Արտաշես Գեղամյանի անզիջողականությունը եւ դեպքերից շարունակ առաջ ընկնելով նորանոր սենսացիաների դիմելու տակտիկան այդ գործչին դարձրել են ընդդիմության այն ֆիգուրը, որն, արդեն իսկ ակնհայտ է, ոչ մի գնով չի զիջի դիրքերը մյուս թեկնածուների առջեւ։
Սակայն որքան էլ տարօրինակ թվա, իշխանություն հանդիսացող Հանրապետական կուսակցության համար Արտաշես Գեղամյանն ամենաաչքի ընկնող գործիչն է եւ... ամենակառուցողականը։
Այս սենսացիոն հայտարարությունը հնչեցրեց հանրապետական, «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ըստ որիՙ Գեղամյանն ակնհայտորեն առանձնանում է ընդդիմության ֆոնի վրա եւ իր կառուցողականությունն ապացուցում է իր ողջ կենսափորձով։
Սահակյանի այս հայտարարությունը թերեւս նման ռեզոնանս չառաջացներ, եթե չհիշենք նրա ընդամենը երկու շաբաթ առաջ արտահայտած նմանատիպ վերաբերմունքը նախկին նախագահ Լեւոն Տեր¬Պետրոսյանի նկատմամբ։
Հիշեցնենք, որ այն ժամանակ Գալուստ Սահակյանը հայտարարում էր, թե նախագահ դառնալու բարոյական իրավունք ունեն միայն պայքարի բովով անցած անհատականությունները եւ նշեց Ռոբերտ Քոչարյանի ու Լեւոն Տեր¬Պետրոսյանի անունները։
Սակայն վերջինս հրաժարվեց իր «բարոյական» իրավունքից, եւ ահա Սահակյանի ուշադրության հերթական առարկան, զարմանալիորեն, Գեղամյանն է, որն իր «կառուցողականությունը» հանրապետականների եւ կոնկրետ նրա ղեկավար, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանդեպ արտահայտել է նրանց շարունակ վարկաբեկելու քաղաքականությամբ։
Այս մասին Գալուստ Սահակյանն ամենայն հավանականությամբ գիտի։ Եվ այդ տարօրինակ հակասությունը հաշվի առնելով, կարելի է կարծել, թե հանրապետականները եւ կոնկրետ Գալուստ Սահակյանը շարունակ ընդդիմության շարքերում փնտրում են այն ամենաթույլ օղակը, որը նախագահական ընտրություններում ամենամեծ վտանգն է ներկայացանում յուրայինների շրջանակները խարխլելու տեսակետից։ Հարց է առաջանումՙ ինչո՞ւ։ Որպես արդեն նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրած կուսակցության անդամՙ Սահակյանն առնվազն պետք է հաշվի առներ, որ քարոզչական առումով նման մոտեցումներն ինչպես նախկին նախագահի, այնպես էլ Արտաշես Գեղամյանի հանդեպ, մեղմ ասած, հենց Հանրապետական կուսակցության նկատմամբ են անվստահություն եւ կասկածանքներ առաջացնում։
Թե՞ ի վերջո ճշմարտանման էին այն տեսակետները, որ հանրապետականները փորձում են դեպի ընդդիմություն կամուրջներ կառուցելՙ ցանկացած պատեհ ժամանակ այնտեղ անցնելու համար... Իսկ եթե ճիշտ չենք ընկալում, ապա... պատասխանատու չենք։
ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ