Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը 35 տարեկան է
Հուշարձանների տարեթվերը հազվադեպ են նշվում։ Սակայն ուղիղ 35 տարի առաջ Երեւանի Ծիծեռնակաբերդի բարձունքում վեր խոյացած 1915 թ. Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրը իրավամբ դարձավ այն կոթողը, որը ոչ միայն անուրանալի ճարտարապետական արժեք է, այլեւ գոյատեւման, հիշատակի եւ վերածննդի խորհրդանիշ։
60-ականների «ձնհալի» պայմաններում խորհրդային հասարակայնության որոշակի, թեեւ կիսատ ազատականացման պայմաններում հնարավոր դարձավ Մեծ եղեռնի 50-ամյակը ոգեկոչելու մասին հարցադրումը։ Խորհրդային Հայաստանի այն ժամանակվա ղեկավարությունըՙ մեծ հայրենասեր, հայրենիքից հեռու մեծացած եւ կոփված, սակայն ազգային վառ նկարագիր ունեցող Յակով Զարոբյանի գլխավորությամբ համարձակ բարձրացրեց այդ տարելիցը պետականորեն նշելու հարցը եւ քրտնաջան բացատրական աշխատանքից հետո հաջողության հասավ. Մոսկվան արտոնեց անցկացնել մի շարք միջոցառումներ, այդ թվումՙ կառուցել Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող կոթողը։
Բազմաթիվ հրապարակումները սխալ պնդում են պարունակում առ այն, թե իբր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը կառուցվել է 1965 թվականի ապրիլի 24-ին Երեւանում կայացած զանգվածային ժողովրդական ցույցերի հետեւանքով։ Այնինչ, վավերագրերը վկայում են, որ հուշարձանի մասին Խ. Հայաստանի իշխանությունները խոսել են արդեն 1964 թվականին։ Մասնավորապես, հուլիսին պատմաբաններ Ծատուր Աղայանը, Հովհաննես Ինճիկյանը եւ Ջոն Կիրակոսյանը ՀԿԿ Կենտկոմի նախագահությանը հղած գրության մեջ խոսել են հուշարձան կանգնեցնելու անհրաժեշտության մասին, որը կխորհրդանշի հայ ժողովրդի վերածնունդը։ 1965 թվականի փետրվարին ՀԿԿ Կենտկոմի նախագահությունը, իսկ մարտին ՀԽՍՀ նախարարների խորհուրդը որոշում են կայացրել հուշարձանի մասին։
Հայտարարված մրցանակաբաշխությամբ, որն, ի դեպ, շատ բարդ էր, հաղթող ճանաչվեց երիտասարդ ճարտարապետներ Արթուր Թարխանյանի եւ Սաշուր Քալաշյանի նախագիծը։ Այդ հուշարձանը դարձել է քաղաքամայր Երեւանի կերպարի բաղկացուցիչ մասը, համայն հայության ուխտատեղի եւ սրբավայր։ 1995 թ. համալիրին ավելացավ Ցեղասպանության պատմության թանգարանը։ Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը պետական արարողակարգի մաս է կազմում, այստեղ խոնարհվելու են գալիս բարեկամ պետությունների ղեկավարները, պետական ու քաղաքական գործիչները, որոնց տնկած եղեւնիներից ձեւավորվել է հիշատակի ծառուղի։
Խոսելով Մեծ եղեռնի հուշահամալիրի մասին, մեր պարտքն ենք համարում նշել պատմագիտության դոկտոր Լավրենտի Բարսեղյանի գլխավորած թանգարանի սակավաթիվ կոլեկտիվի անձնուրաց ու նվիրական աշխատանքի մասին։ Ըստ էության, նրանք Ծիծեռնակաբերդի պահապան հրեշտակներն են, հոգում են ոչ միայն այցելուներին շրջայցեր կազմակերպելու, ցուցադրանքն ընդլայնելու, այլեւ տարածքը բնական մաքուր ու սարքին վիճակում պահպանելու մասին։
Ցավոք, Արթուր Թարխանյանի ու Սաշուր Քալաշյանի գլուխգործոցը չարժանացավ եւ ոչ մի մրցանակի։ Ուշ չէ, նույնիսկ 35 տարի անց նրանց շնորհել, օրինակ, Հայաստանի պետական մրցանակ։
ՏԻԳՐԱՆ ԼԻԼՈՅԱՆ