«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#222, 2002-12-04 | #223, 2002-12-05 | #224, 2002-12-06


ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐԸ ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՄՈՏԵՑՄԱՄԲ

Նախագահ առաջադրված թեկնածուների թիվն անցնում է 15-ից։ Նման առատությունը վկայում է, որ ընտրությունները քաղաքական ուժերի լուրջ հետաքրքրությանն են արժանացել (այլ խնդիր է թեկնածուների առատության երեւույթի գնահատականը)։ Որքանո՞վ է, սակայն, գրանցվել հասարակության ակտիվություն։ Մեզ հետաքրքրող հարցերին պատասխանեց Հայկական սոցիոլոգիական ընկերակցության ղեկավար ԳեՎորգ Պողոսյանը։

¬ Արդեն տասնյակից ավելի նախագահի թեկնածուներ են առաջադրվել, ինչպե՞ս կգնահատեք նախընտրական իրավիճակն այս տեսանկյունից, կա՞ն արդյոք որոշակի արձագանքներ հասարակության մեջ։

¬ Հասարակության տրամադրությունները դեռեւս փոփոխություն չեն կրում։ Թեկնածուների առաջադրումը փոքր-ինչ աշխուժացրել է անցուդարձը Երեւանում, բայց ոչ մարզերում։ Հունվարի կեսերին միայն կարելի է էլեկտորատի նախընտրական տրամադրությունների մասին խոսել։ Առայժմ մոտավորապես 38 տոկոս ակտվիություն ենք նկատում, ընտրողների այդքան տոկոսն է մտադրություն հայտնել, որ կմասնակցի ընտրություններին, բայց չեմ կասկածում, որ այդ թիվը մինչեւ փետրվար կաճի։ Ընտրողների հետ աշխատանքը դեռեւս նոր է սկսվել։

Նախնական մոտեցումներով զարմանք առաջացնող երեք երեւույթ եմ նկատել։ Թեկնածուների թիվը շարունակում է աճել։ Լա՞վ է, թե՞ վատ այս քանակությամբ նախագահի թեկնածուներ ունենալը։ Սրա գնահատականը դեռեւս պետք է տրվի։ Մի կողմից տպավորություն է ստեղծվում, թե ցանկացած մարդ կարող է երկիր ղեկավարել։ Մեզանում դեռեւս չի արմատավորվել, որ դա հեշտ գործ չէ, եթե այսքան թեկնածուներ ունենք։ Մյուս կողմից էլ լավ է, որ կան մարդիկ, որոնք համարում են, թե կարող են այդ պատասխանատվությունը ստանձնել։ 80-ական թթ. սկզբին Մերձբալթիկայում խորհրդակցություն էր հրավիրվել, ղեկավարների պակասի լուրջ խնդիր կար։ Էստոնիայում կային բազմաթիվ գործարաններ, որոնք տնօրեն չունեին, շատ գերատեսչություններ, որոնք ղեկավարի խնդիր ունեին։ Լիդերների պակաս կար։ Էստոնացիների մոտեցմամբ, ղեկավար լինելը դժվար է, եւ իրենք խուսափում էին այդ պատասխանատվությունից։ Մեզանում այդպիսի խնդիր կարծես թե չկա, գուցե սա ազգային հատկանիշ է։ Ցանկացած հայ իրեն լիդեր է զգում։ Միգուցե սա լավ է։ Սակայն այս երեւույթն ինքնին գնահատականի կարիք ունի։

Երկրորդ երեւույթը, որին կուզեի անդրադառնալ, կուսակցական բազմազանությունն է, հատկապես ընտրությունների հետ կապված։ Մենք 100-ից ավելի կուսակցություններ ունենք, սա միայն Հայաստանին բնորոշ չէ, այլՙ անցումային շրջանում գտնվող երկրներին։ Մեկ կուսակցությունից անցում կատարեցինք բազմակուսակցականությանը, բայց ընկալվեց, որ դրանք 100-ից ավելի պետք է լինեն։ Եթե ունենք այսքան կուսակցություններ, պետք չէ զարմանալ նաեւ թեկնածուների քանակից։ Հասկանալի է, որ սա ժամանակավոր երեւույթ է, եւ 10 տարի հետո մենք կունենանք մոտ 4 կուսակցություն։

Սակայն կուսակցական այս բազմազան ներկապնակի մեջ ես կուզեի ընդամենը 5 կուսակցություն նշելՙ երեք ավանդականները եւ երկուսը, որ ղեկավարման փորձ են ունեցելՙ Կոմկուսը եւ ՀՀՇ-ն։ Այս հինգն արմատապես տարբերվում են մյուսներից, ու ինձ հետաքրքրում էին նրանց դիրքորոշումները։

ՀՀՇ-ն «ինքնալուծարքի» դիմեց, ինքն իրեն արտամղեց ակտիվ քաղաքական դաշտիցՙ համագումարում ոչ միայն թեկնածու չառաջադրելով, այլեւ եղածներից ոչ մեկին չպաշտպանելով։ Իշխանությունները փոխվում են, կուսակցությունները պետք է գործեն։ Այս պահվածքն ինձ համար զարմանալի էր։ ՀՌԱԿ-ն ու ՀՅԴ-ն սեփական թեկնածուն չառաջադրեցին եւ պաշտպանեցին գործող նախագահին։ Կոմունիստներն առաջադրեցին իրենց թեկնածուին, բայց երեւի թե որեւէ կուսակցական չի կասկածում, որ նա չի ընտրվելու։ Ստացվում է, որ լուրջ, փորձ ունեցող կուսակցությունները հրաժարվո՞ւմ են ընտրապայքարից, թե՞ սա սթափ, մտածված եւ իրատես քաղաքականություն է։ Երեւի թե երկրորդը։

Երկրորդ շարքի կուսակցությունների համար շատ կարեւոր էր թեկնածու առաջադրել, դրանով իսկ սեփական կուսակցության մասին հայտարարել։ Մի քանի թեկնածուների համար այս ընտրությունները հնարավորություն են ճանաչվելու։ Հասկանալի է, որ նրանք ընտրազանգվածի մոտ 0,5 տոկոսն են հավաքելու։ Առաջադրված թեկնածուներից չորսն ունեն առավել շանսեր։ Լիդեր է Ռոբերտ Քոչարյանը (30 տոկոս), այնուհետեւ Րաֆֆի Հովհաննիսյանն է (մինչեւ 12 տոկոս), Արտաշես Գեղամյանը (մինչեւ 10 տոկոս) եւ նրանցից բավականին հետՙ Վազգեն Մանուկյանը (մոտ 5 տոկոս)։

Հայաստանի խնդիրն է, որ մենք ունենք առանձին կուսակցություններ եւ առանձին լիդերներ։ Այն կուսակցությունները, որոնք երջապես կգտնեն իրենց առաջնորդին, ավելի հզոր կարող են լինել ու ընտրվելու ավելի մեծ շանսեր ունենալ։ Մեր լիդերներն ու լուրջ սոցիալական բազա ունեցող կուսակցություններն իրար չեն համընկնում։ Մենք օրինակներ ունենք։ Կոմունիստական կուսակցությունն ունի վարկանիշ, բայց չունի լիդեր, որը բարձրացնի, այլ ոչ թե իջեցնի կուսակցության վարկանիշը։ Հակառակ պատկերի օրինակները, երբ կուսակցությանն ընդամենը մեկ անձի շուրջ է ձեւավորվում, գիտենք բոլորս։ Արտաշես Գեղամյանին, Պարույր Հայրիկյանին ճանաչում են, բայց կուսակցությունները վարկանիշ չունեն։

¬ Ձեր կարծիքով, ինչո՞ւ 16-ի դաշինքը չառաջադրեց միասնական թեկնածու։

¬ Միասնական թեկնածուն պիտի լինի այնպիսի մարդ, որ առանց մնացած 15 կուսակցությունների ունենա որոշակի վարկանիշ, ճանաչված է։ Ինքըՙ թեկնածուն պետք է վարկանիշ ունենա, որին եւ կգումարվեն մնացած քվեները։

¬ Ստացվում է, որ 16-ի դաշինքի դեպքում չկա՞ր լիդեր, որ իր հետ տաներ մնացած 15 քաղաքական ուժերի ձայները։

¬ Այո, այն լիդերները, որոնք որոշակի վարկանիշ ունեն, հասկանում են, որ 16-ի դաշինքն իրենց միայն կվնասի։

¬ Հասարակության մեջ կա՞ արդյոք հավատ, վստահություն ընտրությունների հանդեպ։

¬ Շատ քիչ, ընդհանրապես կա բնակչությանՙ իշխանությունների հանդեպ ունեցած հավատի խնդիր։ Սա բերում է քաղաքական պասիվության, ինչը լուրջ խնդիր է։ Նույնն էլ ընտրությունների հանդեպ։ Մարդը չի կարծում, թե քաղաքացիական պարտքը կատարելով որոշում է իր ապագան։ Ձեւավորվել է հոգեբանական անվստահության մթնոլորտ։ Սակայն, կարծում եմ, խախտումների պատկերացումներն ավելի ուռճացված են, քան իրական խախտումները։

¬ Ինչպիսի՞ն են հասարակության տրամադրությունները։

¬ Մենք ունենք ընտրողների մոտ 15 տոկոս, որն ընդհանրապես որեւէ ընտրության չեն մասնակցում։ Մոտ 15 տոկոսը մշտապես ակտիվ է եւ մասնակցում է բոլոր ընտրություններին։ Կա միջանկյալ մոտ 60 տոկոս, որին պետք է կողմնորոշելՙ կաշառել, համոզել, մի խոսքովՙ աշխատել նրանց հետ։

¬ Ինչպե՞ս է փոփոխվում այն թեկնածուների էլեկտորատը, որոնք արդեն նախագահության ավանդական թեկնածուներ են դարձել։

¬ Նրանք ունեն իրենց փոքր, բայց մշտական էլեկտորատը, շատ քիչ են նրանց ձայները փոփոխվում։ Վազգեն Մանուկյանի դեպքում իրավիճակն, իհարկե, այլ է։

¬ Ժողովրդավարության հաստատումն ընտրություններից ընտրություններ առաջընթաց ապրե՞լ է։

¬ Դժվար է ասել։ Թուրքմենիայի համեմատ, օրինակ, մեր ընտրություններն ավելի ժողովրդավարական են այժմ։ Թեկնածուների առատությունը նույնպես դրա վկայությունն է։ Սակայն զարգացած երկրների համեմատ մենք միայն առաջին քայլերն ենք անում։ Դիտորդներն անցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ասում էին, որ դրանք արդար եւ թափանցիկ էին, բայց հասարակության մեջ դժգոհություններ կային։

Իսկապե՞ս ավելի ժողովրդավար են դարձել մեր ընտրությունները, թե՞ արդեն հմտացել ենք ընտրական տեխնոլոգիաների մեջ, որ ցանկացած դիտորդի կարող ենք համոզել։ Սա բաց հարց է մնում։

ՄԱՌԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4