«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#221, 2002-12-03 | #222, 2002-12-04 | #223, 2002-12-05


ԵՎՍ ՄԵԿ ՈՍՏԻԿԱՆ-ՎԿԱՅԻ ՑՈՒՑՄՈՒՆՔ

Առայժմ բավականին հստակ

«27»-ի ահաբեկչության կազմակերպվածության ենթադրությամբ երեկ դատավարության ժամանակ ցուցմունք տվեց տուժող Ֆրունզե Խառատյանը։ Ըստ պրն Խառատյանի, եթե տեղի ունեցածը քաղաքական նպատակներ էր հետապնդում, իսկ տվյալ դեպքում այդպիսին էր, չէր կարող կազմակերպված բնույթ չունենալ։

Տվյալ դեպքում տուժողը նկատի ուներ կազմակերպվածություն ամբաստանյալների խմբից դուրս։ Ֆրունզե Խառատյանի կարծիքով, տարօրինակ է, որ ահաբեկչության կազմակերպված լինելու որեւէ լուրջ ապացույցներ չկան։ Չնայած սրան, տուժողը համոզմունք հայտնեց, որ 1999 թ. հոկտեմբերի 27-ին տեղի ունեցածը կազմակերպված էր, հեղաշրջման փորձՙ ուղղված պետության քաղաքականության դեմ։

Ֆրունզե Խառատյանը նաեւ նշեց, որ ահաբեկիչները դեռեւս դահլիճում ինչ-ինչ սպասելիքներ ունեին, թե դրսից իրենց պետք է աջակցեն։

Հետո տուժողը դժգոհություն հայտնեց, որ դատավարությունն անընդհատ ձգձգվում է։ Սրան ի պատասխան դատավոր Սամվել Ուզունյանը նշեց, որ դատավարության ձգձգման գլխավոր պատճառներից մեկն էլ այն է, որ հուլիս ամսից դատարանը փորձում է տուժողներին բերել դատարան, թեեւ դատարանն անճարակ չէ եւ կարող է կիրառել հարկադրման բոլոր միջոցները։

Այս ամենից հետո տուժողն իր ցուցմունքներին ավելացրեց, որ Կարեն Դեմիրճյանի վրա ստուգողական կրակոց է կատարել ենթադրաբար Նաիրի Հունանյանի եղբայրը, իսկ նախագահության կողմից Վազգեն Սարգսյանի վրա կրակոց չի տեսել։

Ըստ Ֆրունզե Խառատյանի, Նաիրի Հունանյանն ապտակներ է հասցրել արդեն սպանված Վազգեն Սարգսյանին։

Դատավարության երկրորդ կեսին դատարան էր ներկայացել վկա Արթուր Հակոբյանը։ Վերջինս 1995 թ.-ից աշխատել է հատուկ օբյեկտների պահպանության գնդում։ Սկզբում եղել է կառավարության պահպանության ծառայությունում, 1997 թ.-ից աշխատանքի է անցել ԱԺ-ում, եղել է ավագ-լեյտենանտ եւ դասակի հրամանատար։

Ահաբեկչության օրն Արթուր Հակոբյանը եղել է ԱԺ շենքի ծառայողական առաջին հարկի 101 սենյակում, հերթափոխի պետ Ռուբեն Գրիգորյանի հետ։ Ըստ վկայի ցուցմունքի, նախ ռադիոյով լսել են կրակոցներ, թե ինչ է կատարվումՙ չեն հասկացել։ Հետո դուրս են եկել սենյակից եւ տեսել վերեւից արագ իջնող վաշտի հրամանատար Գագիկ Հակոբյանին, որն էլ ասել է, որ դահլիճում կրակոցներ են եղել։ Գագիկ Հակոբյանն Արթուր Հակոբյանին հանձնարարել է կապվել ներքեւիՙ դարպասների մոտ գտնվող պահակակետի հետ եւ ասել, որ փակեն դարպասները։

Արթուր Հակոբյանը փորձել է հեռախոսով կապվել ներքեւի պահակակետի հետ, որտեղ եւ եղել է Արմեն Գասպարյանը։ Ըստ վկայի, Արմեն Գասպարյանի պահակակետում ոչ ոք չի վերցրել լսափողը։ Այդ պատճառով էլ Արթուր Հակոբյանը դուրս է եկել եւ, հեռվից տեսնելով Արմեն Գասպարյանին, ձեռքով նշան է արել դարպասները փակելու։ Ապա, իր իսկ խոսքերով, համոզվելով, որ Գասպարյանն իրեն հասկացել է եւ գնում է դարպասները փակելու, Արթուր Հակոբյանը շրջվել ու մտել է շենք։

Արդեն 101 սենյակում վկան վաշտի հրամանատար Գագիկ Հակոբյանին ասել է, որ դարպասները Գասպարյանը փակում է։ Ապա կապվել են գնդի հետ, հայտնել պատահածի մասին եւ օգնություն խնդրել։

Այնուհետեւ վաշտի եւ դասակի հրամանատարները բացել են չհրկիզվող պահարանը, հանել են պահարանում եղած ընդամենը 2 ինքնաձիգ եւ պատրաստվել բարձրանալ վերեւ։ Հենց այդ պահին էլ Արթուր Հակոբյանը հանձնարարություն է ստացել իջնել թիվ 2 պահակակետ, որպեսզի ներքեւում Արմեն Գասպարյանը մենակ չլինի։

Արթուր Հակոբյանը գնացել է Արմեն Գասպարյանի մոտ, կախել փականքը։ Քիչ հետո նկատել են, որ ինչ-որ մարդիկ խուճապահար իջնում են դեպի դարպասները։ Այդ մասին նրանք հայտնել են 101 սենյակ, որտեղից հանձնարարվել է մարդկանց դուրս թողնել փաստաթղթեր վերցնելուց հետո։

Թիվ 2 պահակակետի ոստիկաններն այդպես էլ վարվել ենՙ տեղում մնալով մինչեւ ժ. 22¬23-ը, որից հետո նրանց տարել են 6-րդ վարչությունՙ հարցաքննության։

Ցուցմունքն այսքանով ավարտվեց։ Մեղադրող Արմեն Հարությունյանը ժամանակ խնդրեց հարցեր պատրաստելու համար, ինչով էլ երեկվա նիստն ավարտվեց։

Դատավարությունը կշարունակվի ուրբաթ օրը։

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4