«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#218, 2002-11-28 | #219, 2002-11-29 | #220, 2002-11-30


«ՀԱՄԱՅՆ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԱՆ» ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸՙ ՀԱՅԵՐԵՆ

Լույս է տեսել «Հիմնական փաստեր ՄԱԿ-ի մասին» գիրքը

«Ես բնակչության բոլոր շերտերին խորհուրդ կտայի այս գիրքը կարդալՙ ուսանողներին, ուսուցիչներին, զանգվածային լրատվամիջոցներին, ակադեմիական հանրությանը, հասարակական կազմակերպություններին եւ առհասարակ ողջ հանրությանը։ Այս գիրքը կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ «համայն մարդկությանն անհրաժեշտ ընդհանուր տան» պատմությունը, փարվել այս կազմակերպությանը, որն աշխատում է ձեզ համար, պայքարում այսօր բոլորիս առաջ ծառացած մարտահրավերների դեմՙ որպես ձեր իսկ կազմակերպություն», գրքի առաջաբանում գրում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարիՙ հաղորդակցության եւ հանրային տեղեկատվության հարցերով տեղակալ Շաշի Թարուրը։

Արժեքավոր այս գիրքը թարգմանված է Նյու Յորքում 2000 թ. լույս տեսած «Basic Facts about the United Nations» հրատարակությունից, արվել են միայն որոշ լրացումներՙ միջազգային կյանքի վերջին իրադարձությունների առնչությամբ։ 350 էջանոց գիրքը, որը նվիրվել է Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության տասնամյակին, անգլերենից թարգմանել են ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Աշոտ Քոչարյանը, ՄԱԿ-ի բաժնի վարիչ Աննա Աղաջանյանը, մամլո խոսնակ Ձյունիկ Աղաջանյանը եւ Հունաստանում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը։ Գրքի հրատարակությանը նպաստել են Հայաստանում ՄԱԿ-ի համակարգող Ժոել Բուտրուն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Շաշի Թարուրը, ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի աշխատակիցներ Վալերի Տկաչուկը, Արմինե Հալաջյանը, Գայանե Գաբրիելյանը, Սոնա Ազարյանը։

ՄԱԿ-ի կառուցվածքի, գործունեության մասին առաջին անգամ հայերենով հրատարակված այս գիրքը կազմված է երեք մասից եւ յոթ գլուխներից։

Առաջին մասում մանրամասն պատմվում է ՄԱԿ-ի կանոնադրության, նպատակների եւ սկզբունքների, կազմակերպության կառուցվածքի, ծրագրերի, մասնագիտացված գործակալությունների (ՅՈՒՆԵՍԿՕ, Համաշխարհային բանկ, ՄԱՀ, Առեւտրի համաշխարհային կազմակերպություն եւ այլն) մասին։

Գրքի երկրորդ մասի վեց գլուխները նվիրված են միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը (հակամարտությունների կանխարգելում, խաղաղարարություն, խաղաղապահություն, խաղաղաշինություն, հարկադրական միջոցներ), Աֆրիկայում, Ասիայում, Եվրոպայում, Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի երկրներում հանուն խաղաղության ՄԱԿ-ի խաղաղարար գործողություններին, զանգվածային բնաջնջման զենքերի զինաթափմանը։ Երրորդ գլուխը պատմում է տնտեսական, սոցիալական եւ կայուն զարգացման, չորրորդըՙ մարդու իրավունքների, հինգերորդըՙ մարդասիրական գործողությունների, վեցերորդըՙ միջազգային իրավունքի, յոթերորդըՙ ապագաղութացման մասին։

Երրորդ մասում հավելվածներ ենՙ ՄԱԿ-ի անդամ պետությունները, անդամության տարեթվերը, բնակչությունը, ով ինչքան է վճարում կազմակերպության բյուջե, խաղաղապահ գործողությունների անցյալը եւ ներկան, ուշագրավ վիճակագրական այլ տեղեկություններ։

«Հիմնական փաստեր ՄԱԿ-ի մասին» հրատարակությունը, որը կարդացվում է անհագ հետաքրքրությամբ, միայն գիրք չէ, այլեւ ունի հանրագիտարանի նշանակություն։

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4