Եվ հրաժարվել ձիթենյաց այգիներում պատ կառուցելու մտադրությունից
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
Երուսաղեմի հայոց պատրիարքության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ պատրիարքության ներկայացուցիչների եւ Իսրայելի պաշտպանության նախարարության պաշտոնատարների միջեւ ամիսներ շարունակվող բանակցությունների արդյունքում Իսրայելը հրաժարվել է Բեթղեհեմի ձիթենյաց այգիներում անվտանգության պատ կառուցելու մտադրությունից, ինչպես նաեւ համաձայնել է փոխհատուցել Պարոն Տերին պատճառած վնասները։
2002 թ. մայիսին Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Երուսաղեմի եւ Բեթղեհեմից հյուսիս գտնվող Այդա փախստականների ճամբարի միջեւ անվտանգության պատ է կառուցելու, որն անցնում է հայապատկան Պարոն Տեր կալվածքների միջով։
Երուսաղեմի եւ Բեթղեհեմի հայոց վանքերը, եկեղեցիները, որոնք կառուցվել են 4-րդ դարից, կալվածքները, այգիները, մի խոսքովՙ Երուսաղեմի հայկական քրիստոնեական հարստությունն ի հոգեւորս ենթարկվում է Էջմիածնի հայոց կաթողիկոսությանը։ Հայկական Երուսաղեմի գլուխն է հայոց պատրիարքությունը եւ անձամբ պատրիարքը, որի իրավունքներն ու իրավասությունները սահմանված են հաջորդաբար օսմանյան, բրիտանական, հորդանանյան եւ իսրայելյան կառավարությունների համապատասխան որոշումներով։ Այսինքնՙ որեւէ կալվածք, տվյալ դեպքումՙ Բեթղեհեմի ձիթապտղի ընդարձակ այգիներն Իսրայելը կարող է գնել միայն եւ միայն Երուսաղեմի պատրիարքության, պատրիարքի համաձայնությամբ։
Պարոն Տերի վանքապատկան կալվածքի շուրջ տագնապն սկսվել էր 2001 թ. մայիսին, երբ «Ցահալի» զորքերը, առանց Հայոց պատրիարքությանը զգուշացնելու, «ապահովության նկատառումներով» ներխուժել էին հայապատկան կալվածք։ Պատրիարքության բողոքից հետո Իսրայելի պաշտպանության նախարարությունը հրապարակել էր պաշտոնական հրամանՙ վեց ամսով կալվածքն «անվտանգության նկատառումներով» գրավման տակ պահելու մասին։ 2001 թ. վերջերին «Ցահալն» ավերում է Պարոն Տերի պարիսպը, հրասայլերի տակ ճզմում ձիթենիների մի մասը։ Ավելի ուշՙ 2002 թ. ապրիլին, «Ցահալը» հայապատկան կալվածքի միջով ռազմական ճանապարհ է բացում Գիլո բնակավայրից մինչեւ Բեթղեհեմ։
Երուսաղեմից ստացված հաղորդագրության մեջ նշվում է, որ Բեթղեհեմի ձիթենյաց այգիները եւ նրան կից կալվածքները, որոնք կոչվում են պատրիարքներից Գրիգոր Պարոնտեր Գանձակեցու (1613¬1645) անունով, Իսրայելը վերադարձրել է պատրիարքությանըՙ բացառությամբ հարավային մի հատվածի, որը եւ «Ցահալն» օգտագործելու է «ժամանակավորապես»ՙ «անվտանգության եւ պաշտպանական նկատառումներով»։
Ուշագրավ է, որ Իսրայելը համաձայնեց փոխհատուցել Պարոն Տերին պատճառած վնասները եւ հրաժարվեց ձիթենյաց այգիներում պատ կառուցելու մտադրությունից այն օրերին, երբ Թել Ավիվում էր ՀՀ ԱԳՆ պատվիրակությունըՙ փոխարտգործնախարար Ռուբեն Շուգարյանի գլխավորությամբ։ Ինչպես նշել ենք «Ազգի» երեկվա համարում, Շուգարյանը հնարավոր է համարել Իսրայելում Հայաստանի դեսպանատան բացումը։ Հիշեցնենք, որ Հայաստանն Իսրայելում ունի դեսպանՙ ի դեմս Ֆրանսիայում դեսպան Էդուարդ Նալբանդյանի, որը համատեղության կարգով Իսրայելում ներկայացնում է մեր պետության շահերը։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների, Պարոն Տեր կալվածքի հարցում նա է օր¬օրի բանակցություններ վարել իսրայելական կողմի հետ։
Երուսաղեմի հայոց պատրիարքությունը Պարոն Տերի շուրջ ստեղծված իրավիճակն ուշադրության կենտրոնում պահելու եւ աջակցելու համար երախտագիտություն է հայտնել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, հայկական եւ ոչ հայկական մի շարք կազմակերպությունների, Հայ առաքելական եկեղեցուն, թեմերի առաջնորդներին, Հռոմի պապ Հովհաննես Պողոս Բ-ին, Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Բ-ին։