Այսօր ժամը 18։00-ին կլրանա հանրապետության նախագահի թեկնածուների առաջադրման համար կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), նախաձեռնող խմբերի կողմից անհրաժեշտ փաստաթղթերիՙ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետը։
Միեւնույն ժամանակային սահմանափակվածությամբ էլ կավարտվի թեկնածուներ առաջադրող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կամ նախաձեռնող խմբերի գրանցումը։
Այս ամենից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 7¬11-ը ներառյալ լիազոր ներկայացուցիչներին կհանձնի թեկնածուների առաջադրումը պաշտպանելու համար նախատեսված պաշտոնաթերթիկները։
Ստորագրահավաքից հետո ԿԸՀ կներկայացվեն հանրապետության նախագահի թեկնածուի առաջադրումը պաշտպանելու փաստաթղթերը։
Այսքանով, թերեւս, կավարտվի նախընտրական շրջանի այն փուլը, երբ առանձնակի խնդիրներ եւ վիճելի հանգամանքներ չեն առաջանում։ Պրոբլեմներ կառաջանան 2003 թ.-ի հունվարի մեկից, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կսկսի հանրապետության նախագահի թեկնածուների գրանցումը։
Հանրապետության նախագահ, համաձայն սահմանադրության պահանջների, կարող է ընտրվել 35 տարին լրացած, վերջին 10 տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի, վերջին 10 տարում հանրապետությունում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք, ընդ որում, նույն անձը չի կարող ավելի քան 2 անգամ անընդմեջ ընտրվել ՀՀ նախագահի պաշտոնում։
Թեկնածուների գրանցման հարցը ԿԸՀ-ն կքննարկի, եթե սահմանված ժամկետներում ներկայացվեն առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկները, ընտրական գրավի (5 մլն դրամ) վճարման անդորրագիրը, տեղեկանքներՙ վերջին 10 տարում թեկնածուի ՀՀ քաղաքացի լինելու եւ հանրապետությունում մշտապես բնակվելու մասին։ Թեկնածուն ԿԸՀ պետք է ներկայացնի նաեւ իր գրավոր հայտարարությունըՙ թեկնածու գրանցվելու համաձայնության մասին, նաեւ իր սեփականության եւ վերջին մեկ տարում իր եւ ընտանիքի անդամների եկամուտների հայտարարագիր։
ԿԸՀ-ում թեկնածուների գրանցվելու համար սահմանված ժամկետը կավարտվի հունվարի 20-ին։ Հունվարի 21-ից կսկսվի նախընտրական քարոզչությունը։
Այս փուլում, դատելով արդեն շիկացող մթնոլորտից, ականատես ենք լինելու 20-ին մոտեցող թեկնածուների միջեւ վստահաբար ոչ քաղաքակիրթ պայքարին։ Եվ եթե հաշվի առնենք, որ նախընտրական քարոզչությունից շատ ավելի առաջ է սկսվել, այսպես կոչված, քաղաքական պայքարը, ապա կարելի է նույն վստահությամբ խոսել նաեւ սպասվող քարոզչական մեթոդների բազմազանության եւ արտառոցության մասին։
Այստեղ չափազանց կարեւոր է թեկնածուների նախընտրական հիմնադրամների հարցը, որոնց միջոցով պիտի իրականացվի նախընտրական քարոզչությունը։ Բացի այն, որ նախընտրական հիմնադրամը պետք է ձեւավորվի կամավոր մուծումներից, հիմնադրամից թեկնածուների կատարած ծախսերի չափը չպետք է գերազանցի 60 մլն դրամը։
Եթե հաշվի առնենք, որ նշված ծախսերի վերահսկելիությունը բավականին դժվար է, եւ չնայած դրան, թեկնածուները նախընտրական քարոզչություն իրականացնելու համար իրավունք ունեն օգտագործելու միայն իրենց նախընտրական հիմնադրամի միջոցները, ապա այնքան էլ վստահ չի կարելի լինել ծախսային մասի թույլատրելի սահմանը չգերազանցելու հարցում։
Նախընտրական շրջանում ֆինանսական միջոցների իրական վերահսկումը բավականին կարեւոր հանգամանք էՙ թեկուզ ընտրակաշառքային դրսեւորումների բազմաձեւությունից խուսափելու կամ նման երեւույթները սահմանափակելու առումով։ Եվ, սակայն, հենց այդ ոլորտում առավել մեծ է անթափանցիկությունը։
Ինչեւէ, մինչեւ հունվար, նախագահական ընտրությունների կտրվածքով, գրեթե ոչ մի հետաքրքրական բան չի սպասվում։ Թերեւս, բացի հասարակության ընտրական գիտակցության կասկածելի մակարդակը վկայող թեկնածուների նման առատությունից։
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ