ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Նոյեմբերի 28-ին Լոս Անջելեսում կմեկնարկի ամենամյա հեռուստամարաթոնը, որը կհեռարձակվի Հարավային Կալիֆոռնիայում KSCI 18 կապուղով, 12 ժամ տեւողությամբՙ ժամը 8։00-20։00-ը։ Այն կհեռարձակվի նաեւ ամբողջ աշխարհում արբանյակային եւ ինտերնետային կապով։
Ըստ «Հայաստան» համահայակական հիմնադրամից տրամադրված տեղեկատվության, Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում հեռուստամարաթոնը կհեռարձակվի Երեւանի ժամանակով ժամը 20։00-01։00-ը։ Հեռուստամարաթոնին կարելի է հետեւել նաեւ Ինտերնետի հետեւյալ հասցեներովՙ www.armeniafund.org եւ www.himnadram.org։
Թելեթոնին մասնակցել ցանկացողները կարող են զանգահարել 521505, 526474, 560106 հեռախոսահամարներով կամ այցելել «Հայաստան» հիմնադրամի գրասենյակ։
Նույն աղբյուրի տվյալներով, նոյեմբերի 14-17-ը «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Հոլանդիայի տեղական մարմինների անցկացրած եվրոպական ֆոնաթոնի ընթացքում ստացվել է մոտ 700 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվության խոստում։ Շարունակվում է նաեւ նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 4-ը «Հայաստան» հիմնադրամի ԱՄՆ Արեւելյան ափի տեղական մարմնի կազմակերպած հեռախոսամարաթոնը։
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, այս անգամ եւս հավաքված գումարն ամբողջությամբ ուղղվելու է Արցախի «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարության ծրագրին։