«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#219, 2002-11-29 | #220, 2002-11-30 | #221, 2002-12-03


ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐՆ ԱՐԴՅՈՒՆՔ ՉԵՆ ՏՎԵԼ

«Ընտրական օրենսգրքի» շուրջ խորհրդարանական ուժերի միջեւ ընթացող բանակցություններն արդյունք չեն տվել։ Առանցքային երեք հարցերի շուրջ կողմերը մնացել են իրենց կարծիքներին։

Դրանք ենՙ հենց ընտրության օրը ընտրողին հնարավորություն տալ հանձնաժողովի համաձայնությամբ վերականգնել իր ընտրելու իրավունքը, երկրորդՙ քվեաթերթիկների հետեւի երեսին կնքելը եւ այնպես ծալելը, որպեսզի այդ կնիքը եւ ստորագրությունը երեւան, եւ երրորդՙ վստահված անձանց թվաքանակի մեծացումը։

ԱԺ քաղաքական մեծամասնությունը չի ընդունել դրանցից եւ ոչ մեկը։ Այսուհանդերձ, «16»-ի խորհրդարանական ներկայացուցիչները դեռեւս չեն հստակեցրել իրենց առաջիկա քայլերն այս առումով։ Նախագծի հեղինակ Շավարշ Քոչարյանը հայտնեց, որ դեռեւս ուժի մեջ է ԱԺ արտահերթ նիստ նախաձեռնելու տրամադրվածությունը։

Հատկանշական է, որ, ըստ Շ. Քոչարյանի, իրենց եւ ՀՅԴ-ի միջեւ վերոնշյալ երեք հարցադրումներից առաջին երկուսի առումով տարակարծություններ չկան։ Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն ԱԺ երկրորդ ուժն է, որը նախաձեռնել էր «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների մեկ այլ տարբերակ եւ «16»-ի նախագծի հետ դրել քննարկումների սեղանին։

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4