«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#214, 2002-11-22 | #215, 2002-11-23 | #216, 2002-11-26


ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄՈՏ ԷՐ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆԸ

Հունաստանի Հերակլիո քաղաքում մրցավեճն ավարտեցին տարիքային տարբեր խմբերի շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը վիճարկող պատանիներն ու աղջիկները։ Հայաստանի 10 ներկայացուցիչներից բոլորից հաջողը Տիգրան Պետրոսյանի ելույթն էր։ Նա մինչեւ 18 տարեկան պատանիների մրցաշարում 11 հնարավորից վաստակեց 8 միավոր եւ գրավեց պատվավոր 4-րդ տեղը։ Տիգրանը շատ մոտ էր մրցանակակիր դառնալուն։ 9-րդ տուրում հայ շախմատիստը պարտության մատնեց ֆրանսիացի Մաթյե Քորնեթեին։ 10-րդ տուրում կայացավ սկզբունքային նշանակություն ունեցող հանդիպումն առաջատարներից մեկիՙ հունգարացի Ֆերենց Բերկեշի հետ։ Ցավոք, Տիգրանը պարտվեց, ինչն էլ ճակատագրական եղավ հայ շախմատիստի համարՙ զրկելով նրան մրցանակային տեղից։ Ճիշտ է, ավարտական տուրում Պետրոսյանը հաղթեց հոլանդացի Յան Վեռլեին եւ հնդիկ շախմատիստ Պենտալա Հարիկրիշնայի եւ ֆիլիպինցի Մարկ Պարագուայի հետ վաստակեց հավասարՙ 8-ական միավոր, սակայն գործակիցների աղյուսակով բրոնզե մեդալը զիջեց Հարիկրիշնային։ Իսկ չեմպիոնի կոչմանն արժանացավ հունգարացի Բերկեշը, որը 9 միավորով գրավեց առաջին տեղը։ Նույնքան միավոր էր վաստակել նաեւ ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովը։ Իհարկե ցավալի է, որ Տիգրան Պետրոսյանը ձեռքից բաց թողեց մրցանակակիր դառնալու հիանալի հնարավորությունը, սակայն 4-րդ տեղն էլ շնորհալի շախմատիստի, Սմբատ Լպուտյանի շախմատային ակադեմիայի ունկնդրի համար, կարծում ենք, բարձր արդյունք է։ Հիշեցնենք, որ Պետրոսյանը վատ հանդես չեկավ նաեւ շախմատի ՀՀ բարձրագույն խմբի առաջնությունում, որտեղ 10 մասնակիցների մեջ 6-րդն էր։

Հաջող պետք է համարել նաեւ Արման Փաշիկյանի ելույթը։ Մինչեւ 16 տարեկանների մրցաշարում Արմանը 7,5 միավորով գրավեց 10-րդ տեղըՙ ընդամենը մեկ միավորով զիջելով առաջին երկու հորիզոնականները զբաղեցրած Լեւան Պանցուլայային (Վրաստան) եւ Լեոնիդ Գերժոյին (Իսրայել)։ 5 շախմատիստներ վաստակեցին 8-ական միավոր։ Գործակիցներով բրոնզե մեդալը բաժին հասավ լեհ շախմատիստ Ռադոսլավ Վոյտաչեկին։

Վահրամ Մեժլումյանը (մինչեւ 14 տարեկաններ) եւ Գրիգոր Դիլանյանը (մինչեւ 10 տարեկաններ) 6,5-ական միավորով գրավեցին 29-րդ տեղը, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը մինչեւ 12 տարեկանների մրցումներում 7 միավորով 24-րդն էր։ Նրանց արդյունքը կարելի է լավ համարելՙ հաշվի առնելով մրցակիցների քանակը եւ մրցաշարային փորձի պակասը։ Տարիքային այդ խմբերի մրցանակային եռյակները հետեւյալ տեսքն ունեն.

Մինչեւ 10 տարեկաններ

1. Էլթայ Սաֆարլի (Ադրբեջան)ՙ 9,5

2. Դինգ Լիրեն (Չինաստան)ՙ 9,5

3. Սանան Սուգիրով (Ռուսաստան)ՙ 9

Մինչեւ 12 տարեկաններ

1. Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)ՙ 9

2. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)ՙ 9

3. Դեւիդ Հաուել (Անգլիա)ՙ 8,5

Մինչեւ 14 տարեկաններ

1. Լուկա Լենիչ (Սլովենիա)ՙ 9

2. Ռոհիթ (Հնդկաստան)ՙ 8,5

3. Դավիթ Ժոժուա (Վրաստան)ՙ 8

Աղջիկների մրցաշարում 6-ական միավոր վաստակեցին Լուսինե Ապրեսյանը (մինչեւ 18 տ., 23-րդ տեղ), Սիրանուշ Անդրեասյանը (մինչեւ 16 տ., 25-րդ տեղ) եւ Վարդուհի Քալաշյանը (մինչեւ 12 տ., 31-րդ տեղ)։ Մինչեւ 14 տարեկանների մրցաշարում Լուսինե Ալավերդյանը 5,5 միավորով գրավեց 38-րդ տեղը, իսկ Տաթեւ Գասպարյանը (մինչեւ 10 տարեկաններ) 5 միավորով 48-րդն էր։

Մրցանակային եռյակները հետեւյալ տեսքն ունեն.

Մինչեւ 10 տարեկաններ

1. Լարա Ստոկ (Խորվաթիա)ՙ 9,5

2. Պուր Հեջազի (Իրան)ՙ 9

3. Յովանա Վոյնովիչ (Հարավսլավիա)ՙ9

Մինչեւ 12 տարեկաններ

1. Տան Չժոնկի (Չինաստան)ՙ 9

2. Աննա Մուզիչուկ (Ուկրաինա)ՙ 8,5

3. Դրոնավալի Հարիկա (Հնդկաստան)ՙ 8

Մինչեւ 14 տարեկաններ

1. Լաուրա Ռոգուլե (Լատվիա)ՙ 9,5

2. Պոլինա Մալիշեւա (Ռուսաստան)ՙ 9

3. Պուր Հասիյան (Իրան)ՙ 8

Մինչեւ 16 տարեկաններ

1. Տամարա Չիստյակովա (Ռուսաստան)ՙ9

2. Նանա Ձագնիձե (Վրաստան)ՙ 9

3. Մարինա Ֆոմինիխ (Ռուսաստան)ՙ 8

Մինչեւ 18 տարեկաններ

1. Էլիզաբեթ Պյոտց (Գերմանիա)ՙ 8,5

2. Թամարա Ծերեթելի (Վրաստան)ՙ 8

3. Մարիե Սեբագ (Ֆրանսիա)ՙ 8


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4