Լիբանանահայ Հակոբ Գույումճյանն ասմունքի այն վարպետներից է, որոնք վերաստեղծում են գեղարվեստական նոր իրականությունՙ անհատականության կնիքով։ Գեղարվեստական խոսքի նորովի մեկնաբանությունը եւ արժեւորումը կատարվում է ասմունքողի ներքին էրուդիցիայի, բառի բանաստեղծական զգացողության շնորհիվ։
Ճարտարապետի մասնագիտությունը Հակոբ Գույումճյանը ստացել է Հայաստանումՙ Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտում սովորելու տարիներին։ Ճարտարապետությունը, սակայն, նրա միակ հետաքրքրությունը չէր, հոգու խորքում նա աշխարհը բանաստեղծորեն ընկալելու իր «պատրանքն» ուներ։ Պատրանքն եմ ասում, զի բանաստեղծելու շնորհը տալիս է աշխարհի մեջ նոր աշխարհ ստեղծելու հնարավորությունը։ Հակոբ Գույումճյանը ստեղծագործաբար է մոտենում բանաստեղծական աշխարհին եւ ինքն էլ ստեղծագործում է։ Արտաքին, ձայնային բնատուր տաղանդից զատ նա ունի ասմունքողի համար ամենակարեւորըՙ գրական գործը սեփական մեկնաբանությամբ ներկայացնելու կարողությունը։
Ժամանակակից արվեստի ֆոնին ասմունքը թվում է նահանջ ապրող ժանր, շատերը նոր եղանակներ են որոնում (սինթեզում այլ արվեստների հետ) ավելի հետաքրքրական դարձնելու ունկնդրումը։ Լավագույն ասմունքողը դա անում է ներքին դինամիկայի, տրամադրությունների փոփոխությունների, արտիստիզմի, բանաստեղծական խոսքի ներքին շերտերը թափանցելու շնորհիվՙ առանց ավելորդ ճիգի եւ կեղծ թատերայնության։ Այսպիսին Գույումճյանի արվեստն է։
Նրա խոսքի վարպետությանը շատերը ծանոթ են դեռեւս հայաստանյան տարիներից, երբ գրողական շրջանակներում նա բազմիցս հիացնում էր իր ունկնդիրներին։
Այսպիսի հոգեկան վայելքի պահեր ապրեցին պոեզիայի սիրահարները վերջերս Լոս Անջելեսի ՀԲԸՄ Ալեք Մանուկյան կենտրոնի «Արտավազդ» թատերասրահում կազմակերպված ասմունքի երեկոյի ընթացքում։ Կազմակերպիչները «Արտավազդ» թատերախումբն էր եւ ՀԲԸՄ Դարուհի Հակոբյան եւ Հովակիմյան¬Մանուկյան դպրոցների Սանուց միությունը։ Ատենապետ Ավետիս Մարգարյանի խոսքից հետո բեմը տրամադրվեց Հակոբ Գույումճյանին։ Հայտագիրը բաղկացած էր չորս մասիցՙ «Երկիր Նաիրի», «Եղիցի լույս», «Սեր», «Լինել թե չլինել»։ Թեմաների ընտրությունը խորհրդանշում եւ ընդհանրացնում էր հայության ներկա կացությունը Հայաստանում եւ սփյուռքում։ Նախապատվությունը տրված էր արեւելահայ քնարերգությանը (Վ. Տերյան, Ե. Չարենց, Պ. Սեւակ, Գ. Էմին, Հ. Սահյան, Ռ. Դավոյան, Ս. Կապուտիկյան), պատշաճ տեղ էր հատկացված Վ. Թեքեյանին։
Ներկաներին հիացրել էր Հակոբ Գույումճյանի կատարողական բազմանազանությունը, բանաստեղծական պատկերի նուրբ զգացողությունը, տրամադրություններիՙ անգամ ամենակտրուկ փոփոխությունների դեպքում, ասմունքողի ձայնային, արտաքին «կերպափոխությունները»։ «Եթե ասմունքողը կ՚ուզէ ունկնդիրը պահել իր «սպառման շրջանակին մէջ», պէտք է կարենայ թափանցել իւրաքանչիւրի հոգիէն ներսՙ լարուած պահելով ամբողջ հանդիսութեան ընթացքին։ Յակոբ Գույումճեան յաջողեցաւ իր ունկնդիրը պահել իր ցանկացած յուզական ալիքներու վրայ», գրում է Մինաս Գոճայանը Կալիֆոռնիայում լույս տեսնող «Նոր օր» շաբաթաթերթում։
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ