ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հայաստանում կոռուպցիայի տարածվածության եւ դրսեւորման գնահատումը» հասարակական կարծիքի հետազոտության արդյունքներով, հարցվածների մեծամասնությունը կոռուպցիան Հայաստանում հիմնախնդիր է համարել։ Հարցման մասնակից անհատների միայն 4 տոկոսը, ձեռներեցների 3,5 տոկոսը եւ պետական պաշտոնյաների 2 տոկոսն են նշել, որ կոռուպցիան հիմնահարց չէ։ Այն հիմնախնդիր են համարել հիմնականում 31-45 տարեկան, բարձրագույն կրթությամբ անհատները, ձեռներեցները եւ կառավարման միջին օղակում 10 տարուց ավելի աշխատանքային փորձ ունեցող ծառայողները։ Գեղարքունիքում եւ Արագածոտնում բնակվող անհատներն ու ձեռներեցները, ինչպես նաեւ Սյունիքի մարզի պետական պաշտոնյաներն ավելի բացասական են գնահատել երկրում տիրող իրավիճակը։
Ընդհանուր առմամբ, հարցվածները Հայաստանում կոռուպցիան չեն կապում անկախության ձեռքբերման հետ, այն հիմնականում դիտվում է որպես անցյալ ռեժիմի ժառանգություն, այլ ոչ թե «նոր» իշխանությունների ներմուծած երեւույթ։
Հարցման արդյունքները ցույց են տվել, որ տնային տնտեսությունների խմբի հարցվածների 94 տոկոսը, ձեռներեցների 97 տոկոսը եւ պետական պաշտոնյաների 92 տոկոսը կարծում են, որ Հայաստանում կոռուպցիայի հիմնական նախաձեռնողները պետական պաշտոնյաներն են։ Կոռուպցիայի հիմնական նախադրյալները համարվել են օրենքների վատ կիրարկումը եւ թերի օրենսդրությունը։ Երկրորդ տեղում դասվել են վերահսկողության եւ պատժիչ մեխանիզմների բացակայությունը, այնուհետեւ օրինականություն ու ազնվություն ապահովող ամբողջական պետական համակարգի բացակայությունը, անբարենպաստ սոցիալ-տնտեսական պայմանները։
Հարցվածների մեծամասնությունը նշել է, որ Հայաստանում լայնածավալ կոռուպցիան առաջին հերթին կհանգեցնի աղքատության մակարդակի կտրուկ խորացման։ Ձեռներեցներն ավելի մտահոգված են երկրի տնտեսական զարգացման վրա դրա բացասական ազդեցությամբ, իսկ պետական պաշտոնյաներն ավելի հաճախ նշել են հանցագործությունների եւ օրինազանցությունների հնարավոր աճը։
Հարցվածների կարծիքով, կոռուպցիայի երեւույթը կարելի է վերացնել օրենքների կիրարկման ուժեղացմամբ, վերահսկողության մեխանիզմների եւ պատժիչ միջոցների խստացմամբ։
Հարցումն անցկացվել է Տարածաշրջանային զարգացման կենտրոն/Թրանսփարենսի Ինթերնեշնլ հայաստանյան մասնաճյուղի կողմից 1000 անհատի, 200 ձեռներեցի եւ 201 պետական պաշտոնյայի շրջանում։