Հարեւան հանրապետությունում արձանագրվել է մարդորսության հերթական դեպքը. անհայտ անձանց կողմից առեւանգվել է ռուսական «Սլավնավթ» նավթային ընկերության փոխնախագահ Ջումբեր Տղեբուչավայի մայրը։ Առեւանգումը կատարվել է նոյեմբերի 16-ին Աբխազիայի Տղվարչել քաղաքում, սակայն, ելնելով հետաքննության շահից, այդ տեղեկությունը գաղտնի էր պահվում։ «Նովոստի» գործակալության համաձայն, «Սլավնավթի» փոխնախագահի մայրը տարվել է Վրաստանի արեւմտյան Զուգդիդի շրջան։ Վրաստանի իրավապահ մարմինները ճշտում են կնոջՙ Զուգդիդում պահվելու հնարավորության մասին տեղեկությունը։ Ռուսական նավթային մեկ այլ ընկերությանՙ «Լուկօյլի» փոխնախագահ Վագիթ Շարիֆովի հորն առեւանգողները պահանջել են 400 հազար դոլար փրկագին, հաղորդել են վրացական ԶԼՄ-ները։ Ինչպես հայտնել ենք, Սադի Շարիֆովը եւս առեւանգվել է Վրաստանումՙ արեւելյան Դմանիս քաղաքի շրջանում։