«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#223, 2002-12-05 | #224, 2002-12-06 | #225, 2002-12-07


ԴԱՎ-Ը ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԱՐԱԳՈՐԵՆ Է ՏԱՐԱԾՎՈՒՄ

2002 թ. դեկտեմբերի դրությամբ աշխարհում արդեն ապրում ԴԱՎ-ի (սպիդ) 42 մլն վարակակիր, որոնց գերակշիռ մասըՙ 29,4 միլիոնը, բնակվում է Աֆրիկայումՙ Սահարայից հարավ, իսկ Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, որի մեջ մտնում են նաեւ Հայաստանն ու նախկին խորհրդային հանրապետությունները, վարակակիրների թիվը հասել է 1,2 միլիոնի...

ԴԱՎ-ի (դիմադրողականության անկման վարակ) լրջագույն խնդիրը գիտակցում եւ կարեւորում են բոլորը, այդուհանդերձ մեր հասարակության մի ստվար զանգված համոզված է, որ համաճարակը Հայաստանի կողքով հպանցիկ է անցնում, առավել եւս չի կարող առնչվել հենց իրեն, մինչդեռ հիվանդանալու վտանգից ապահովագրված չէ ոչ ոք։ Մեր տարածաշրջանում (բնականաբար, նաեւ Հայաստանում) ԴԱՎ-ի զարգացման տեմպերն ամենաբարձրն են աշխարհում։ Միայն 2002 թ. ընթացքում աշխարհում մոտ 5 մլն մարդ է վարակվել, որոնցից 250 հազարըՙ մեր տարածաշրջանում, ինչն ավելի քան 8 անգամ շատ է Արեւմտյան Եվրոպայում եւ 6 անգամ Հյուսիսային Ամերիկայում գրանցված նոր դեպքերից։

1988 թ. Հայաստանում գրանցվել է առաջին վարակակիրը, որը հետերոսեքսուալ ճանապարհով է վարակվել, նույն 1988-ին գրանցվել է արդեն առաջին հիվանդը։ 1990-ին ԴԱՎ է հայտնաբերվել ներարկային ճանապարհով թմրանյութեր օգտագործողի մոտ, 1996-ինՙ առաջին անգամ գրանցվել է վարակակիր կին, 2000 թվականինՙ առաջին երեխան...

1988-ից մինչեւ 2000 թ. դեկտեմբերի 1-ը մեր հանրապետությունում գրանցվել են 217 վարակակիրներ, որոնցից 207-ը ՀՀ քաղաքացիներ են։ Հատկանշական է, որ 2002 թ. 11 ամսվա ընթացքում արձանագրվել է վարակի 39 դեպք, որն ամենաբարձրն է նախորդ բոլոր տարիների համեմատ։ Վերջին 4 տարվա ընթացքում գրանցված մահվան դեպքերն ավելի շատ են եղել, քան նախորդ բոլոր տարիներին։

Վարակակիրների առավելագույն թիվն արձանագրվել է մայրաքաղաք Երեւանումՙ 101 դեպք (վարակակիրների մոտ 49 տոկոսը)։ Գրանցված դեպքերի թվով երկրորդ տեղում են Արարատի եւ Լոռու մարզերըՙ 8,2 տոկոս։

Սակայն այս վիճակագրությունն իրականում չի արտացոլում համաճարակի տարածվածության ճիշտ պատկերը։ Հաշվարկային տվյալները փաստում են, որ նրանց թիվը մոտ 2200¬2400 է։

Բերված թվերն առավել քան անհանգստացնող են, մանավանդ եթե հաշվի առնենք մեր տարածաշրջանում զարգացման ահռելի տեմպերը։ Միգրացիոն հոսքերը համաճարակի տարածման վրա լուրջ ազդեցություն ունեն։ Ամենավտանգավորն, այս առումով, թերեւս Ռուսաստանն է, որտեղ համաճարակի տարածման թվերը, մեղմ ասած, անմխիթարական են։

Հիվանդությունը բուժելու ճանապարհներն առայժմ մարդկության համար չեն ուրվագծվում։ Առաջարկվող ցանկացած «դեղամիջոց» ուղղված է վարակակրի կյանքի բարելավմանը, վիրուսի տարածման կանխմանը։ Համաճարակի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցն այսօր դրա կանխարգելումն է։ Այս առումով դժվար է գերագնահատել հասարակության իրազեկության բարձրացման անհրաժեշտությունը եւ այս առումով լրատվամիջոցների ունեցած դերը։ Առ այսօր միակ ուժը, որ օգնում է ստեղծել ավելի հզոր միջոցներ, կանխարգելիչ քարոզչությունն ու անաչառ լուսաբանումն են։ Սակայն, ինչպես ասում են, պետք է հեռու մնալ ունքը բուժելու փոխարեն աչքն էլ հանելու մոտեցումից։ Ու քանի որ հարցն առնչվում է մարդու անձնական, ինտիմ կյանքին, պետք է հեռու մնալ սենսացիոն մոտեցումներից, խուսափել խարանող եւ խտրականություն ներշնչող վերաբերմունքից։

Վերը նշված բոլոր փաստերն ու իրողությունները երեկ քննարկման առարկա դարձան «Վորլդ վիժն Հայաստան» կազմակերպության գրասենյակում կազմակերպված սեմինարի ընթացքում։

ՄԱՌԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4