«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#214, 2002-11-22 | #215, 2002-11-23 | #216, 2002-11-26


«ՀԱՅԱՍՏԱՆՆ ԷԼ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՆԱՏՕ-Ի ԱՆԴԱՄ»

Միքայել Հարությունյանի խոսքերն է վկայակոչում Բուլղարիայի ժամանակավոր հավատարմատարը

«Մենք տարիներ շարունակ մեծ անհամբերությամբ սպասում էինք այն պահին, երբ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերտսոնը հայտարարեց, թե յոթ երկրներ, այդ թվում Բուլղարիան, հրավիրվում են անդամակցելու այդ դաշինքին»։ Երեկ Հայաստանում Բուլղարիայի ժամանակավոր հավատարմատար Իվան Իվանչեւը լրագրողներին ասուլիսի էրհրավիրել իր երկրիՙ ՆԱՏՕ-ին անդամակցելու մոտալուտ հեռանկարի առիթով։ Հիշեցնելով, որ 53-ամյա կազմակերպության պատմության մեջ սա աննախադեպ ընդարձակում է, քանզի Բուլղարիան եւ մերձբալթյան երեք երկրները, Սլովենիան, Սլովակիան, Ռումինիան 2004 թ.-ին կարող են դառնալ ՆԱՏՕ-ի լիիրավ անդամներ, Իվ. Իվանչեւը վկայակոչեց իր երկրի նախագահի կարծիքը, թե այս ընդլայնումը կարեւոր քայլ է Եվրոպայի միավորման ճանապարհին եւ համազոր է Բեռլինի պատի քանդմանը։

«Սա աննախադեպ է նաեւ Բուլղարիայի ժողովրդավարական զարգացման, նրա քաղաքական ու տնտեսական զարգացման առումով։ Ու մենք 11 տարի առաջ, դեռեւս խորհրդային ռեժիմի փլուզումից հետո, մեր հավատարմությունն ենք հայտնել հյուսիսատլանտյան արժեքներին»։ Չթաքցնելով իր անչափ ուրախությունն այս փաստի կապակցությամբ, հավատարմատարը խնամքով եւ մանրամասնորեն ներկայացրեց ողջ գործընթացը, որով իր երկիրն արդեն անցել է հարուստների ընտանիքին միանալու ճանապարհը եւ այն, որով պիտի անցնի։ Մասնավորապես, մինչեւ ՆԱՏՕ-ի 2004 թ.-ի մայիսյան գագաթաժողով, պիտի ստորագրի մի շարք արձանագրություններ ու վավերացնի փաստաթղթեր։ Իվանչեւը նշեց, թե Բուլղարիան իրավունք չունի թերանալու այս պարտավորությունների կատարման ընթացքում, քանզի կարող է մերժում ստանալ լիիրավ անդամության հարցում, սա էլ, ելնելով նրանից, որ իր աշխարհաքաղաքական դիրքի կարեւորության մասին Բուլղարիայի վստահությունը կարող է զուտ պատրանք լինել։

Խոսքն, ըստ դիվանագետի, վերաբերում է դեպի Կովկաս Հյուսիսատլանտյան դաշինքի հնարավոր տարածմանը։ «Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն արդեն հայտարարեց ՆԱՏՕ-ին իր երկրի անդամակցության ցանկության մասին։ Նման զարգացումները կարող են փոխել աշխարհաքաղաքական քարտեզը։ Նման այլընտրանքային հնարավորությունների դեպքում Բուլղարիան թերեւս կորցնի իր աշխարհաքաղաքական դիրքի բացառիկությունը»։ Այստեղ Ի. Իվանչեւը մի հետաքրքրական հայտարարություն արեցՙ հավաստելով, թե ՀՀ զին. գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանն իր հետ մի զրույցի ժամանակ ողջունել է Բուլղարիայի ձգտումը դեպի ՆԱՏՕ եւ ասել, թե վաղ թե ուշ Հայաստանն էլ կդառնա այդ կառույցի անդամ, թեպետ այսօր նման խնդիր երկրի օրակարգում չկա։

«Հնարավոր է։ Չէ՞ որ անգամ Պուտինը չբացառեց Ռուսաստանի միացումն այդ դաշինքին», ենթադրություն արեց Բուլղարիայի ներկայացուցիչը։ «Իսկ եթե մեր ռուս բարեկամները բարկանում են մեր երկրի այս քայլի պատճառով», պրն Իվանչեւը պարզաբանեց, թե Բուլղարիան, լինելով փոքր երկիր, կարիք ունի ուժեղ դաշնակցի աջակցության։ «Իսկ ի՞նչ է առաջարկել Ռուսաստանը մեզ վերջին 11 տարիներին։ Ոչինչ»։

Լ. Գ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4