«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#219, 2002-11-29 | #220, 2002-11-30 | #221, 2002-12-03


«ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆԻ» ՀԱՅՑԸ ԲԱՎԱՐԱՐՎԵՑ

Երեկ ՀՀ տնտեսական դատարանը բավարարեց «Նոյյան տապան» ՍՊԸ-ի դիմումը, որով վիճարկվում էին հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի գործողությունները։ Անվավեր ճանաչեց ՀՌԱՀ «Նոյյան տապանի» դիմումն ու մրցութային փաստաթղթերը չընդունելու, դիմումի եւ մրցութային փաստաթղթերի թերությունների մասին «Նոյյան տապանին» սահմանված կարգով չզգուշացնելու եւ համապատասխան նշումներով ստացական չտալու 2002 թ. նոյեմբերի 8-ի անգործությունը։ Պարտավորեցրեց ՀՌԱՀ-ին սույն վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից եռօրյա ժամկետում «Նոյյան տապանի» կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով հեռուստահաղորդումների հեռարձակման կոնկրետ հաճախականության նշումով հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում ընդունել դրանք։ Դատարանը պարտավորեցրեց հանձնաժողովին հօգուտ «Նոյյան տապանի» վճարել 8 հազար դրամ պետտուրքը։

Ճիշտ ժամը 11-ինՙ դատավարության նշանակված ժամին, դատավոր Անատոլի Մաթեւոսյանը մտավ նիստերի դահլիճ, որտեղ ներկա էին մի քանի լրագրողներ եւ ԵԱՀԿ, Եվրախորհրդի ներկայացուցիչները։ Կողմերը չէին ներկայացել։ 15 րոպե ուշացումով ներկայացան պատասխանող կողմի ներկայացուցիչները եւ մի փոքր սպասելուց հետո սկսեցին ձեւակերպել դիմումն առանց քննության թողնելու միջնորդությունը։ Այն, սակայն, հանվեց, քանի որ 20 րոպե ուշացումով, բայց, այնուամենայնիվ, «Նոյյան տապանի» ներկայացուցիչները ներկայացան սեփական հայցի քննությանը։

Դատական նիստը սկսվեց «Նոյյան տապանի» միջնորդությամբ, որով ընկերությունը խնդրում էր 5 հաճախականություններից 4-ի մրցույթն անցկացնելու արգելքը հանել, քանի որ համարում է, որ ոտնահարվում են առաջարկ ներկայացրած մյուս ընկերությունների շահերը։ «Նոյյան տապանը», փաստորեն, արդեն նշում է, թե կոնկրետ որ կապուղով է հետաքրքրված։ Դա 58-րդ հաճախականությունն է, որով այժմ CNN-ն է վերահեռարձակվում։ Դատարանը մերժեց միջնորդությունը, քանի որ ՀՌԱՀ գործողությունները (անգործությունը) վիճարկելու մասին «Նոյյան տապանի» դիմումը վերաբերում էր Երեւան քաղաքի բոլոր 5 կապուղիների հեռարձակման մրցույթին։

«Նոյյան տապանի» ներկայացուցիչները նշեցին, թե ՀՌԱՀ-ն ընկերության մրցույթներին մասնակցելու դիմումը չի ընդունել այն պատճառաբանությամբ, թե կապուղին նշված չէ, մինչդեռ պարտավոր էին այն վերցնել եւ տալ ստացականՙ դիմումում առկա թերությունների նշումով։ ՀՌԱՀ շահերի պաշտպան Սուրեն Պետրոսյանի խոսքով, կապուղին չնշելը, ինչպես նաեւ սփռման տարածքի սխալ նշելը («Նոյյան տապանի» առաջարկում նշված էր Երեւան եւ Արարատյան դաշտավայր, մինչդեռ մրցույթի հանված կապուղիները Երեւանի սփռման էին) պատճառ է դիմումը չվերցնելու, քանի որ այն կապված չէ ըստ ՀՌԱՀ կողմից սահմանված դիմումի ձեւի։ «Նոյյան տապանն» ասում է, որ դիմումը կազմելիս ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքի 49-րդ հոդվածով են առաջնորդվել, որը ՀՌԱՀ պահանջները չի ներառում։

Երկար հարցերի միջոցով, տարբեր ձեւակերպումներով դատավոր Մաթեւոսյանը փորձում էր պարզել, թե ինչ հիմքերով է ՀՌԱՀ-ը դիմումը ոչ լիարժեք համարել։ Հարցի մեջ հստակություն մտավ, երբ խոսեց պատասխանող կողմի ներկայացուցիչ Աննա Արզումանյանը։ Նա նշեց, որ «Նոյյան տապանի» ներկայացուցիչը դիմումը բերել էր դիմումների ընդունման վերջին օրը եւ վերջնաժամկետից կես ժամ առաջ միայնՙ 15։30-ին։ Բերել էր չկարված եւ չկնքված 1 օրինակով դիմում, մինչդեռ պարտավոր էր ներկայացնել կարված, կնքված եւ երկու օրինակից։ «Նոյյան տապանի» ներկայացուցիչ Արթուր Դարբինյանին տեղյակ է պահվել այս թերությունների մասին, որոնք նա կարճ ժամանակ անց ուղղել է, սակայն նրա վերադարձն արդեն 16։05-ին է եղելՙ ուշացած, ուստի արդեն չէր կարող նայվել հանձնաժողովի կողմից։

«Նոյյան տապանի» ներկայացուցիչ Տիգրան Հարությունյանի խոսքով, փաստերը խեղաթյուրված են ներկայացվել, իրենք դիմումը բերել են ժամը 14-ի սահմաններում։ ՀՌԱՀ-ում «ՆՏ»-ի ներկայացուցչին ընդունել են սիրալիր եւ մատնանշել չկնքված, չկարված եւ 1 օրինակի հանգամանքը, ինչը «ՆՏ»-ն ուղղել է եւ ներկայացել ժամը 15-ի սահմաններում, սակայն փաստաթղթերն ընդունելու մերժում են ստացել։

Կողմերն էլ իրար ամոթանք տվեցին, թե սուտ խոսել չի կարելի։

Ինչեւէ, դատավճիռը հօգուտ «Նոյյան տապանի» էր, եթե, իհարկե, այն 15-օրյա ժամկետով ՀՌԱՀ կողմից չբողոքարկվի։

Իսկ առայժմՙ միշտ չէ, որ ՀՌԱՀ-ն է հաղթող, ինչպես անընդհատ փորձ է արվում ներկայացնել։

Մ. ՀՈՎՍԵՓՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4