ԹԵՀՐԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Նոյեմբերի 22-ին, 11.30-ի սահմաններում փոխհրաձգություն է տեղի ունեցել թուրք-իրանական սահմանագծում։ Իրանահայ «Ալիք» օրաթերթի տեղեկատվության համաձայն, Արեւմտյան Ատրպատականի Չալդըրանի տարածքում, սահմանագծից 100 մետր հեռավորության վրա, սպանվել է 1 իրանցի սահմանապահ։ ԻԻՀ սահմանապահ ուժերի տարածքային ստորաբաժանման հրամանատար մայոր Նաթեղիի խոսքերով, դեռեւս չի ճշտվել, թե ինչ նպատակով եւ ով է կատարել այդ գործողությունը։ Կատարվածը Իրանում հակված են բնորոշել որպես «սահմանային ներխուժում, ինչը հետապնդելի է դատական կարգով»։ Միջադեպի մանրամասների պարզման նպատակով իրանական կողմը հանդիպումներ է ունենում թուրքական պատվիրակության հետ։