«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#219, 2002-11-29 | #220, 2002-11-30 | #221, 2002-12-03


ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Զինծառայություն չանցած երիտասարդների համար

«Ես Արմանն եմ ու հիմա գտնվում եմ Հայաստանից դուրս։ Փնտրում եմ պաշտոնական տեղեկատվության որեւէ աղբյուր նոր ընդունվելիք օրենքի նախագծի մասին, որը վերաբերելու է զինծառայություն չանցած այն երիտասարդներին, ովքեր այսօր թաքնվում են օտար երկրներում»։ Ես լսել եմ, որ, համաձայն դրա, որոշակի գումար վճարելուց հետո նրանք հնարավորություն կունենան վերադառնալ հայրենիք եւ օրինական կարգավիճակ ստանալ։ Եթե կարող եք, օգնեք ինձ առավել մանրամասն ինֆորմացիայով», ահա այսպիսի խնդրագիր-նամակ էր օրերս հայտնվել «Ազգի» ինտերնետային էջում։

Առաջին արձագանքները սպասել չտվեցին, եւ սա ամենաստույգ վկայությունն է, որ «Սահմանված կարգի խախտումով պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի նախագիծը վաղուց սպասված իրողություն էր։ Մենք չգիտենք, թե Արմանը քանի տարեկան է, ինչ կարգավիճակով է ապրում դրսում, բայց թյուրըմբռնումներից հենց սկզբից խուսափելու համար նշենք կարեւորըՙ նոր օրենքը վերաբերելու է միայն այն քաղաքացիներին, ովքեր տարիներ շարունակ խուսափելով զորակոչից, հիմա արդեն 27 տարեկան են կամ դրանից բարձր։ Եվ 27-ից ցածր տարիքի այն անձանց, ովքեր այս կամ այն կերպ ձեռք են բերել տարկետման իրավունք, եւ պետությունն արդեն չի կարող զորակոչել նրանց։ Ասենք, 2 կամ ավելի երեխա ունեն, խուսափել են ծառայությունից, հետո, սակայն, որեւէ բուհ են ընդունվել կամ տարկետման իրավունք ստացել վատառողջության, խնամքի տակ հաշմանդամ ծնողներ ունենալու պատճառով եւ այլն։ Օրենքը չի վերաբերելու նրանց, ովքեր այս պահին զինակոչային տարիքում են եւ դեռ կարող են վերադառնալ ու ծառայել։ Իսկ եթե ոչ, շարունակելու են մնալ քրեական հետապնդումների ու հետախուզման մեջ։

Այս նախագիծը վաղուց էր պատրաստՙ 2000 թ., բայց քննարկումները նոր-նոր են ընթանում, որովհետեւ ժամանակին մեծ հակազդեցության հանդիպեց։ Անհանդուրժողականության, գրեթե թշնամանքի մթնոլորտ էր առաջացել. հիմնականում արցախյան ազատամարտի մասնակիցները եւ նրանք, ում զավակները դժվար տարիներին ծառայել էին բանակում, լսել անգամ չէին ուզում խնդիրը փոխզիջումային ինչ-որ տարբերակով լուծելու մասին։ Բայց, ի վերջո, տարաբնույթ պատճառներով ու հանգամանքների բերումով բանակից խուսափածները մեր քաղաքացիներն են, որոնցից շատերը, ինչպես Արմանը, Հայաստան վերադարձի ուղիներ են որոնում։ Փակե՞լ դռները նրանց առջեւ։ Նրանց մեջ շատ են նաեւ այնպիսիք, ովքեր այս վիճակում են հայտնվել ակամաՙ ընտանիքն արտագաղթել է եւ իր հետ տարել զինապարտության տարիքից շատ փոքր զավակին։ Առ յուրաքանչյուրն օրենքի նախագիծը տարբերակված վճարաչափեր է սահմանում։ Իբրեւ ընդհանուր ուղենիշ անօրինականորեն բաց թողնված 1 զորակոչի համար պահանջվում է վճարել նվազագույն աշխատավարձի 100-ապատիկը։ 1991 թ. սեպտեմբերի 21-ից առ այսօր 20 զորակոչի առկայության դեպքում դա կազմում է 2 մլն դրամ (20x100 հազար դրամ), մոտավորապես 3,5¬4 հազար դոլար։ Պարտադիր զինվորական ծառայություն չանցած եւ հետագայում առողջական վիճակի պատճառով տարկետում ձեռք բերած քաղաքացիներից կգանձվի նվազագույն աշխատավարձի 50-ապատիկը։ Յուրաքանչյուր զորակոչի համար նվազագույն աշխատավարձի 30-ապատիկն են վճարելու պարտադիր զինվորական ծառայություն չանցած եւ հետագայում խնամքի տակ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամ ունեցող զինապարտները։

Ընդհանրապես ոչինչ չի գանձվելու 3 կամ ավելի երեխա ունեցող քաղաքացիներից, առանց մոր մեծացող 2 երեխա ունեցողներից։ Համապատասխան վճարումներից հետո բանակից խուսափածները զինգրքույկ կստանան, կհաշվառվեն պահեստազորում եւ մյուսների նման կմասնակցեն ուսումնական զորահավաքների ու զորավարժանքների։ Օրենքի նախագծի համահեղինակները ներողամտության մի լուսանցք են թողնում 27-ն անցած այն երիտասարդների համար, ովքեր չեն ուզում կամ ի վիճակի չեն վճարելու նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը։ Դեռեւս օրենքում չամրագրված, սակայն միանգամայն իրական է համարվում նրանց քրեական պատասխանատվությունից ազատելը, եթե գան ու ցանկություն հայտնեն ծառայելու զինված ուժերում։ Այսօր այստեղ մինչեւ 45 տարեկան պայմանագրային կարգով ծառայողներ կան, եւ միանգամայն իրական է նրանց ընդգրկումը նույնպես։ Իսկ եթե գումար չունեն, բայց չեն էլ ուզում ծառայել, կենթարկվեն քրեական պատասխանատվության։ Մտավախությունը, թե նոր օրենքը կարող է բանակից խուսափելու երեւույթի հենարան ու նախադեպ դառնալ, հարկադրել է ընդգծել նաեւ հետեւյալըՙ օրենքը մեկանգամյա գործողության կյանք է ունենալու։ Նրա ներգործությանը ենթակա են միայն 1991 թ. սեպտեմբերի 21-ից մինչեւ օրենքի ընդունման օրը զորակոչային տարիքն անցած կամ զորակոչի ոչ ենթակա անձինք։ Պաշտոնական տեղեկատվությամբ, նրանց թիվն այսօր 5000-ի է հասնում։

Իհարկե, ցանկացած օրենք, ինչպես այս մեկը, ինչքան էլ մանրակրկիտ մշակված ու քննարկված լինի, ի վիճակի է ուղենշելու միայն գործողության ընդհանուր սկզբունքները։ Կյանքը միշտ ավելին է առաջարկում, հաճախՙ անսպասելի նրբերանգներով, որոնք պիտի կարգավորվեն ենթաօրենսդրական ակտերի միջոցով։ Օրինակ, ի՞նչ է լինելու այն մարդկանց հետ, ովքեր արդեն այլ երկրի քաղաքացի են, բայց զինապարտության տարիքի կամ 27-ն անց եւ, այնուամենայնիվ, ուզում են վերադառնալ Հայաստան։ Ենթարկվելո՞ւ են քրեական պատասխանատվության։ Խնդիրներ չե՞նք ունենա այլ պետությունների հետ, որոնք հաճախ չափազանց նախանձախնդիր են իրենց քաղաքացիների իրավունքները պաշտպանելու հարցում, եւ որոնցից շատերի հետ այս առթիվ պայմանագրային որեւէ հարաբերություն առկա չէ։ Սակայն, ըստ օրենքի նախագծի համահեղինակ, ԱԺ պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Ֆիլարետ Բերիկյանի, նախագիծը ենթադրում է նաեւ այդ կարգի իրողության լուծման բանալիՙ ոչինչ, որ արդեն այլ երկրի քաղաքացի են, բայց եթե Հայաստան են գալու եւ այստեղ իրենց նկատմամբ քր. գործ կամ հետախուզում է հարուցվում, պետք է վճարեն օրենքով նախատեսված գումարը։ Մյուս կողմից, առկա է նաեւ մեկ այլ իրողություն։ Խորհրդային կարգերի փլուզումից հետո այլ երկրների պահանջների հետ շատ հաշվի չնստելով, Ռուսաստանը մյուս ազգերի ներկայացուցիչների հետ հայերին էլ հեշտությամբ քաղաքացիություն շնորհեց։ Եվ շատ հայ երիտասարդներ այսօր արդեն իսկ ծառայել են Ռուսաստանի զինված ուժերում։ Իսկ ընդհանրապես հստակ թվեր չկան, թե արտերկրում այսօր զինապարտության ենթակա քանի երիտասարդ ունենք։ Լոկ տեսական դիտարկումներով ենթադրվում է, որ 10 տարվա ընթացքում երկիրը լքել են 16 հազարը։ Դա պատերազմի սարսափով ահագնացած արտագաղթի ալիքով, սոցիալական սրացումներով ժամանակաշրջան էր։ Հիմա վիճակն անհամեմատ փոխվել է, եւ շատերը վերականգնելով հին, գեղեցիկ ավանդույթըՙ կրկին դհոլ-զուռնայով են բանակ ճանապարհում իրենց զավակներին։

«Այս օրենքը նույնիսկ արդեն շատ է ուշացել, պիտի ընդունվեր 2 տարի առաջ, երբ նախագիծն արդեն կար։ Այդ 2 տարվա ընթացքում մենք կորցրեցինք մեր հայրենակիցների մի զանգվածի, որը հասցրեց վերջնականապես հիմնավորվել դրսում, որը գուցե դեռ ուզում էր վերադառնալ հայրենիք», ասում է Ֆիլարետ Բերիկյանը։

Հնարավո՞ր է արդյոք, որ 5¬10 տարի հետո, նույն տրամաբանությամբ, նոր օրենքի նախագիծ մշակվի, որը դուռ կբացի զինապարտների հաջորդ քարավանի համար։ Օրենքի նախագծի համահեղինակները պնդում ենՙ ոչ։ Այդ դեպքում դարձյալ կորցնելու ենք մեր ազգակիցների մի մեծ խմբի, որն այս պահին ինչ-ինչ, գուցե օբյեկտիվ հանգամանքների պարտադրանքով ի վիճակի չէ վերադառնալու հայրենիք։ Եվ նրանց եթե ոչ երկրորդ, ապա երրորդ սերունդը դրսում ենթարկվելու է անխուսափելի ուծացման։

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4