«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#217, 2002-11-27 | #218, 2002-11-28 | #219, 2002-11-29


ԻՆՉՊԵՍ ԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐՋԻՆ ԵՐԵՔ ՏԱՐՈՒՄ

1994¬96 թթ. սեփականաշնորհումը կատարվում էր բաժնետոմսերի ազատ բաժանորդագրմամբ (ԲԱԲ), երբ նոր սեփականատերը ձեռք բերած օբյեկտն աշխատեցնելու, ներդրումներ կատարելու եւ աշխատատեղեր ստեղծելու առումով որեւէ պարտավորություն չէր ստանձնում։ Հետագայում, գլխավորապես վերջին երեք տարիներին, բագրատյանական սեփականաշնորհման այս անարդյունավետ ձեւը փոխվեց։ Այժմ կատարվում է մրցույթ կամ ուղղակի վաճառք, երբ նոր սեփականատերն օբյեկտը գնելիս ստանձնում է վերեւում նշված պարտավորությունները։ Թե ինչպես են կատարվել այդ պարտավորությունները, երեկ տեղեկացանք պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանից, որն այդ մասին տեղեկանքը ներկայացրել էր կառավարությանը։

Համաձայն նախարարի ներկայացրած տեղեկանքի, անցած երեք տարիների ընթացքում մասնավորեցված փոքր եւ միջին ձեռնարկությունները պետք է կատարեին 7,2 մլրդ դրամի եւ 18 մլն դոլարի (ընդհանուր առմամբ մոտ 30 մլն դոլար) ներդրում։ Ուսումնասիրություններից պարզվել է, որ կատարվել է շուրջ 22 մլն դոլարի ներդրում։ Սակայն Դավիթ Վարդանյանը շտապեց պարզաբանել, որ պատկերը դեռեւս ամբողջական չէ, եւ մինչեւ տարեվերջ բոլոր ընկերությունների տվյալները կլինեն։ Նա նշեց, որ ընդամենը 16 դեպք է եղել, երբ ստիպված են եղել հայցադիմում ներկայացնել դատարանՙ բաժնետոմսերը հետ վերցնելու պահանջով, քանի որ ներդրումային պարտավորությունները չէին կատարվել։ Ընդ որում, ոչ բոլոր դեպքերում է նախարարությունը հաղթել, քանի որ կամ ժամկետները լրացած չէին, կամ ներդրումները մեծ մասամբ կատարված են եղել։ Իսկ, օրինակ, «Շիրակ-շաքարի», Գյումրու ապակու գործարանի, «Գեղամա» հանգստյան տան եւ մի շարք այլ օբյեկտների բաժնետոմսերը հետ են վերցվել։

Դավիթ Վարդանյանն ընդգծեց, որ խոշոր ձեռնարկությունները («Արմենտել», «Նաիրիտ», «Կանազ», «Դողագործ», «Արմենիա» հյուրանոց եւ այլն) այս ուսումնասիրությունների ցանկում ընդգրկված չեն։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4