ՕՏՏԱՎԱ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Կանադայի համայնքների պալատի արտաքին հարաբերությունների եւ միջազգային առեւտրի կոմիտեն 5։6 հարաբերակցությամբ մերժել է 1915 թ-ի Հայոց եղեռնի դատապարտման բանաձեւը։ Բանաձեւը դեկտեմբերի 4-ին առաջ էր քաշել կոմիտեի անդամ Սվենդ Ռոբինսոնը (Ազգային ժողովրդավարական կուսակցություն), մինչդեռ, ինչպես տեղեկացնում է խորհրդարանի հայազգի պատգամավոր Սարգիս Ասատուրյանի գրասենյակը, բանաձեւի մերժումը նշանակում է, որ այն չի ներկայացվի քննարկման համայնքների պալատ։
Բանաձեւի տեքստը կազմվել է Սարգիս Ասատուրյանի կողմից նոյեմբերի 27-ին եւ մասնավորապես սահմանում էր. «Կոմիտեն կոչ է անում համայնքների պալատին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որ տեղի ունեցավ նախորդ դարասկզբին Օսմանյան թուրքերի կողմից 1-ին աշխարհամարտի ընթացքում»։
«Ցավալի է, որ կոմիտեն մերժեց քննարկումը հետաձգելու նախապես ներկայացված իմ դիմումը», հայտարարել է Ասատուրյանը։ Հայազգի պատգամավորը դիմել է կոմիտեի անդամներին քվեարկության արդյունքները չեղյալ հայտարարելու հայցով։