ՀՀ նախագահի այցը Կոտայքի մարզ
ՄԱՌԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հանրապետության նախագահի Կոտայքի մարզ երեկվա այցի ամենանշանակալի կանգառը, թերեւս, Աբովյան քաղաքի քարերի վերամշակման գործարանն էր։ «Մուլտի գրուպ» կոնցեռնն աշխատատեղեր է ստեղծել քարի մշակման ոլորտում։ Մոտ 200 մարդ 120 դոլար միջին աշխատավարձով կաշխատի «Մուլտի գրուպ սթոուն» ընկերությունում։
Գործարանի բացման հանդիսավոր արարողությունը, ժապավեն կտրելը Ռոբերտ Քոչարյանին էր վերապահված։ Հանրապետության նախագահն այնուհետեւ շրջեց նորաբաց գործարանում։ «Մուլտի գրուպը» շուրջ 2,5 մլն դոլարի ներդրում է կատարել, ներմուծել քարի մշակման ոլորտում իտալական հայտնի «Պեդրինի» ֆիրմայի ժամանակակից սարքավորումները, հրավիրել իտալացի մասնագետներիՙ դրանք տեղադրելու, այնուհետեւ տեղացի մասնագետներին վերապատրաստելու համար։ Գործարանն աշխատելու է սերիական արտադրությամբՙ եկող տարվա հունվարից արտադրելով 10 հազար քառակուսի մետր տրավերտինի սալիկներ։ Արտադրանքն ամբողջությամբ արտահանվելու է եվրոպական երկրներ ու Միացյալ Նահանգներ (համագործակցությունը 3 խոշոր իտալական ֆիրմաների հետ է), սակայն տեղական գնորդին եւս հասանելի է «Մուլտի գրուպ սթոունի» արտադրանքը։
«Հայաստանում տրավերտինի պաշարներ շատ կան, մեր տրավերտինը կարող է իրացվել Եվրոպայում եւ ԱՄՆ-ում», նշում է «Մուլտի գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը եւ ավելացնում, որ ի սկզբանե նպատակ է դրվել, օգտագործելով տեղական հումքը, տալ արտադրանք եւ արտահանել։
Ներկայումս ընկերությունը 17 հեկտար մակերեսով հանքեր է ձեռք բերել Արարատի մարզում եւ զբաղվում է դրանց հետազոտությամբ, որը կավարտվի տարեվերջին։ Ըստ Սեդրակ Առուստամյանի, այս տարի հանքերից կստացվի շուրջ 200 խմ քար, պաշարների պատկերը դեռեւս հստակ չէ։ Ընկերության ներդրած գումարը, կոնցեռնի գլխավոր տնօրենի խոսքով, մոտ 5¬6 տարի հետո հնարավոր կլինի հետ բերել։
Աբովյան քաղաքում տոնական տրամադրություն էր։ Աբովյանցիները մեզ հետ զրույցում նշում էին, թե իրենց քաղաքը բռնել է զարգացման ուղին, ու սա շատ դեպքերում «Մուլտի գրուպի» շնորհիվ։ Յուրաքանչյուր բացվող աշխատատեղ նրանց մեջ վստահություն է առաջացնում, որ ապագան իրենց քաղաքինն է։
Աբովյանցիներն առիթը բաց չթողեցին մի քանի խոսք փոխանակելու երկրի նախագահի հետ, խոսելու իրենց քաղաքի մասին։ Նրանք Ռոբերտ Քոչարյանին հաջողություններ մաղթեցին գալիք ընտրություններինՙ շարունակելու սկսած գործը։
Ռոբերտ Քոչարյանն իր այցի ընթացքում ականատես եղավ նաեւ մարզի գյուղատնտեսական զարգացումներին, այցելեց Զորավանի անասնապահական համալիր, որը վերջին մի քանի տարիներին է ոտքի կանգնել։ Խորհրդային տարիներին անասնապահական հսկայական ֆերման շուրջ 13 հազար գլուխ անասուն է ունեցել, 98-ին սեփականաշնորհվելուց հետո կամաց-կամաց ոտքի է կանգնել։ Այժմ ֆերման ունի 650 գլուխ խոշոր, 1200 գլուխ մանր եղջերավոր անասուններ, 480 խոզ։ Մինչեւ տարեվերջ կարտադրվի մոտ 380 տոննա կաթ, 120 տոննա միս։ Արտադրանքը հիմնականում սպառվում է Երեւան եւ Աբովյան քաղաքներում։ Մինչեւ 2008 թ. նպատակ է դրվել անասնագլխաքանակը հասցնել շուրջ 8 հազարի։
Միակ խնդիրը, թերեւս, որ նշեց համալիրի տնօրեն Սպարտակ Մելիքյանը, չինովնիկական քաշքշուկն է, ստուգողների մեծ բանակը, որ խոչընդոտում է աշխատանքներին։
Նախագահ Քոչարյանի այցելության վերջին կետը Ծաղկաձորի սպորտբազան էր, որտեղ երեկ Համահայկական երիտասարդական առաջին խորհրդակցության ավարտական օրն էր։ Մինչ խորհրդակցության մասնակիցների հետ հանդիպումը նախագահը դիտեց սպորտային բազայի 3¬րդ մասնաշենքի շինարարության ընթացքը («Լինսի» հիմնադրամի տրամադրած 2 մլն դոլարով իրականացվող շինարարությունը կավարտվի հաջորդ տարի)։
«Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Վահագն Մկրտչյանը հանրապետության նախագահին ներկայացրեց չորսօրյա աշխատանքների արդյունքները։ Նա տեղեկացրեց, որ «Համահայկական երիտասարդական խորհրդաժողով» ստեղծելու մասին հռչակագիր է ընդունվել, որոշվել է ստեղծել մեկ միասնական տեղեկատվական դաշտՙ Հայաստանի եւ սփյուռքի երիտասարդության մտավոր եւ աշխատանքային ներուժը գնահատելու եւ գույքագրելու համար, առաջարկել ՀՀ արտաքին գործերի նախարարությանն արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում ունենալ Հայաստան¬սփյուռք երիտասարդության համագործակցության հարցերով պատասխանատուներ...
Նախագահ Քոչարյանը ողջունեց հայրենիքում աշխարհի տարբեր երկրներից երիտասարդների համախմբումը, համոզմունք հայտնեց, որ պետք է պարբերաբար անցկացնել խորհրդաժողովներ։ Դրանց միջոցով հնարավոր կլինի կարեւոր խնդիրների շուրջ ընդհանուր մոտեցում ձեւավորել։ Ռոբերտ Քոչարյանը նրանց աջակցելու պատրաստակամություն հայտնեց։
Մեկ ժամից ավելի տեւեց ՀՀ նախագահի եւ խորհրդաժողովի մասնակիցների զրույցը։ Ռոբերտ Քոչարյանը խնդրեց երիտասարդներին արծարծվող հարցերում անկեղծ լինել։
Առավել անկեղծ զրույց ունենալու ցանկությունն էր, թերեւս, որ Ռոբերտ Քոչարյանին մղեց հանդիպումն անցկացնել առանց լրագրողների մասնակցության։