«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#219, 2002-11-29 | #220, 2002-11-30 | #221, 2002-12-03


142 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ ՎՆԱՍԸ ԿՀԱՏՈՒՑԻ «ԱՐՄԵՆՏԵԼԸ»

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Երեկ վերջապես հրապարակվեց նոյեմբերի 26-ին ՀՀ կառավարության եւ «Արմենտելի» միջեւ կայացած բաց ժողովում քննարկված հարցերի վերաբերյալ եզրակացությունը։ Խորհրդատվական այդ եզրակացությունը հրապարակեց ժողովի նախագահող, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի նախագահ Վարդան Մովսեսյանը։

Պրն Մովսեսյանը բաց ժողովի ներկայացուցիչներՙ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի եւ «Արմենտելը» ներկայացնող գլխավոր տնօրեն Գեորգիոս Վասիլակիսի ներկայությամբ նշեց, որ եզրակացությունն արդեն նոյեմբերի 28-ին ուղարկվել էր կողմերինՙ առաջարկությունների ակնկալիքով, որոնց համար ժամկետ էր սահմանվել նոյեմբերի 30-ը։

Որպես այդպիսիք, առաջարկներ ստացվել են միայն ՀՀ կառավարությունից։ Դրանց մի մասը մտել է նախնական եզրակացության մեջ։

Ըստ եզրակացության, բաց ժողովի քննարկման առարկան հանդիսացել է «Արմենտելին» տրված թիվ 60 լիցենզիայի պայմանների եւ դրույթների կանխամտածված, էական եւ պարբերաբար խախտման վերաբերյալ ՀՀ կառավարության ներկայացրած մեղադրանքը։

Հաշվի առնելով «WFI consulting» ընկերության կողմից «Արմենտելում» ստուգումներ անցկացնելու հետ կապված, նաեւ այլ փաստերՙ եզրակացությամբ նշվել է, որ WFI ընկերության ստուգումներին լիցենզավորված անձի («Արմենտելի») խոչընդոտելը համարվում է թիվ 60 լիցենզիայի խախտում, քանի որ ՀՀ կառավարությունը, WFI-ի անկարողության հետեւանքով զրկվել է լիցենզիայի դրույթների եւ պայմանների կատարումը համարժեքորեն գնահատելու, ինչպես նաեւ լիցենզիայի պայմաններով ու դրույթներով ղեկավարվելու գործընթացը կարգավորելու հնարավորությունից։

Այս խախտումն, ըստ եզրակացության, կանխամտածված է, բայց պարբերական բնույթ չի կրում։ Թիվ 60 լիցենզիայի խախտումը ՀՀ-ի համար առաջադրել է 142 հազար ԱՄՆ դոլարի չափով վնաս։

Եզրակացության մեջ նշված խախտումը, սակայն, չի կարող առաջացնել թիվ 60 լիցենզիայի սահմանված կարգով դադարեցում, ընդհատում կամ փոփոխություն, քանի որ լիցենզիան կարող է դադարեցվել, ընդհատվել կամ փոփոխության ենթարկվել, եթե միաժամանակ առկա են խախտման 2 հատկանիշներՙ կանխամտածվածություն եւ պարբերականություն։

Եզրակացությունն ավարտվում է այնպես, որ լիցենզավորված անձը պարտավոր է վերացնել լիցենզիայի խախտումը եւ ապահովել անհրաժեշտ պայմաններՙ ՀՀ կառավարության կողմից «Արմենտելին» տրված թիվ 60 լիցենզիայով նախատեսված ստուգումներն ու գնահատումները պատշաճ անցկացնելու համար։

Եզրակացության ընթերցումից հետո կողմերը պատասխանեցին լրագրողների հարցերին։ «Արմենտելը» ներկայացնող Գեորգիուս Վասիլակիսը մասնավորապես ասաց, որ բաց ժողովն արդար էր, իսկ եզրակացությունն անարդար չի համարում (վնասի փոխհատուցման մասով- Ա. Հ.), չնայած «Արմենտելն» առաջարկել է վճարել միայն առաջացած լրացուցիչ ծախսերը։

Պրն Վասիլակիսը նշեց նաեւ, որ «Արմենտելն» ընդունում է եզրակացության բոլոր կետերը։

Արդարադատության նախարարն էլ, ի պատասխան հարցի, ասաց, որ կառավարության գերագույն նպատակն է ունենալ ժամանակակից, որակյալ կապՙ արդարացի գներով։ Այնպես որ, կառավարությունը պատրաստվում է անցկացնել ստուգում, որից էլ կախված կլինեն հետագա քայլերը։

Խոսելով ինտերնետային կապի խնդիրների մասինՙ Գեորգիուս Վասիլակիսը երկար խոսեց ներդրումներ-ակնկալվող եկամուտներ-նորից ներդրումներ մեխանիզմիՙ այս կամ այն երկրում գործելու ժամանակային տարբերություններից, ըստ էության, միայն կարեւորելով ներդրումների դերըՙ առանց որոշակիության։

Ինչ վերաբերում է ինտերնետ կապի միջոցով հեռախոսակապի ծառայություն մատուցելուն, ապա, ըստ պրն Վասիլակիսի, դա անօրինական ծառայություն է։

Գեորգիուս Վասիլակիսը, անդրադառնալով Վ. Մագլարասի կոպիտ դիրքորոշմանը, նշեց, որ OTE-ի բաժնետոմսերը գտնվում են Նյու Յորքի եւ Լոնդոնի բորսաներում, եւ դրանց ընդհանուր վիճակի ու առաջընթացի վրա մեծ ազդեցություն ունեն կազմակերպության ներկայացուցչությունը Հայաստանում եւ այդ ներկայության արդյունքները։ «Մեր նպատակն է ապացուցել, որ Հայաստանում ներդրումների ռիսկը փոքր է», նման միտք հայտնեց «Արմենտելի» ներկայացուցիչը։

Ներդրումային իր պարտավորությունները չկատարող «Արմենտելի» համար նման նպատակն առնվազն հետաքրքրական է։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4