Վարդան Սրմաքեշն ընդլայնում է ֆուտբոլային գործունեությունը
Վերջին տարիներին Հայաստանի մանկապատանեկան ֆուտբոլում դրական տեղաշարժեր են նկատվում։ Խոսքն առաջին հերթին «Փյունիկի», «Արաքսի», ֆուտբոլի հանրապետական մարզադպրոցների, ակումբներին կից ստեղծվող մանկապատանեկան խմբերի մասին է։ Հայաստանում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանն ուղղված ծրագիր է մշակել «Արարատ» ֆուտբոլային ակումբն իր հովանավորների աջակցությամբ։ Շվեյցարական ժամացույցների հանրահայտ «Ֆրանկ Մյուլլեր» ֆիրմայի փայատեր, շվեյցարահայ Վարդան Սրմաքեշը, որը նաեւ «Արարատի» բաժնետերերից է եւ Հայաստանում լուրջ ներդրումներ է կատարել ժամագործության եւ ոսկերչության բնագավառում, որոշել է ընդլայնել նաեւ իր ֆուտբոլային գործունեությունը։ Նրա նախաձեռնությամբ Ձորաղբյուրի մարզաբազայում հիմնվելու է ֆուտբոլի դպրոց, որը հանդիսանալու է յուրօրինակ ֆուտբոլային համալսարան 15 եւ բարձր տարիքի առավել շնորհալի պատանիների համար։ Ուրախալի է, որ վերջապես լուծվել է Ձորաղբյուրի մարզաբազայի հարցը։ Ժամանակին այն կառուցվել էր «Արարատի» համար, որտեղ թիմն անցկացնում էր իր ուսումնամարզական հավաքները։ Մարզաբազան 50 տարով վարձակալության է տրվել «Արարատ» ակումբին։ Ներկայումս ընթանում են նախագծային-հաշվարկային աշխատանքները 30 հա տարածք ունեցող մարզաբազան վերանորոգելու, ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու համար։ Անհրաժեշտ ծախսերը հոգալու են Վարդան Սրմաքեշն ու «Արարատի» բաժնետերերի խորհրդի նախագահ, ամերիկահայ Հրաչ Գաբրիելյանը։ Կկառուցվեն 2000 նստատեղով փոքր մարզադաշտը, «Արարատի» պարապմունքների եւ դպրոցի պատանիների մարզումների համար նախատեսված խաղադաշտեր։ Հիմնովին կվերանորոգվի հյուրանոցային մասնաշենքը, մարզադահլիճը, կստեղծվեն ֆուտբոլիստների մարզումների եւ վերականգնման համար անհրաժեշտ բոլոր պայմանները։ Մարզաբազայից կարող են օգտվել նաեւ այլ մարզաձեւերի ներկայացուցիչներըՙ անցկացնելով իրենց ուսումնամարզական հավաքներն ու պարապմունքները։ Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել «Արարատ» ակումբի եւ ՀՀ սպորտվարչության ղեկավարության միջեւ։
Նոր ստեղծվող դպրոցի պատասխանատուն իտալացի Ֆրանկո Ռոնդանինին է, որը ՖԻՖԱ-ի գործակալ Միգելե Պալմիսանոյի հետ ժամանել էր Երեւան։ Նրանք այցելել են մարզադպրոցներ, ծանոթացել պայմաններին, դիտել մարզումները եւ բավական լավ կարծիք ունեն պատանիների հետ աշխատող մարզիչների մասին։ Հենց տեղի կադրերից էլ կընտրվեն ֆուտբոլային համալսարանի մարզիչները, սպասարկող անձնակազմը։ Ինչ վերաբերում է սաների ընտրությանը, ապա հատուկ տեստերի միջոցով կընտրվեն առավել տաղանդավոր ֆուտբոլիստները։ Ֆուտբոլային գիտելիքներից զատ, նրանք կստանան նաեւ հանրակրթական ուսուցում։ Խաղացողները կընտրվեն ողջ հանրապետությունից, բոլոր մարզադպրոցներից ու ակումբներից։ Նրանց հետ իրավական հարաբերությունները կկարգավորվեն համապատասխան պայմանագրերով։ Կան մի շարք տարբերակներ։ Հնարավոր է, որ մարզադպրոցը հրաժարվի խաղացողի հանդեպ ունեցած իր իրավունքներից եւ նրան տրամադրի ֆուտբոլային համալսարանին։ Կամ ակումբը վարձակալությամբ տրամադրի իր ֆուտբոլիստինՙպահպանելով իր իրավունքները հետագայում տրանսֆերային գործարքների դեպքում։ Եթե ակումբը ցանկանա, որ իր սանը մարզվի այդ դպրոցում, ապա բնական է, որ ծախսերն ակումբն է հոգալու։ Այնպես որ, իրավաբանորեն պայմանագրերի ճիշտ կնքման դեպքում վիճելի հարցեր չպետք է ծագեն։
Որոշակի ֆուտբոլային գիտելիքներ ձեռք բերելուց հետո դպրոցի սաներն իրենց վարպետությունը կկատարելագործեն Իտալիայում, Իսպանիայում եւ Շվեյցարիայում գործող համանման դպրոցներում։ Նույնը վերաբերում է նաեւ մարզչական կազմին։ Երեւանում գտնվելիս իտալացի մասնագետների առջեւ խնդիր էր դրվել նաեւ ծանոթանալ «Արարատի» ֆուտբոլիստների խաղային հնարավորություններինՙ նրանց արտասահմանյան ակումբներ գործուղելու հեռանկարով։ Նրանք նաեւ պետք է զբաղվեն «Արարատի» համար լեգեոներներ ընտրելու հարցով։
Մեզ մնում է հաջողություն մաղթել «Արարատ» ակումբի ղեկավարության ու հովանավորների գովելի նախաձեռնությանը եւ սպասել արդյունքներին։