Ընդգծում է ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը
ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Հազարամյակի զարգացման նպատակների իրականացման ազգային երկրորդ զեկույցի նախագծում Հայաստանը ընկալվում է որպես զարգացող երկիր, մինչդեռ Հայաստանը այդպիսի երկրներից տարբերվում է տնտեսության կառուցվածքով եւ բնակչության կրթության բարձր մակարդակով։ Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Արտակ Ապիտոնյանը զեկույցի նախագծի ընդլայնված քննարկմանը, որը կայացավ նոյեմբերի 29-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում։ Նա ընդգծեց, որ նախկին ԽՍՀՄ երկրները, բացառությամբ Տաջիկստանի, համարվում են անցումային շրջանում գտնվող երկրներ, այլ ոչ թե զարգացող։ Ա. Ապիտոնյանը նշեց նաեւ, որ Հազարամյակի զարգացման նպատակներից մի քանիսը, մասնավորապես տարրական կրթությանը եւ ԴԱՎ-ին վերաբերող հարցերը, առհասարակ Հայաստանի համար արդիական չեն, իսկ հանրապետությունում առկա աղքատության բարձր ցուցանիշը հիմնականում պայմանավորված է գործազրկության բարձր մակարդակով, ինչպես նաեւ բնակչության կողմից եկամուտները չհայտարարագրելով։
2002 թ. ստորագրելով ՄԱԿ-ի Հազարամյակի հռչակագիրը, Հայաստանը պարտավորվել է նոր հազարամյակում իրագործել հռչակագրում նշված 8 նպատակները, որոնք ենՙ աղքատության եւ սովի վերացում, ընդհանուր տարրական կրթություն, օժանդակություն սեռերի իրավահավասարությանը եւ կանանց իրավունքների ընդլայնում, երեխաների մահացության նվազեցում, մայրական առողջության բարելավում, պայքար ԴԱՎ-ի եւ մալարիայի դեմ, շրջակա միջավայրի պահպանության ապահովում, զարգացման համար գլոբալ համաձայնության ստեղծում։ Նպատակների մեծ մասի իրագործման վերջնական ժամկետ է ընդունվել 2015 թ.-ը։
Վերոհիշյալ նպատակներից յուրաքանչյուրի գծով զեկույցի նախապատրաստման համար ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնցում ընդգրկվել են հասարակական կազմակերպությունների, համապատասխան նախարարությունների ներկայացուցիչներ եւ ՄԱԿ-ի փորձագետներ։ Հետագայում նախատեսվում է զեկույցը քննարկել նաեւ երկրի տարբեր մարզերում եւ շրջաններում։