«Եթե ընտրապայքարն ընթանա իմ եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւՙ ազատ եւ թափանցիկ ընտրությունների ապահովման եւ ժողովրդիՙ իր քվեին տեր կանգնելու դեպքում, ընտրությունները կավարտվեն մեկ փուլովՙ իմ վստահ հաղթանակով»։ Երեկ նման հայտարարություն արեց փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների համար առաջադրված ՀՀ առաջին արտգործնախարար, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի եւ Քաղաքացիական ազգային նախաձեռնության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանըՙ լրագրողների հետ Մամուլի ազգային ակումբում կայացած հանդիպման ժամանակ։
Այնուհետեւ պրն Հովհաննիսյանը փոքր-ինչ թեականացրեց իր կտրուկ ոճըՙ նշելով, թե ինքը կհավաքեր ձայների գերակշիռ մեծամասնությունը, սակայն խնդիրը համակարգային է։ Խոսքն, ըստ Ր. Հովհաննիսյանի, նրա մասին է, որ քվեների ազատությունն ապահովված չէՙ իրենց ենթականերին այս կամ այն թեկնածուի օգտին քվեարկելու վերաբերյալ տարբեր նախարարների կողմից տրվող հրամաններից ու նման կարգի այլ դեպքերից մինչեւ բուն քվեարկության պահը։
Այնուամենայնիվ, եթե անգամ ընտրությունները կայանան երկու փուլով, Ր. Հովհաննիսյանը վստահ է, որ ինքը կհաղթահարի այդ փուլի սահմանագիծը։
Լրագրողների հարցին, թե կա՞ արդյոք մտավախություն ՀՀ քաղաքացիության հետ կապված խնդիրների պատճառաբանությամբ որպես նախագահի թեկնածուի իրեն չգրանցելու առումով, ՀՀ նախկին արտգործնախարարը պատասխանեց. «Ես ինձ Հայաստանի քաղաքացի եմ համարում այս հանրապետության ստեղծման առաջին իսկ օրվանից։ Եվ կարծում եմ, դատարանն էլ այդպես կհամարի։ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմում ներկայացրել եմ 1991-ի սեպտեմբերի 23-ին, եւ օրենքի կոպիտ խախտումներով ինձ զրկել են այդ հնարավորությունից»։ Պրն Հովհաննիսյանը վստահեցրեց, որ եթե անհրաժեշտություն ծագի, համապատասխան մարմինները կուսումնասիրեն քաղաքացիության տրման այդ ոդիսականը, օրենսդրությունը եւ արդար վճիռ կկայացնեն։
Այնպես որ, կարելի է ենթադրել, որ իր թեկնածությունը չգրանցելու դեպքում Րաֆֆի Հովհաննիսյանը կդիմի դատարան։
Իսկ ընտրություններին մասնակցելու դեպքում հնարավո՞ր է համագործակցություն որեւէ քաղաքական ուժի, դաշինքի հետ։ Լրագրողների հարցին ի պատասխան «նախկին սփյուռքահայն», ինչպես Ր. Հովհաննիսյանն ինքն իրեն անվանեց, ասաց, թե տարբեր ուժերի հետ դեռ շարունակվում են խորհրդակցությունները։ Նա շեշտեց, թե առավել պարբերական են Հանրապետության եւ ՀԺԿ-ի հետ հանդիպումները։ «Եվ բացառված չէ, որ նրանց մասնակցությամբ, ուղեկցությամբ ստեղծվի կոնսոլիդացիա»։
Նախագահական այս ընտրություններին չհաջողելու դեպքում իր հետագա անելիքների մասին խոսելիս Ր. Հովհաննիսյանը հավաստեց, թե ինքը մասնակցելու է երկրի քաղաքական բոլոր գործընթացներին, այդ թվում նաեւՙ խորհրդարանական մայիսյան ընտրություններին։
Հիմա այն անելիքների մասին, որոնց ձգտումով Ր. Հովհաննիսյանը մտել է ընտրապայքար։ Նրա ընտրական պլատֆորմը, որ պրն Հովհաննիսյանը երեկ ներկայացրեց ծայրեծայր, ամփոփում է, բնականաբար, ազատություն, պետական շահի գերակայություն անձնակազմի հանդեպ, երկրի եւ տարածաշրջանային խաղաղություն եւ այլ ազգանվեր ու հումանիստական հասկացություններ։
Առավել առարկայական մակարդակումՙ նախագահի թեկնածուն անդրադարձավ հայ-թուրքական հարաբերությունների խնդրին։ Նա նշեց, որ, թերեւս, որոշ խմբագրումներով, ե՛ւ Լեւոն Տեր¬Պետրոսյանի, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի վարած քաղաքականությունը Թուրքիայի հանդեպ ճշգրիտ է համարում։ Հայաստան¬Թուրքիա հարաբերություններիՙ առանց նախապայմանների խթանումն, ըստ Ր. Հովհաննիսյանի, կստեղծի նպաստավոր դաշտ եղած խնդիրները լուծելու առումով։
«Անհնար է ստեղծել անվտանգության ընդհանուր համակարգ, ինչի մասին այսօր խոսվում է, առանց Հայաստան¬Թուրքիա հարաբերությունների կանոնակարգման»։ Կարեւորելով ԼՂ խնդրի արագ լուծումըՙ պրն Հովհաննիսյանը նշեց, թե ի վերջո դա էլ կապված է հայ¬թուրքական հարաբերությունների համատեքստի հետ։ «Իմ համոզմամբ, հնարավոր չէ եղած գոյավիճակն, առհասարակ, փոփոխել առանց Հայաստան¬Թուրքիա հարաբերությունների կանոնավորման»։
Իսկ կլուծի այս եւ մեր պետական ու ազգային մյուս խնդիրները Հովհաննիսյանը, թե այլ նախագահ, կարեւոր չէ, քանիցս իր տեսակետները հայտնելիս շեշտեց Ր. Հովհաննիսյանը։ Նա, խուսափելով անուններից, խոստովանեց նաեւ, թե միայն ինքը չի այլընտրանք առաջարկում այսօր մեր ժողովրդին, եւ որ այսօր առնվազն երեք արժանավոր թեկնածու կա նախագահական ընտրությունների համար առաջադրվածների շարքում։
ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ