«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#222, 2002-12-04 | #223, 2002-12-05 | #224, 2002-12-06


ՕՐԵՆՔԻ ԿԱՏԱՐՅԱԼԸ ՃԻՇՏ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԵՋ Է

ԼՂՀ ղեկավար աշխատողների գույքի եւ եկամուտների հայտարարագրում

ԼՂՀ խորհրդարանն ընդունել է օրենք «ԼՂՀ իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին», որը նպատակ ունի ստեղծել մեխանիզմներ կոռուպցիայի ու չարաշահումների դեմ պայքարի գործում, ինչպես նաեւ հասարակության մեջ վստահություն ստեղծել հայտարարագիր ներկայացնողների գույքի եւ եկամուտների առաջացման նկատմամբ։

Հայտարարագիր ներկայացնողների ցուցակը բազմոլորտ էՙ օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ղեկավար ներկայացուցիչներ, դատա-իրավական ոլորտի պատասխանատու աշխատակիցներ, գերատեսչությունների եւ համայնքների ղեկավարներ։

Օրենքով հայտարարատու են նաեւ տվյալ հայտարարատուի ամուսինը, համատեղ ապրող ծնողները եւ չափահաս ու չամուսնացած զավակները, համատեղ ապրող քույրերն ու եղբայրները։ Իսկ հայտարարագրման ենթակա է ԼՂՀ-ում եւ հանրապետությունից դուրս սեփականության տիրապետման ու օգտագործման իրավունքով տվյալ անձին պատկանող գույքըՙ անշարժ եւ շարժական։

Ըստ օրենքի, հայտարարագրեր ներկայացնելու կարգը եւ ժամկետները հետեւյալն են։ Հայտարարատուն օրենքով նախանշված գույքի հայտարարագիր ներկայացնում է պաշտոնում նշանակվելու կամ ընտրվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից մինչեւ այդ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակաշրջանի համար եւ այդուհետեւՙ ամբողջ տարվա կտրվածքով։ Հայտարարագիրը կառավարության լիազորված մարմին է ներկայացվում անձամբ կամ պատվիրված նամակով։ Պաշտոնավարման ավարտից հետո, եւս 5 տարի, տվյալ անձը պարտավոր է ամենամյա հայտարարագիր ներկայացնել։

Կառավարության լիազորված մարմինը հայտարարագրերի հիման վրա կազմում եւ «ԼՂՀ պաշտոնական տեղեկագրին» կամ էլ առնվազն 500 տպաքանակ ունեցող զանգվածային լրատվամիջոցներին տրամադրում է տեղեկանքՙ հրապարակման համար։ Հանրությանը իրազեկող տեղեկությունները սակայն որոշակիորեն սահմանափակված են։ Մասնավորապես, օրենքով չի նախատեսվում նշել պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունները, ինչպես նաեւ անշարժ գույքի գտնվելու վայրի կամ անձնական բնույթի տեղեկություններ եւ այլն։ Իբրեւ տեղեկությունների գաղտնիության երաշխիքներ, հրապարակման ոչ ենթակա տվյալները այլ անձանց տրամադրվում են հայտարարագրողի նոտարական կարգով վավերացված համաձայնությամբ։

Օրենքը հայտարատուի կողմից խախտվելու դեպքում նախատեսվում են տույժերՙ տուգանքի ձեւով, որը սահմանվում է նվազագույն աշխատավարձի բազմակի չափերով։

Օրենքի անցումային դրույթներում նշվում է, որ սույն օրենքի դրույթները չեն տարածվում ԼՂՀ իշխանության մարմինների այն ղեկավար աշխատողների (նրանց հետ փոխկապակցված անձանց) վրա, ովքեր պաշտոնից ազատվել կամ ավարտել են պաշտոնավարությունը նախքան օրենքն ուժի մեջ մտնելը։

Վերոհիշյալ օրենքը պիտի կիրարկվի 2003 թ. հունվարի 1-ից։ Ասել է թեՙ գալիք տարվա մարտի 1-ից հետո (առաջին հայտարարագրի ներակայացման վերջնական ժամկետն է) հասարակությունը կիրազեկվի իր մանրումեծ իշխանավորների ու պաշտոնյաների եկամուտների մասին։

Սույն օրենքն ինչքան էլ համակողմանի է, այնուհանդերձ, գույքի եւ եկամուտների իրական պատկերը քողարկելու ելքեր կան։ Մասնավորապես, օրենքի 2-րդ հոդվածով նախատեսվածՙ փոխկապակցված անձանց ցուցակը (2.1 եւ 2.2 կետեր) ներառում է սոսկ համատեղ ապրելու պարագան։ Մինչդեռ ունեցած գույքը կարելի է ձեւակերպել առանձին ապրող մերձավոր հարազատների անվամբ, որի դեպքում հայտարարատուն պարտավոր չէ դրանց վերաբերյալ տեղեկություններ տրամադրել։

Օրենքը «ջրից չոր դուրս գալու» հնարավորություն է ընձեռում նաեւ նախկին պաշտոնյաներին (Հոդված 10. Անցումային դրույթներ), որոնք այլեւս պարտավորվածություն չունեն իրենց պաշտոնավարության ընթացքում ձեռք բերած գույքի ու եկամուտների մասին հայտարարագիր տալու։ Մինչդեռ հոդված 5-ում նախատեսվում է օրենքի կիրարկումից հետո պաշտոնանկված անձիՙ 5 տարի, իսկ փոխկապակցված անձիՙ 2 տարի եւս հայտարարատու լինելու պահանջը։

Տարածքային առումով փոքր միջավայրում պաշտոնյայի սեփականությունը աչքի փուշ է դառնում հանրության համարՙ ամենատարբեր մեկնաբանություններով։ Ինչպես ասում են, օրենքի կատարյալ լինելը ճիշտ կիրարկելու մեջ է։ Եվ, թեկուզ ա՛յս տեսքով, վերոհիշյալ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ԼՂՀ-ում պաշտոնյաների ունեցվածքը կդառնա տարաշերտ շրջանակներում հաճախակի հոլովումների թեմաՙ իրականի եւ պաշտոնական տեղեկագրի հակադրումներով։ Այլ կերպՙ կդժվարանա իշխանական անմաքուր հատվածի բանըՙ հօգուտ ժողովրդի եւ, իհարկե, նաեւ պետության։

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4