Ափսոսանքով արձանագրում է ադրբեջանական մամուլը
Երեկ լույս տեսած հայաստանյան օրաթերթերը ողողված էին ՀՀՇ-ի, ավելի ճիշտՙ Հայաստանի առաջին նախագահի մասին պատմող հրապարակումներով։ Հետ չմնաց նաեւ ադրբեջանական մամուլը։ Այսպես, Բաքվի «Զերկալո» թերթի հրապարակումն իր ծավալով ավելի ընդարձակ էր, քան հհշամետ եւ անկախ «Առավոտինը»։
«Ազգը» մի քանի անգամ առիթ է ունեցել գրելու, որ հարեւան հանրապետությունում Լեւոն Տեր¬Պետրոսյանի նկատմամբ ձեւավորվել է յուրատեսակ վերաբերմունք, Ադրբեջանի քաղաքական շրջանակները, մամուլը, հասարակության մի ստվար հատված հույս ունի, որ Հայաստանի առաջին նախագահը կմասնակցի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին եւ կհաղթի։ Թվում է, սակայն, որ ՀՀՇ 13-րդ համագումարը հիասթափեցրեց ոչ միայն հհշական երեւելիներինՙ Ալ. Արզումանյանին, Ա. Բլեյանին, Ա. Մանուկյանին, մյուսներին, այլեւՙ ադրբեջանական ԶԼՄ-ներին։ Օրինակ, նույն «Զերկալոն» լրիվ հույսը կորցրել է։ Ահա նման հուսախաբության պայմաններում մեր ադրբեջանցի գործընկերներին այլ բան չի մնում, քան հայհոյանքներ, լուտանքներ թափել ՀՀ գործող իշխանությունների եւ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հասցեին։ Զարմանալ կարելի է, անգամ ապշել. ինչո՞ւ են ադրբեջանցիներն այդքան շատ փափագում Լեւոն Տեր¬Պետրոսյանի իշխանության վերադարձը։ ՀՀ առաջին նախագահը պիտի գտնի՞ ԼՂ հակամարտության լուծումը, եւ այդ լուծումը պիտի ադրբեջանանպա՞ստ լինի։ ԼՂ հարցում ո՞րն է Տեր¬Պետրոսյանի եւ Քոչարյանի տարբերությունը։ Հայաստանը փառահեղ հաղթանակ տարավ ղարաբաղյան պատերազմում (ըստ Տեր¬Պետրոսյանիՙ ճակատամարտում), հողեր ազատագրեց հենց այն տարիներին, երբ ՀՀ-ում իշխում էր Լեւոն Տեր¬Պետրոսյանը, ԼՂՀ-ումՙ Ռոբերտ Քոչարյանը։ Այնպես որ, ադրբեջանական մամուլի ափսոսանքը հիմնավորված չէ։
«ԼՂ հակամարտության կարգավորման Ադրբեջանի համար առավել ընդունելի փուլային տարբերակի կողմնակիցներն արդեն կորցրել են իշխանության հասնելու բոլոր հույսերը... Ինչո՞ւ նախկին նախագահի կողմնակիցները, ինքըՙ Տեր¬Պետրոսյանը, հրաժարվեցին նախագահության աթոռի համար պայքարից։ Ըստ ամենայնի, նախկին նախագահի կողմնակիցները կորցրել են արտաքին աջակցությունը, եւ միջազգային հանրությունը կարծում է, թե ստեղծված պայմաններում կարող է ԼՂ հարցի լուծմանը հասնել առանց Հայաստանում իշխանափոխությանՙ Ադրբեջանի հաշվին», նկատում է «Զերկալոն» եւ ենթադրում, որ մինչեւ 2003 թ. հոկտեմբեր կայանալիք նախագահական ընտրություններն Ադրբեջանի նկատմամբ ավելանալու են դրսից ճնշումները, եւ Բաքուն ստիպված է լինելու դիմել լուրջ զիջումների ԼՂ հարցում։
Թ. Հ.