ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Դեկտեմբերի 10-ին լրացավ ԼՂՀ անկախության հանրաքվեի 11-րդ տարեդարձը։ 1991 թ. հանրաքվեին մասնակցեց ցուցակներում ընդգրկված ընտրողների 82,2%-ը, որոնց 99,9%-ը կողմ արտահայտվեց Լեռնային Ղարաբաղի անկախությանը։
ԼՂՀ արտգործնախարար Աշոտ Ղուլյանի համոզմամբ, այսօրվա դրությամբ հանրաքվեի անցկացման դեպքում անկախության կողմնակիցները առավել շատ տոկոս կարող էին կազմել։
ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաբեկյանի կարծիքով, անկախ պետականության կերտման ճանապարհին հանրաքվեն Արցախի ամենամեծ եւ հավասարը չունեցող ձեռքբերումն է։ Պատգամավորի խոսքերով, անցած 11 տարիներին հանրաքվեն «հանդիսացել է հանրապետության վահանը, որով ներկայացել ենք միջազգային հանրությանը եւ պաշտպանվել շատ հարվածներից»։
Խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Հայրապետյանի գնահատմամբ, անկախության 11 տարիների ընթացքում արցախյան ժողովրդին հաջողվեց ոչ միայն հաղթահարել պատերազմի հետեւանքները, այլեւ կերտել պետականության բոլոր ատրիբուտներ ունեցող պետություն։
ԼՂՀ խորհրդարանի ՀՅԴ խմբակցության անդամ Մաքսիմ Միրզոյանի տեսանկյունից, հանրաքվեի անցկացումով արցախահայությունը գործել է միջազգային իրավունքի սկզբունքների շրջանակներում, որոնց վրա հիմնված է մասնավորապես ԵԱՀԿ գործունեությունը։