«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#219, 2002-11-29 | #220, 2002-11-30 | #221, 2002-12-03


ԵՐԿՐՈՐԴ ՎԿԱՆՙ ԿԱՐԾԵՍ ԹԵ ՎՍՏԱՀ ԿԵՑՎԱԾՔՈՎ

Ինչո՞ւ...

«Հոկտեմբերի 27-ի գործով դատավարության երեկվա նիստի ընթացքում նախ շարունակվեց վկա Ավետիք Մինասյանի հարցաքննությունը։ Հարցեր տվեցին Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանն ու Վազգեն Սարգսյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ Օլեգ Յունոշեւը։

Աշոտ Սարգսյանին հիմնականում հետաքրքրում էր, թե ինչու ոստիկան Ավետիք Մինասյանն ուշադրություն չի դարձրել ժ. 15-ի համար տրված անցագրերով ժ. 17-ին մուտք գործել ցանկացողներին։ Պրն Սարգսյանին հետաքրքրում էր նաեւ, թե անձրեւանոցի գրպանում 4 պահունակ տանող (մոտ 4 կգ կշռով) Վռամ Գալստյանն ինչո՞ւ ուշադրության չի արժանացել։

Վկան նշեց, որ այդ հանգամանքներին ուշադրություն չի դարձրել։ Ապա Ավետիք Մինասյանը հեգնանքով ավելացրեց, որ չի նկատել եւ կարող էր չնկատել անգամ, եթե անցնող որեւէ մեկը մեջքին գնդացիր ունենար։

Նման պատասխանը շատ տարիմաստ ենթադրությունների տեղիք կարող է տալ։

Ինչեւէ, վկան մի քանի հակասական բաներ էլ ասաց։ Նա դեռեւս նախորդ նիստին նշեց, որ Անդրանիկ Մանուկյանին ահաբեկչության օրը տեսել է 2 հոգու հետ, որոնք օգնել են վիրավոր Մանուկյանին իջնել աստիճաններով։ Այդ 2-ից մեկը, ըստ վկայի, եղել է Խաչիկ Հովհաննիսյանը, որի սեփական ցուցմունքի համաձայն, ինքն այդ պահին տվյալ տեղում լինել չէր կարող։

Այս հանգամանքի հետ կապված հարցադրումներից հետո Ավետիք Մինասյանը նշեց, որ լսածից հետո սկսում է շփոթել։

Ինչ վերաբերում է Նաիրի Բադալյանիՙ երկրորդ անգամ ԱԺ մտնելու ժամանակ ծակված անցաթղթով անցնելուն, ապա վկան ասաց, որ եթե անցաթուղթը ծակված լիներ, նա կտեսներ։

Հետագա հարցերին էլ պատասխանները «չեմ հիշում, չեմ տեսել» տարբերակով սահմանափակվեցին, ինչը հունից հանեց Աշոտ Սարգսյանին։ Վերջինս եզրակացրեց, որ վկան ակնհայտորեն խուսափում է ցուցմունք տալուց։ Սա ասվեց ի գիտություն։

Այս ամենով հանդերձ, երկրորդ վկայի հարցաքննությունը նույնպես ավարտվեց։ Վկային ասվել է, որ բնակության վայրը փոխելու դեպքում դատարանին տեղյակ պահվիՙ հնարավոր առերեսումների համար։

Ու թեեւ դատարան էր ներկայացել վկա, «27»-ի գործով նախկին ամբաստանյալ, համաներված Սարգիս Եթիմյանը, նա չհարցաքննվեց, քանի որ դատարանը նախօրոք որոշել էր վկաների հարցաքննությունը կատարել հնարավորինս մոտ դրվագներով։

Չորեքշաբթի դատավարությունը կշարունակվի, կներկայանա տուժող Ֆրունզե Խառատյանը։

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4