«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#215, 2002-11-23 | #216, 2002-11-26 | #217, 2002-11-27


ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

«Այս համատեղ նախաձեռությունն ինքնին կարեւոր քայլ էՙ ուղղված միաժամանակ մի քանի նպատակների, որոնցից առաջինն ու գլխավորը Հայաստանի եւ սփյուռքի երիտասարդության ջանքերի եւ հնարավորությունների մեկտեղումն է։ Աշխարհասփյուռ հայության վաղվա օրը թե քաղաքական, թե տնտեսական, թե մշակութային առումներով սկսվում է այսօր։ Ներկա խորհրդակցությունը Հայաստան-սփյուռք խորհրդաժողովում հնչած գաղափարները կյանքի կոչելու մի խոսուն օրինակ է։ Այսօրվա աշխատանքի արդյունավետությունից է կախված մի շարք կարեւոր նախագծերի իրականացումըՙ մասնավորապես Ծաղկաձորի Համահայկական երիտասարդական կենտրոնի գործունեությունը։ Նման խորհրդակցությունների հրավիրումը պետք է կրի պարբերական բնույթ։ Հիմնադրամը հնարավորություն ունի երիտասարդության կյանքում ստանձնելու լուրջ դերակատարություն, անհրաժեշտ է համակարգված եւ հետեւողական աշխատանք, ինչպես նաեւ հայության բոլոր հատվածների երիտասարդների լայն ընդգրկվածություն», ասված էր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանիՙ Համահայկական առաջին այսօր մեկնարկած խորհրդակցության կազմակերպիչներին, մասնակիցներին եւ հյուրերին հասցեագրված ուղերձում, որը հրապարակեց ՀՀ նախագահի խորհրդական, «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արմեն Գեւորգյանը։

Խորհրդակցությունում ելույթ ունեցան ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը եւ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։

«Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Վահագն Մկրտչյանը բացման խոսքում հայտնեց, որ խորհրդակցությանը մասնակցում են շուրջ 100 պատվիրակներՙ Հայաստանի, Արցախի, սփյուռքի քաղաքական, հասարակական, մշակութային շրջանակների ներկայացուցիչներ։ Պատվիրակությունները ժամանել էին Վրաստանից, Ռուսաստանից, Իրանից, Լիբանանից, Սիրիայից, Ուկրաինայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Բուլղարիայից, Ռումինիայից, Լատվիայից, ԱՄՆ-ից։ Ներկա էին նաեւ Հայ առաքելական եկեղեցուՙ Մայր աթոռ սուրբ Էջմիածնի, Մեծի տանն Կիլիկիո եւ Հայ կաթողիկե եկեղեցու հոգեւոր այրերը։

Խորհրդակցությունը կեզրափակվի դրա արդյունքների պաշտոնական ամփոփմամբ, ընդունված որոշումները կառաքվեն ինչպես Հայաստանի իշխանական օղակներին, այնպես էլ արտերկրի բոլոր հայկական համայնքներին։

Վ. Մկրտչյանի խոսքերով, խորհրդակցության հնգօրյա աշխատանքների ամփոփումից հետո դրանք հոգաբարձուների խորհրդում քննարկվելուց հետո կզեկուցվի նաեւ ՀՀ նախագահինՙ մասնակիցների նրա հետ ունեցած հանդիպման ժամանակ։

Ըստ ԱՐՄԵՆՊՐԵՍԻ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4