«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#214, 2002-11-22 | #215, 2002-11-23 | #216, 2002-11-26


ՊՐՈՖ. Վ. ՏԱՏՐՅԱՆԻ «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ԳԻՐՔԸՙ ՀՈՒՆԱՐԵՆ

Հունաստանի ակադեմիական ամենակարեւոր հրատարակչությունըՙ «Ստոխացիսը», օրերս Աթենքում հունարեն հրատարակել է պրոֆ. Վահագն Տատրյանի «Հայոց ցեղասպանության պատմություն» հայտնի հատորի թարգմանությունը, տեղեկացնում է «Ազգին» Զորյան ինստիտուտի հաղորդագրությունը Տորոնտոյից։ Գրքի շնորհանդեսն ուղեկցվել է նոյեմբերի կեսին ամբողջ շաբաթ տեւած դասախոսություններով եւ քննարկումներով, որոնց գլխավոր դեմքը, բնականաբար, եղել է գրքի հեղինակը, իսկ Հայաստանից մասնակցել է կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը։ Հույն պատմաբանների, քաղաքական վերլուծաբանների, միջազգային օրենքի մասնագետների, լրագրողների ակտիվ մասնակցությունը ինչպես Աթենքում, այնպես էլ Սալոնիկում տեղի ունեցած քննարկումներին ապացուցում է, որ Հայոց ցեղասպանության կազմակերպման մեջ Թուրքիայի դերի նշանակությունը եւ շարունակվող ուրացման քաղաքականությունը մեծ շահագրգռությամբ է ընդունվում Հունաստանի քաղաքական ու գիտական շրջանակների կողմից, պնդում է հաղորդագրությունը։ Հունական կողմից ամենախիստ բնորոշումները Թուրքիայի հասցեին հնչել են նախկին արտգործնախարար Թեոդորոս Պանգալոսի եւ Աթենքի Միջազգային իրավունք ինստիտուտի տնօրեն պրոֆ. Մարիոս Էվրիվիադիսի կողմից, որոնք բացահայտ հայտարարել են, որ այսօրվա Թուրքիան շարունակությունն է Օսմանյան կայսրության եւ, հետեւաբար, պատասխանատուն է Հայոց ցեղասպանության հետեւանքների։ 760 էջանոց գիրքը գրեթե ամբողջովին սպառվել է։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4