«Հայկական ժամանակ» օրաթերթի Շիրակի մարզի սեփական թղթակից Արման Գալոյանը երեկ Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում հրավիրած մամուլի ասուլիսում պատմեց նախորդ օրը իր եւ քաղաքապետի երկու թիկնապահների միջեւ տեղի ունեցած տհաճ միջադեպի մասին, որին նույն թերթը երեկվա համարում արդեն անդրադարձել է։ Ըստ Ա. Գալոյանի հայտարարության, հիշյալ անձինք նոյեմբերի 27-ին մարզպետարանի շենքի միջանցքում, մարզխորհրդի նիստից հետո, երկուսով մոտեցել են իրեն, քաշքշել, ապտակել ու վիրավորական խոսքեր ասել, խլել են ձայնագրիչը, որը հետո վերադարձրել են, բայց առանց ձայներիզի։ Դատելով լրագրողի մեկնաբանություններից, նրա նկատմամբ թույլ տրված նման ոտնձգությունը կարող էր կապված լինել թղթակցի տարբեր հրապարակումների հետ, որոնք ոչ մեկ անգամ զայրացրել են քաղաքապետին։
Այս կապակցությամբ Գյումրու «Ասպարեզ» ակումբի ընդունած հայտարարության մեջ արձանագրվում է այն անառողջ մթնոլորտը, որ ձեւավորվել եւ հետզհետե խորանում է «Հայկական ժամանակի» թղթակցի եւ Գյումրու քաղաքապետարանի տարբեր աշխատակիցների հարաբերություններում։ Ըստ ակումբի դիտարկումների, մի կողմից լրագրողական աշխատանքում տեղ գտած թերությունների, պատահական եւ ոչ պատահական վրիպումների, մյուս կողմիցՙ թղթակցի հրապարակումների «թիրախների» էմոցիոնալ, երբեմն անվայել արձագանքի արդյունքում առնվազն 8 ամիս է, ինչ կողմերի միջեւ զարգանում է լուրջ բախում, որը հետզհետե սրվում է տարբեր դրսեւորումներով։ Հավատացնելով, որ այս ոլորտի ցանկացած խնդիր հնարավոր է լուծել բարի կամքի, օրինականության եւ բարոյականության միջավայրում, «Ասպարեզ» ակումբը լրագրողին եւ թերթին կոչ է անում բարձր պահել որակյալ ժուռնալիստիկայի պատիվը, լավագույնս հավասարակշռել խոսքի ազատության իրավունքը եւ այդ իրավունքից բխող պատասխանատվությունը։ Իսկ քաղաքային իշխանություններին, նրանց ներկայացուցիչներին եւ պաշտոնյաներին հայտարարության հեղինակները կոչում են քննադատությունների հանդեպ «աչալուրջ համբերատարության»։
Մեր կողմից ավելացնենք, որ լրագրողի հանդեպ կատարվածը բոլոր դեպքերում անթույլատրելի ու դատապարտելի է, առավել եւսՙ եթե թույլ է տրվել պետական մարմնի աշխատողների կողմից։ Կարծում ենքՙ քաղաքապետարանի եւ քաղաքապետի հեղինակության օգտին կլինի երեւույթին պատշաճ գնահատական տալը, ինչպես եւ լրագրողին կամ որեւէ այլ մեկին պատասխանելու այդ ձեւի բացառումը հետագայում։
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ