«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#225, 2002-12-07 | #226, 2002-12-10 | #227, 2002-12-11


«ՀԱՎԱՔՎԵԼ Է 5 ՄԼՆ ԴՈԼԱՐ, ՈՐՈՎ ԿԿԱՌՈՒՑՎԻ 30-35 ԿՄ ՃԱՆԱՊԱՐՀ»

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարության համար անցկացված մարաթոնի ընթացքում հանգանակված գումարը երեկվա դրությամբ կազմել է 5 մլն 126 հազար դոլար։ Այս մասին հայտարարելովՙ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Վահան Տեր¬Ղեւոնդյանը նշեց, որ նշված գումարը ե՛ւ աճելու է, ե՛ւ պակասելու։ Աճելու է, որովհետեւ դեռեւս լինելու են նվիրատվություններ, նվազելու է, որովհետեւ գումարային խոստումների մոտ 5 տոկոսը սովորաբար չի կատարվում, եւ ընդհանուր գումարից պետք է հանվեն մարաթոնի կազմակերպման ծախսերը։ Այդուհանդերձ, հիմնադրամի տնօրենը հույս հայտնեց, որ 5 մլն դոլարը գոնե կպահպանվի, ինչի շնորհիվ կկառուցվի մոտ 30¬35 կմ ճանապարհ։

Հիշեցնենք, որ Արցախի հյուսիսն ու հարավը կապող մոտ 170 կմ ճանապարհից 40-ն արդեն կառուցվել է։ Եթե վերոնշյալ 5 մլն դոլարով կառուցվի 30¬35 կմ-ը, ապա մնացած 95¬100 կմ-ի համար անհրաժեշտ կլինի եւս մոտ 13 մլն դոլար։ Վահան Տեր¬Ղեւոնդյանի գնահատմամբ, մարաթոնի արդյունքները ցույց տվեցին, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի այս տարվա որոշումըՙ երեք տարում ավարտել ճանապարհի շինարարությունը, իրատեսական է։ Նրա կարծիքով, մնացած 13 մլն դոլարի հանգանակման համար անհրաժեշտ կլինի դարձյալ 2 մարաթոն։ Սակայն վերապահությամբ ենք մոտենում հիմնադրամի տնօրենի այս լավատեսությանը, քանի որ արդեն անցկացրած երկու մարաթոններից յուրաքանչյուրում հավաքվել է մոտ 5-ական մլն դոլարի գումար։ Ուստի տրամաբանությունը հուշում է, որ անհրաժեշտ կլինի առնվազն 3 մարաթոն, այն էլ, եթե ընդլայնվի մարաթոնների աշխարհագրությունը։

Նվիրատվությունների ցուցանիշները

Մարաթոնն ընդհանուր առմամբ, Վահան Տեր¬Ղեւոնդյանի գնահատմամբ, հաջող էր։ Դրան նպաստել են մի շարք գործոններ։ Առաջինը Հայաստանի եւ Արցախի գործարարների մասնակցությունն էր։ Արցախի հետ կապված հիմնադրամի միջոցառումներին Հայաստանի գործարար շրջանակները մինչ այժմ նման ձեւով չէին մասնակցել։ Այս անգամ Հայաստանի 53 կազմակերպություններ հանգանակել էին ընդհանուր առմամբ 200 հազար դոլար գումար։ Արցախի 126 կազմակերպություններից ստացվել է 53 հազար դոլար։

Կարեւոր նշանակություն է ունեցել ԼՂՀ նախագահի մասնակցությունը բոլոր միջոցառումներին։ Հիմնադրամի գործադիր տնօրենն առանձնահատուկ ընդգծեց, որ սփյուռքում Արցախին օգնելու հարցում որեւէ տարակարծություն չկա։

Դրական արդյունք է ունեցել նաեւ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում ընդգրկված կազմակերպություններին որպես կառույց նվիրատվություն կատարելու կոչը։ Այսպեսՙ Հայ առաքելական եկեղեցու Մայր աթոռը մարաթոնին մասնակցել է 300 հազար դոլարով, Հայ հեղափոխական դաշնակցությունըՙ 100 հազար դոլարով։ Իր մասնակցության մասին հայտնել է նաեւ Կիլիկիո կաթողիկոսությունը, բայց գումարի չափը դեռեւս հայտնի չէ։

Մարաթոնի մասնակիցների ընդհանուր թիվն աճել է 20¬30 տոկոսով։ Եվրոպայում, մասնավորապես Ֆրանսիայում, մասնակիցների թիվը եւ նվիրաբերված գումարն ավելացել են մոտ 30 տոկոսով, ԱՄՆ Արեւմտյան ափում մասնակիցների թիվն ավելացել է 15¬20 տոկոսով։ ԱՄՆ Արեւելյան ափում հավաքված գումարի ավելի լինելը բացատրվեց նրանով, որ եղել են խոշոր նվիրատուներ։

Խոշոր նվիրատուներ

Մարաթոնի երեք մասնակիցներն ապահովել են հավաքված ընդհանուր գումարի 40¬50 տոկոսը։ Դրանք են Լուիզ-Սիմոն Մանուկյանըՙ 1 մլն դոլար, Հրայր Հովնանյանըՙ 600 հազար դոլար եւ 400 հազար դոլար էլ Ստեփանակերտի պոլիկլինիկայի շինարարության համար, Ալբեր Բոյաջյանըՙ 500 հազար դոլար։

Վահան Տեր¬Ղեւոնդյանը հատուկ շեշտեց այս անձանց անունները, անվանելով նրանց պետական բարձր գիտակցություն ունեցող մարդիկ, որոնք անցած տարիների ընթացքում մշտապես աջակցել են Հայաստանի կարիքներին։

Աշխարհագրության ընդլայնման ծրագրեր

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը տեղեկացրեց, որ այս մարաթոնին մասնակցել են նաեւ այլ երկրների մեր հայրենակիցներ։ Սակայն հնարավորություններն ավելի մեծ են, մասնավորապես Ռուսաստանում։ Այստեղ ապագայում առանձին նուիրահավաք կանցկացվի։ Ակնկալվում է Ռուսաստանի հայերի միության աջակցությունը։ Հիմնադրամը մտադրություն ունի իր ծրագրերն ընդլայնել նաեւ Մերձավոր Արեւելքում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4