«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#225, 2002-12-07 | #226, 2002-12-10 | #227, 2002-12-11


ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԸ ԴԵՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆԸ

Թուրքերն սպառնում են մերժման դեպքում «փոխել ուղղությունը»

Ֆրանսիայի հանրային կարծիքի հետազոտման ինստիտուտի վերջին հարցման տվյալները վկայում են, որ ֆրանսիացիների 56 տոկոսը դեմ է Թուրքիայի Եվրամիություն ընդունվելուն (կողմ է 35 տոկոսը)։ Երեկ «Ֆիգարո» թերթում հրապարակված արդյունքները ցույց են տալիս, որ ֆրանսիացիները չեն ուզում Եվրոպայում տեսնել 65 միլիոն թուրքերի, որոնց թիվը 20 տարի հետո կհասնի 100 միլիոնի։

Թեեւ 56 տոկոսը ջախջախիչ մեծամասնություն չէ, բայց վկայում է, որ ֆրանսիացիներից շատերը հոռետեսորեն են նայում ԵՄ ընդլայնմանը։ Ճիշտ է, նույնը չի կարելի ասել 2004 թ. ԵՄ կազմում 10 նոր անդամներ ընդգրկելու մասին։ Տվյալ դեպքում 18-24 տարեկան երիտասարդների 71 տոկոսը կողմ է 25 անդամանոց Եվրամիությանը։ Հողագործների, բանվորների եւ ծառայողների, ինչպես նաեւ բարձրակարգ մասնագետների մեջ 25 անդամանոց Եվրոպայի կողմնակիցները 60 տոկոսից ավելի են։

Ըստ «Ֆիգարոյի», Թուրքիայի անդամակցության հարցում ֆրանսիացիների կասկածամտությունը կապված չէ Եվրոպայի քրիստոնեական ինքնության պաշտպանության հետ։ Ֆրանսիացի ձախերը, աջերը եւ ծայրահեղ աջերը կրոնական փաստարկը դնում են լոկ 3-րդ տեղում։ Իրական վտանգը ներգաղթյալների զանգվածային ներհոսի հեռանկարն է։

Կոպենհագենում դեկտեմբերի 12-ին բացվում է Եվրամիության գագաթաժողովը։ Թուրքերն ակնկալում են, որ այնտեղ իրենց երկրի անդամակցության բանակցությունների կոնկրետ ժամկետներ կնշվեն։ Արեւմուտքցի դիվանագետներից մեկը «Լիբերասիոն» թերթի թղթակցին խոստովանել է, որ ԱՄՆ-ը «ձգտում է Կոպենհագենի հանդիպումից հետո անպայման բավարարված տեսնել թուրքերին, բայց չի կարող ուժգին ճնշումներ բանեցնել Եվրամիության երկրների վրա»։

Նոյեմբերին Թուրքիայի ընտրություններում հաղթանակի հասած իսլամիստական «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության (ԱԲԿ) առաջնորդ Էրդողանը երկուշաբթի օրն իր ելույթում դժգոհել է, թե Թուրքիան ԵՄ «երկակի չափանիշների» զոհն է, քանի որ 2004 թ. Եվրամիությունն ընդունելու է 10 նոր անդամների, մինչդեռ Թուրքիան անդամակցության համար նույնիսկ բանակցությունների ժամկետներ չի նշել։ Էրդողանն սպառնացել է, որ Կոպենհագենում ժամկետ չնշվելու դեպքում Թուրքիան Եվրամիությունը կհամարի քրիստոնեական երկրների ակումբ։ Իսկ նրա խորհրդական Ջունեյդ Զափսուն ընդգծել է. «Մենք կարող ենք պարզապես փոխել ուղղությունը։ Ուրիշ ելք չունենք»։

Հենց դրանից է վախենում ԱՄՆ-ը, որն ուզում է կայունության բներ եւ մահմեդական դաշնակից ունենալ Բալկանների եւ Մերձավոր Արեւելքի միջեւ։ Բացի դրանից, ամերիկացիներն ուզում են հակաիրաքյան պատերազմի դեպքում օգտվել թուրքական ռազմակայաններից։ Կոպենհագենում մերժում ստանալը կարող է աշխուժացնել ԱԲԿ առավել արմատական թեւի գործունեությունը, որը ձգտում է մերձենալ առաջին հերթին մահմեդական պետություններին։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4