«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#217, 2002-11-27 | #218, 2002-11-28 | #219, 2002-11-29


ՀԱՅ-ՀՈՒՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԱՀԱՏՎԵՑ ԱՆԲԱՎԱՐԱՐ

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Հայ-հունական տնտեսական համագործակցության ներկայիս մակարդակը զիջում է առկա հնարավորություններին եւ գնահատվում է անբավարար։ Այս մասին նոյեմբերի 28-ին կայացած հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստում հայտարարեցին հանձնաժողովի համանախագահներ, ՀՀ գյուղնախարար Դավիթ Զադոյանը եւ Հունաստանի արտգործփոխնախարար Անդրեաս Լովերդոսը։

Դ. Զադոյանի խոսքերով, քաղաքական երկխոսության բարձր մակարդակին զիջող տնտեսական փոխհամագործակցությունը բացատրվում է Հայաստանի ներդրումային դաշտի վերաբերյալ տեղեկատվության պակասով։ Նախարարը նշեց, որ երկու երկրները կարող են համագործակցել սննդարդյունաբերության, ըմպելիքների, կաթնամթերքների, արհեստական ալմաստների արտադրության, քիմիայի եւ արդյունաբերական այլ ոլորտներում։ Ա.Լովերդոսի կարծիքով, 11 մլն դոլարի հասնող առեւտրաշրջանառությունը չի կարելի գոհացնող համարել։ Նրա գնահատմամբ, չնայած Հայաստանի տնտեսության մեջ Հունաստանի «ռազմավարական մասնակցությանը», համագործակցության եզրեր դեռեւս շատ կան։ Նա նշեց, որ առաջիկայում Հայաստան կայցելի նաեւ հույն գործարարների պատվիրակությունը։

Հայ-հունական տնտեսական համագործակցության խնդիրները կքննարկվեն միջկառավարական հանձնաժողովի 5 աշխատանքային խմբերում։ Ավարտին կստորագրվի համապատասխան արձանագրություն։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4