«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#214, 2002-11-22 | #215, 2002-11-23 | #216, 2002-11-26


ՀԱՅԵՐԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔՄԵՆԻԱՅԻՑ

Երեկ, վաղ առավոտյան Աշգաբադ-Երեւան հատուկ չվերթով հայրենիք ժամանեցին Թուրքմենիայում անօրինաբար գտնվող 113 հայեր։ Հայրենադարձության ակցիան իրականացվել էր Միգրացիայի միջազգային կազմակերպության աջակցությամբ։ Որպես դոնոր երկիր 50 հազար դոլար տրամադրել էր Նորվեգիան։

Վերադարձողները ՄՄԿ-ի հետ ստորագրել են կամավոր վերադարձի հռչակագիր։ Կազմակերպությունը հոգացել է նրանց ճանապարհածախսը, Թուրքմենիայի կառավարությունը իր երկրում ոչ օրինական գտնվելու համար յուրաքանչյուրի երկու հազար դոլար տուգանքը չեղյալ է համարել։ Նշենք, որ տուգանքի խնդիրն առաջացել էր 1999 թ.-ից, երբ Թուրքմենիայի եւ Հայաստանի միջեւ սկսեց գործել վիզային ռեժիմը։

Հայաստան վերադարձողներին ուղեկցում էին Թուրքմենիայում Հայաստանի դեսպան Արամ Գրիգորյանը, ՄՄԿ Թուրքմենիայի գրասենյակի ղեկավար Զորան Միլովիչը։ «Գուցե սա օրինակ լինի նրանց համար, ովքեր մեկնում ենՙ առանց իմանալու, թե ինչով են զբաղվելու, եւ հայտնվում են ծանր վիճակում», նշեց Արամ Գրիգորյանը եւ հույս հայտնեց, որ այս ակցիան նախադեպ կդառնա նաեւ այլ երկրների համար։ Դեսպանի խոսքով, հետագայում եւս նախատեսվում է կամավոր վերադարձի կազմակերպում։

ՄՄԿ Թուրքմենիայի գրասենյակի ղեկավարն էլ ասաց, որ այսօր Ռուսաստանում Նորվեգիայի դեսպանության ներկայացուցչի հետ քննարկելու է նաեւ կամավոր վերադարձի համար նոր ֆոնդերի տրամադրման հնարավորությունները։

Թուրքմենիայում այժմ մոտ 40 հազար հայեր են ապրումՙ ավանդական սփյուռքը եւ վերջին 10¬15 տարիներին ներգաղթած հայաստանցիներն ու Ադրբեջանից բռնագաղթածները։ Թուրքմենական սփյուռքի շոշափելի մասն անօրինական է այնտեղ։ Երեկ վերադարձածների գերակշիռ մասը Գորիսի եւ Սիսիանի տարածաշրջանից էր, վերադառնում էին ընտանիքներով, երեխաներով։ Թուրքմենիայում ծանր պայմաններում են ապրել, շատերնՙ առանց աշխատանքի եւ նույնիսկ առանց ինքնաթիռի հետադարձ տոմսի հնարավորության։

Վերադարձողները թեեւ կամավոր են եկել (չնայած ՄՄԿ օժանդակությամբ վերադարձը կամավոր իրականացվեց, նրանք ենթակա էին արտաքսման եւ կարտաքսվեին), այնուամենայնիվ, ոչ լավ պայմաններից, եւ մեզ համար հետաքրքրական էր, թե արդյոք նրանք նորից չե՞ն արտագաղթի, տուն ունե՞ն, թե՞ վաճառել են։ Թուրքմենիայում ՀՀ դեսպանի խոսքով, վերադարձող բոլոր ընտանիքներն էլ տուն ունեն հայրենիքում։ ՄՄԿ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Հասմիկ Շեֆերը նշեց, որ վերադարձածներին սկզբնական շրջանում գումար կտրամադրի։ Չնայած սրան, դժվար է ասել, թե 113 ներգաղթածներից քանի՞սն իսկապես կմնան Հայաստանում։

Մեր զրուցակիցներից հրազդանցի Կարեն Հակոբյանը նշում էր, որ Թուրքմենիայում վարձով էր ապրում, ինչ աշխատանք պատահեր կատարում էր, սակայն վերջին ժամանակներում հնարավոր չէր մնալ, չէին թողնում աշխատել։

Սվետլանա Ռոստոմյանի խոսքով, իր վերադարձի պատճառն այն էր, որ երեխաների ապագան այդ երկրում անորոշ էր։ Վերջին 2 տարիներին չուներ աշխատանք, ու թեեւ հայրենիքում էլ դեռեւս չի պատկերացնում, թե ինչով է զբաղվելու, սակայն գործազրկությունը հայրենիքում գերադասում է օտարության մեջ գործազրկությունից։ Այն հարցին, թե նորից չի՞ բռնելու արտագաղթի ճամփան, պատասխանեց. «Ես չեմ գնա, այդ դառնությունն արդեն տեսել եմ»։

ՄԱՌԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4