Առջեւում ԱՊՀ չեմպիոնների գավաթի մրցաշարն է
Հայաստանի թիմերից նոր մրցաշրջանում առաջինն ասպարեզ կելնի երկրի չեմպիոն «Փյունիկը»։ Հունվարի 18-ին Մոսկվայում մեկնարկելու է ԱՊՀ եւ բալթյան երկրների չեմպիոնների գավաթի 11-րդ խաղարկությունը։ Հայաստանի չեմպիոնը վիճակահանությամբ ընդգրկվել է «B» խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Լատվիայի չեմպիոն Ռիգայի «Սկոնտոն», Բելառուսի ուժեղագույն ակումբ Բորիսովի ԲԱՏԷ-ն եւ Տաջիկստանի «Ռեգար-Տարազը»։ «Փյունիկը» 5-րդ անգամ է մասնակցելու պատասխանատու այդ մրցաշարին։ Առայժմ ամենամեծ հաջողությանը ՀՀ հնգակի չեմպիոնը հասել է 1997 թ.։ Այդ տարի փյունիկցիները կարողացան հաջողությամբ հաղթահարել խմբային մրցաշարի արգելքը («Կարեդա» Լիտվաՙ 2-2, «Մետալուրգ» Ղրղզստանՙ 4-0, «Դինամո» Ուկրաինաՙ 0-2) եւ մտան քառորդ եզրափակիչ, որտեղ 0-3 հաշվով զիջեցին մրցումների եռակի հաղթող Մոսկվայի «Սպարտակին»։ Անցյալ տարի «Փյունիկն» անհաջող հանդես եկավ։ Խմբային մրցաշարի առաջին խաղում հայ ֆուտբոլիստները 0-3 հաշվով զիջեցին Մոլդովայի չեմպիոն Տիրասպոլի «Շերիֆին», ապա 3 անպատասխան գնդակ խփեցին Ուզբեկստանի ուժեղագույն թիմիՙ Ֆերգանայի «Նեւթչիի» դարպասը (գոլերըՙ Վարազդատ Ավետիսյանՙ 2, Նջիայ Մալալ)։ Խմբային մրցաշարի ավարտական խաղում «Փյունիկը» 2-6 հաշվով պարտվեց Մոսկվայի «Սպարտակից» (գոլերըՙ Արման Քարամյան, Նջիայ Մալալ) եւ դուրս մնաց հետագա պայքարից։
Կասկած լինել չի կարող, որ քառորդ եզրափակիչի 2 ուղեգրերի համար պայքարում «Փյունիկի» հիմնական մրցակիցներն են լինելու «Սկոնտոն» եւ ԲԱՏԷ-ն։ Ռիգայի «Սկոնտոն» բավական մեծ համբավ ունեցող ֆուտբոլային կոլեկտիվ է։ Արդեն 12-րդ տարին թիմը նվաճում է Լատվիայի չեմպիոնի տիտղոսը։ Դա յուրօրինակ ռեկորդ է։ «Սկոնտոն» միակ թիմն է, որ մասնակցել է ԱՊՀ եւ բալթյան երկրների չեմպիոնների գավաթի նախորդ բոլոր խաղարկություններին։ Ամենամեծ հաջողությանը լատվիացի ֆուտբոլիստները հասել են 2001 թ. մրցաշարումՙ հանդես գալով եզրափակիչում, որտեղ 1-2 հաշվով զիջել են Մոսկվայի «Սպարտակին»։ Մրցակիցներից «Փյունիկն» առայժմ հանդիպել է Տաջիկստանի չեմպիոնի հետ։ Այդ խաղը կայացել է գավաթի անդրանիկ խաղարկությունումՙ 1993 թ., եւ ավարտվել է մեր թիմի հաղթանակովՙ 2-1 (գոլերըՙ Հայկ Մարգարյան, Արսեն Ավետիսյան)։ «Սկոնտոյի» հետ Հայաստանի թիմերից հանդիպել են Երեւանի «Արարատը» (1994 թ.ՙ 2-3) եւ Գյումրու «Շիրակը» (2000 թ.ՙ 1-3)։ ԲԱՏԷ-ի հետ միակ հանդիպումն անցկացրել են շիրակցիները 2000 թ.ՙ զիջելով 1-5 հաշվով։ Հետաքրքրական է, որ նույն տարվա ամռանը «Շիրակի» եւ ԲԱՏԷ-ի միջեւ նոր հանդիպում կայացավ չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում։ Գյումրիում գրանցվեց ոչ-ոքի (1-1), իսկ Բորիսովում 2-1 հաշվով հաղթեց Բելառուսի չեմպիոնը։ Ամեն դեպքում հույսեր կան, որ «Փյունիկն» անցյալ տարվա համեմատ ավելի հաջող ելույթներ կունենա։ Շատ կարեւոր է նաեւ, որ թիմը մրցաշարին ներկայանա իր մարտական կազմով։ Ինչպես տեղեկացրել ենք, ներկայում Ֆրանսիայում փորձաշրջան են անցնում «Փյունիկի» առանցքային խաղացողներ Աղվան Մկրտչյանը, Խոսե Բիլիբիոն եւ Մամադու Դիավարան։ Առաջին խաղը «Փյունիկը» կանցկացնի հունվարի 18-ին «Սկոնտոյի», իսկ հաջորդ օրը կմրցի «Ռեգարի» հետ։ Հունվարի 21-ին մեր թիմի մրցակիցը կլինի ԲԱՏԷ-ն։
«A» խմբում հանդես կգան Ռուսաստանի չեմպիոն «Լոկոմոտիվը», Վրաստանի չեմպիոն Քութաիսի «Տորպեդոն», Ղազախստանի «Իրտիշը» եւ Ղրղզստանի չեմպիոնը։ «C» խմբում ընդգրկվել են Ուկրաինայի չեմպիոն Դոնեցկի «Շախտյորը», Լիտվայի ուժեղագույն ակումբ Կաունասի ՖԲԿ-ն, Ադրբեջանի երիտասարդական հավաքականը եւ Տաշքենդի «Պախտակորը»։ «D» խմբում մրցավեճի կբռնվեն Տալլինի «Ֆլորան», Տիրասպոլի «Շերիֆը», Թուրքմենստանի չեմպիոնն ու ՌԴ երիտասարդական հավաքականը, որը հանդես է գալու հաշվարկից դուրս։ Խմբերում առաջին երկու տեղերը զբաղեցրած թիմերը կշարունակեն պայքարը քառորդ եզրափակիչում։