ԲԱՔՈՒ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Հայտնի լրագրող, «Բակինսկիե վեդոմոստի» թերթի թղթակից Իրադա Հուսեյնովան, որը Գերմանիայում քաղաքական ապաստան է խնդրել Ադրբեջանում կառավարող կլանի հետապնդումների պատճառով, «Շարժում Ադրբեջանի փրկության համար» իրավապաշտպանների միավորման սայթում հրապարակել է հոդված։ Իրադա Հուսեյնովան գրում է. «Մեծ մասը, ինչ ասվում է փախստականների մասին, կամ ստերեոտիպ է, կամ պարզապես սուտ»։ Ըստ Հուսեյնովայի, մեկ միլիոն փախստականներ. ծայրաստիճան չափազանցված թիվ է։ Լրագրողուհին բերում է թվի կեղծման վարկածը հաստատող համոզիչ փաստարկ։ Տասնամյա վաղեմության տվյալներով, ամբողջ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում եւ հարակից շրջաններում ապրում էր մոտ 480 հազար մարդ։ Հայտնի է, որ նրանցից առնվազն 160 հազարը հայեր էին, քրդեր եւ ռուսներ, որոնք մինչեւ օրս ապրում են իրենց հողում։ Այստեղ ապրող 320 հազար ադրբեջանցիների նշանակալի մասը օթեւան է գտել Ադրբեջանի Հանրապետությունից դուրս։ Այդպիսով, բերված թվերից եզրակացվում է, որ հարկադրական վերաբնակիչների թվաքանակը չի կարող 300 հազարից ավելի լինել։ Եթե այդ թվին գումարենք 160-170 հազար այն ադրբեջանցիներին, որոնք Ադրբեջան են տեղափոխվել Հայաստանից, ապա կստացվի, որ փախստականները եւ տեղահանվածները ընդամենը մոտ 460 հազար են, այսինքն ավելի քան երկու անգամ պակաս, քան պնդում են Բաքվի տիրակալները։
Հոդվածում ուշադրության են արժանացել եւ Ադրբեջանից փախստական հայերը, որոնք, ինչպես հայտնի է, գրեթե 400 հազար են։ «Միայն Բաքվում ապրում էին մոտ 220 հազար հայեր,- գրում է Ի. Հուսեյնովան,- նրանցից քչերին հաջողվեց վաճառել բնակարանները, անգամ ջրի գնով, եւ մեկնել։ Հայկական բնակարանները հիմնականում զավթվեցին...»։ «Հայաստանից սերողները մշտապես գիտակցում էին, որ ապրում են ոչ իրենց հողի վրա, եւ ենթագիտակցորեն պատրաստ էին, որ վաղ թե ուշ իրենց ամեն դեպքում հարկ կլինի հեռանալ»,- ասվում է հոդվածում։