ ծանրությունները, Վիգենը գրավեց 5-րդ տեղըՙ 10 կգ-ով զիջելով փոքր ոսկե մեդալին արժանացած չին ծանրորդ Հոնգլի Լիին։ Արծաթե եւ բրոնզե մեդալները բաժին հասան բուլղարացի Գեորգի Մարկովին (170 կգ) եւ իրանցի Հուսեյն Բարխանին (165 կգ)։

Ցավոք, հրում վարժությունում Վիգենը չկարողացավ բարձրացնել 190 կգ-անոց ծանրաձողը եւ 0 ստացավ։ Այլապես նա կարող էր տեղ գրավել լավագույն տասնյակում։ Իսկ բոլորից հաջողը ռուսաստանցի Օլեգ Պերեպեչոնովի ելույթն էր։ Հրում վարժության աշխարհի ռեկորդակիրը (210 կգ) ցույց տվեց 202,5 կգ արդյունք, ընդ որում 3-րդ մոտեցման ժամանակ չկարողացավ իրեն ենթարկել 207,5 կգ-անոց ծանրաձողը, այլապես նա երկամարտում կդառնար հաղթող։ Օլեգը բավարարվեց արծաթե մեդալովՙ 367,5 կգ (165+202,5)ՙ 2,5 կգ-ով զիջելով աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացած Գեորգի Մարկովինՙ 370 կգ (170+200)։ Հետաքրքրական է, որ հրում վարժությունում 3 մարզիկներՙ թուրք Արաբացիօղլուն, Մարկովն ու Բարխանը ցույց էին տվել միեւնույն արդյունքը (200 կգ), եւ ընդամենը 100 գրամ ավելի քաշը իրանցուն զրկեց մեդալից։ Փոխարենը Բարխանը դարձավ բրոնզե մեդալակիր երկամարտումՙ 365 կգ (165+200)։

Մինչեւ 85 կգ ծանրորդների մրցավեճում 20-ամյա Տիգրան Քամալյանն անհաջողության մատնվեց պոկում վարժությունումՙ չկարողանալով բարձրացնել 150 կգ-անոց ծանրաձողը։ Իսկ հրում վարժությունում բավարարվեց համեստ արդյունքով (195 կգ)ՙ 13-րդ տեղ։

Չեմպիոնի տիտղոսը նվաճեց բուլղարացի Զլատան Վասիլեւըՙ 385 կգ (167,5+217,5)։ Ընդ որում, պոկում վարժությունում Վասիլեւի արդյունքը միայն 6-րդն էր, ինչը 10 կգ-ով զիջում էր առաջինը ճանաչված վրաց ծանրորդ Գեորգի Ասանիձեի ցուցանիշը (2-րդ տեղում ալբանացի Լիրիան Սուլին էրՙ 175 կգ, 3-րդը բելառուսցի Ռուսլան Նովիկաուն էրՙ 172,5 կգ։ Սակայն հրումում Վասիլեւը գերազանց հանդես եկավ (217,5 կգ)։ Այս անգամ արդեն նրա արդյունքը 10 կգ-ով ավելի էր 2-րդ տեղը գրաված Նովիկաուի ցուցանիշից։ Ընդ որում, 3-րդ մոտեցման ժամանակ Վասիլեւը պատվիրեց համաշխարհային ռեկորդը գերազանցող քաշ (220 կգ), սակայն չկարողացավ բարձրացնել։ Երկամարտում 385 կգ (177,5+207,5) արդյունքի հասավ նաեւ Գեորգի Ասանիձեն, սակայն անձնական 1,450 կգ ավելի քաշի պատճառով գրավեց 2-րդ տեղը։ Բրոնզե մրցանակակիր դարձավ Ռուսլան Նովիկաուն։ Շնորհիվ ավելի պակաս անձնական քաշի, նա գերազանցեց ալբանացի Լիրիան Սուլիինՙ 380 կգ (172,5+207,5)։

Հայաստանցի երկու ծանրորդների ելույթների տխուր ֆոնի վրա հաջող էր ներկայում Ավստրալիայում բնակվող գյումրեցի Ալեքսան Կարապետյանի ցուցանիշը։ Մինչեւ 94 կգ ծանրորդների մրցավեճում Ալեքսանը երկամարտի 382,5 կգ (175+207,5) արդյունքով 4-րդն էր։ Առանձին վարժություններում հայ ծանրորդը գրավեց 4-րդ (175 կգ) եւ 5-րդ (207,5 կգ) տեղերը։ Ընդ որում, եթե նա առանձին վարժություններում կարողանար բոլոր փորձերը հաջողությամբ ավարտել, ապա կդառնար մրցանակակիր։ Իսկ չեմպիոնի տիտղոսին արժանացավ ադրբեջանցի Նիզամի Փաշաեւըՙ 392,5 կգ (177,5+215)։ Արծաթե մեդալակիրը բուլղարացի Միլեն Դոբրեւն էրՙ 385 կգ (175+212,5), բրոնզը բաժին հասավ գերմանացի Օլիվեր Գարուզոյինՙ 387,5 կգ (180+207,5)։

Կանանց մինչեւ 69 կգ քաշային կարգում չեմպիոնուհու կոչմանն արժանացավ թաիլանդցի Պավինա Չոնգսուկըՙ 260 կգ (112,5+147,5)։ 2-րդը ռուսաստանցի Վալենտինա Պոպովան էրՙ 257,5 կգ (115+142,5), որի արդյունքը լավագույնն էր պոկում վարժությունում (115 կգ)։ Բրոնզե մեդալը նվաճեց եգիպտացի Նահլա Մոհամեդըՙ 245 կգ (110+135)։

Մինչեւ 75 կգ քաշայինների մրցավեճում հաջողությունն ուղեկցեց ռուսաստանցի Սվետլանա Խաբիրովայինՙ 262,5 կգ (117,5+145)։ Մրցանակային եռյակում տեղ զբաղեցրին նաեւ չինացի Ռուիպինգ Սունը (260 կգ) եւ ռուսաստանցի Լյուդմիլա Արեֆեւան (237,5 կգ)։ 75 կգ-ից ավելի քաշ ունեցողների մրցավեճում լավագույնը լեհ մարզուհի Ագաթա Վրոբելն էրՙ 287,5 կգ (120+162,5)։ Արծաթե մեդալին արժանացավ ռուսաստանցի Ալբինա Խոմիչըՙ 282,5 կգ (132,5+150)։ Բրոնզե մրցանակակիր չին մարզուհի Գոնգհոնգ Թանգի արդյունքն է 277,5 կգ (117,5+160)։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4