«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#225, 2002-12-07 | #226, 2002-12-10 | #227, 2002-12-11


«ԱՅՍՕՐ ՄԵՆՔ ԿԱՌՈՒՑՈՒՄ ԵՆՔ ՆՈՐ ԱՐԺԵՔԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ԵՐԿԻՐ»

Դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների միջազգային օրն է, եւ այդ առիթով նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպման էր հրավիրել շուրջ երկու տասնյակ իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների։

Հանրապետության նախագահը տեղեկացրել է, որ վավերացրել է դեկտեմբերի 10-ը Հայաստանում մարդու իրավունքների միջազգային օր հռչակելու կառավարության որոշումը։

Ռոբերտ Քոչարյանը նաեւ ասել է, որ իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ նպատակ ունի քննարկել մարդու իրավունքների, ժողովրդավարության ամրապնդման եւ խոսքի ազատության հարցերը Հայաստանում։

«Այսօր մենք, ըստ էության, կառուցում ենք նոր արժեքային համակարգի վրա հիմնված երկիր,¬ շեշտել է երկրի ղեկավարը եւ ավելացրել,¬ շատ հաճախ ենք օգտագործում ժողովրդավարություն, իրավական պետություն, մարդու իրավունքներ բառակապակցությունները, սակայն միշտ չէ, որ այդ ամենն իրենց բովանդակային առումով եւ ամբողջական խորությամբ տանում ենք։ Եվ դա բնական է, որովհետեւ բավական երկար ժամանակ եղել ենք բոլորովին այլ գաղափարախոսություն ունեցող երկրի քաղաքացիներ, բազմաթիվ սերունդներ դաստիարակվել են այլ արժեքային համակարգում, եւ այսօր անհրաժեշտ են ժամանակ, ակտիվ աշխատանք, ակտիվ բարեփոխումներ այդ ամենը փոխելու համար»։

Շեշտելով, որ բոլոր թերություններով հանդերձ, այնուամենայնիվ, ժողովրդավարության ամրապնդման գործում, խոսքի ազատության, մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում ակնհայտ ձեռքբերումներ կան, Ռոբերտ Քոչարյանը միեւնույն ժամանակ ասել է. «Ակնհայտ է նաեւ, որ այդ ձեռքբերումները դեռեւս բավարար չեն լիարժեք քաղաքացիական հասարակություն ձեւավորելու համար»։ Նշելով, որ կայացած ժողովրդավարական երկրների փորձը ցույց է տալիս, որ այդ առումով մեծ են ոչ պետական, ոչ կառավարական կազմակերպությունների անելիքները, հանրապետության նախագահն ընդգծել է. «Առանց նման կառույցների ակտիվ մասնակցության, հնարավոր չէ հասնել այն նպատակներին, որ մենք մեր առջեւ դնում ենք։ Մենք տարբեր ուղղություններից նույն աշխատանքն ենք անում եւ միայն համատեղ ջանքերով կարող ենք հաջողության հասել»։ Երկրի ղեկավարը գլխավոր նպատակ է համարել անշրջելի դարձնել ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումները։

Այնուհետեւ շահագրգիռ խոսակցություն է ծավալվել մարդու իրավունքներին առնչվող խնդիրների վերաբերյալ։ Հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց տեսակետն ու նկատառումները։ Ըստ Ռոբերտ Քոչարյանի, եթե յուրաքանչյուր քաղաքացի պատրաստ լինի պայքարել իր իրավունքների համար, երկրում շատ բան կփոխվի։

Իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ցանկություն են հայտնել, որ նման շփումները դառնան ավելի հաճախակի։

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4