Թերեւս դրա հիմքում Էրդողանի դիրքորոշման կոշտացումն է
«Ազգը» նախորդ համարում, անդրադառնալով Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանիՙ եվրոպական մայրաքաղաքներ կատարած այցելություններին, հույս էր հայտնել, որ նա չի սխալվի։ Խոսքը Եվրամիությանն անդամակցության հարցում ի նպաստ Թուրքիայի նրա ծավալած գործունեության բերումով լոբբիստական այլ բնույթի առաքելություններ հանձն առնելու հավանականության մասին է։ Հիշեցման կարգով նշենք, որ անդամակցության այդ նույն հարցով, բացի Ավստրիայից, եվրոպական 14 երկրներում եղել էր նաեւ Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում հաղթանակած «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Այցելությունների ընթացքում ե՛ւ պատրիարքը, ե՛ւ Էրդողանը բազմաթիվ հանդիպումներ ունեցան։ Դրանք բնույթով, ինչ խոսք, տարբերվում էին, պարզապես նպատակն էր նույնը։ Հարկ է, սակայն, նշել, որ պատրիարք սրբազանի այցելությունների պարագայում եթե կարեւորը եվրոպական գործիչներիՙ նրանից ստացած տպավորությունն էր, ապա Էրդողանի դեպքում կարեւոր նշանակություն ձեռք բերեց եվրոպական երկրների ղեկավարների հետ բանակցությունների արդյունքը։
Արդյունքների առումով Էրդողանը բավարարված չէ, որովհետեւ նրա նպատակը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունների համար վերջնաժամկետի նշանակման հարցի լուծումն է, ընդ որումՙ դեկտեմբերի 12¬13-ը Կոպենհագենում կայանալիք Եվրոպական խորհրդի համաժողովում։ Մինչդեռ եվրոպացիները փորձում են հետաձգել այդ նշանակումըՙ առաջադրելով դրա համար Կիպրոսի վերաբերյալ ՄԱԿ-ի նոր բանաձեւի ընդունումն ու ԵՄ-ի հետ ներդաշնակության օրենքների կատարելագործումը։
Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ Կոպենհագենում Թուրքիայի համար վերջնաժամկետ չի նշանակվի։ Լավագույն դեպքում նրան վերջնաժամկետի նշանակման ժամկետ կտան։ Ըստ երեւույթին այս հանգամանքը հավասարակշռությունից հանել է թուրքերին, որ իշխանության շրջանակներում կատարելագործման համար Մեջլիսի օրակարգում դրված ԵՄ-ի հետ ներդաշնակության օրենքները չեղյալ համարելու հայտարարություններ են անում։ Այդ ընթացքում Էրդողանը սպառնալից ոճով նախազգուշացնում է ԵՄ-ին երկակի ստանդարտներ չկիրառել։
Նախազգուշացումն արվեց Կոպենհագենում, դեկտեմբերի 9-ին Դանիայի վարչապետ Անդերս Ռասմուսենի հետ հանդիպման ավարտին կազմակերպված մամուլի ասուլիսում։ Ավելին, ինչպես տեղեկացնում է «Զաման» թերթը դեկտեմբերի 10-ի համարում, Էրդողանն ասել է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար վերջնաժամկետ չնշանակելը հենց երկակի ստանդարտի կիրառում է լինելու, ինչն աշխարհի խաղաղության առումով չի կարող լավ հետեւանքներ ունենալ։
Նա այնուհետեւ ավելացրել է. «Թուրք բնակչության 80 տոկոսը, թուրքական իշխանություններն ու ընդդիմադիր կուսակցությունները ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը հոգեպես նախապատրաստված են։ Եթե հիասթափություն ապրենք, մեզ թող ներեն։ Ստիպված դիմակայելու եք դրա հետեւանքներին»։ Ի պատասխան Ռասմուսենի «Կիպրոսի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձեւի նկատմամբ ձեր դիրքորոշումն ինչպիսի՞ն է» հարցին նա ասել է. «Մինչեւ ԵՄ-ին անդամակցության բանակցությունների հարցը չլուծվի, դուք պատասխան չեք ստանա»։
Այլ կերպՙ Էրդողանը, որ մինչ այդ եվրոպական երկրներին դրական ազդանշաններ էր հաղորդում, այդ թվումՙ Կիպրոսի բանաձեւի առնչությամբ, Կոպենհագեն կատարած վերջին այցի ընթացքում սկսել է սպառնալ։ Դեկտեմբերի 10-ին նա ուղեւորվել է Վաշինգտոն, որտեղ նրան կընդունեն նախագահ Բուշը, փոխնախագահ Դիք Չեյնին, ապա հանդիպումներ կունենա Պենտագոնում։ Թուրքական պետհեռուստատեսության տվյալներով, Էրդողանը Վաշինգտոնից կմեկնի Նյու Յորքՙ հանդիպելու ՄԱԿ¬ի գլխավոր քարտուղար Կոֆի Անանին։
Էրդողանի վերոնշյալ հանդիպումները չափազանց կարեւոր են։ Սակայն ավելի քան կարեւորը Կոպենհագենում կայանալիք Եվրոպական խորհրդի համաժողովն է, որի աշխատանքներին հետեւելու համար նա Նյու Յորքից վերադառնալու է Կոպենհագեն։ Կասկածից վեր է, որ ԵՄ-ի հետ բանակցությունների հարցում Էրդողանը կստանա պաշտոնական Վաշինգտոնի աջակցությունը։ Հարցը, սակայն, դա չէ, այլ համաժողովի բացասական դիրքորոշման հավանականությունը։ Եթե Թուրքիան այնտեղ փաստի առջեւ կանգնի, ապա փաստի առջեւ են կանգնելու նրա օգտին լոբբիստական գործունեություն ծավալողները։ Պոլսո հայոց պատրիարքը վերջիններիս թվում է։ Ինչ վերաբերում է «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության առաջնորդին, ապա նրա դիրքորոշման հետագա կոշտացումից է կախված թուրքական իշխանությունների դիրքորոշումը ԵՄ-ի նկատմամբ։
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ